Կրեմլը Ռուբեն Վարդանյանին բերելով փորձում է Հայաստանը կառավարել Ղարաբաղի միջոցով

Կրեմլը Ռուբեն Վարդանյանին բերելով փորձում է Հայաստանը կառավարել Ղարաբաղի միջոցով

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, RTVI-ի լրագրողի հարցին, թե Հայաստանը հնարավորություն ունե՞ր Արցախը վերամիավորել դե յուրե, եթե այո, ինչու դա չարեց, պատասխանել է. «Բարդ հարց է, քանի որ արցախցիները, Արցախում ապրող հայերը բավական ինքնուրույն էին շատ հարցերում, այդ թվում ինքնապաշտպանության, տնտեսության և այլն»: Իսկ երբ լրագրողը հարցնում է՝ «Այսինքն, եթե այն ժամանակ հանրաքվե անցկացնեին...», Վարդանյանն արձագանքում է. «Դա արդեն անցյալում է, եկեք անցյալից չխոսենք, այն ժամանակ դուալիզմ կար, արմատական խնդիր՝ ազգի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության, սեփական պետության ստեղծման... հենց այնպես միանալ և դառնալ Հայաստանի գավառներից մեկը, հնարավոր չէ: Արցախցիները երբևէ չէին համաձայնի դառնալ պարզապես Հայաստանի մասը, ինչ որ ռեգիոններից մեկը, այդպես հնարավոր չէր»: Ըստ էության, Ռուբեն Վարդանյանը հայտարարում է, որ Արցախը Հայաստանին միավորվելու խնդիր չի ունեցել եւ չի դրել, մինչդեռ բոլորն են հիշում, որ Ղարաբաղյան շարժումն սկսվել է «միացում» կարգախոսով: Այս առնչությամբ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ռուբեն Վարդանյանն ուղարկված է Ռուսաստանի կողմից. «Ստից անձնագրից հրաժարվեց, երկրորդ, եթե անգամ հրաժարվեց, դա ոչինչ չի փոխում, ինքը Կրեմլի ներկայացուցիչն է, պիտի անի այն, ինչ պետք է անի։ Ռուսաստանը ունի մեկ նպատակ, որ հանկարծ չթողնի Հայաստանն անկախ պետություն մնա: Պարզ է չէ՞, որ հանրապետությունը կազդուրվեց, այդ հարցը հետ է գալու։ Իսկ Ռուբեն Վարդանյանը Կրեմլի դիրքորոշումն է հայտնում: Նա Ղարաբաղի տեղը գիտե՞ր, չէր զբաղվո՞ւմ Ավրորայի անհեթեթությամբ։ Մեկը կարո՞ղ է բացատրել՝ այդ Ավրորան ինչ է։ Կրեմլի պահանջն է՝ անընդհատ անհանգիստ վիճակում պահել Հայաստանն ու հայությանը, հոգեբանական գրոհ է դա: Կրեմլը Զորի Բալայանով և Ղարաբաղյան կլանով, հիմա էլ Ռուբեն Վարդանյանին բերելով փորձում է Հայաստանը կառավարել Ղարաբաղի միջոցով։ Ռուսաստանը կործանվելու է, իրենք էլ հետը, բոլոր ռուսական ԿԳԲ գործակալներն էլ հետը»,-հայտարարեց Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով, Պուտինը ունի մեկ խնդիր՝ Հայաստանն ու հայ ժողովրդին հանգիստ չթողնել, բայց ինքը այն ուժը չէ, որ կարողանա ինչ-որ բան որոշել և փոխել. «1990 թվականից սկսած հայ ժողովուրդը կառավարվել է ղարաբաղյան կլանի կողմից, Ռուբեն Վարդանյանը հերթական Զորի Բալայանն է։ Ռուսաստանը հայության հետ ունի գործելաձև, ըստ որի ժամանակի ընթացքում իր գործակալներին ոչնչացնում է, դրա օրինակներն են Խանջյանը, Մյասնիկյանը և այլք։ Մյուսներին էլ է նույն ճակատագիրը սպասվում, սակայն մենք այսօր տեսնում ենք, որ Ռուսաստանն ինքն է ոչնչանում»,-ասաց Շիրինյանը: Անդրադառնալով Արցախում կադրային փոփոխություններին նա կարծիք հայտնեց, որ լավ կլինի՝ Դավիթ Բաբայանը այլևս ԱԳ նախարար չլինի. «Կամ չեկիստ են, կամ ազդեցության գործակալներ: Հիմա Արցախում ֆունկցիաների բաժանում է։ Դերերի բաշխում է»,-ասաց նա: Հարցին, թե հնարավո՞ր է համագործակցություն Հայաստանի կառավարության և Ռուբեն Վարդանյանի միջև, Շիրինյանը պատասխանեց. ««Այնքանով, որքանով այդ ուղությամբ Ռուբեն Վարդանյանը կաշխատի։ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի պետականության դեմ դրված հերթական ռումբն է, ավելի ճիշտ փուչիկը։ Իրադրությունը հիմա այնքան հեղհեղուկ է տարածաշրջանում և հատկապես Արցախի շուրջը, չենք կարող որևէ բան կանխատեսել: Գուցե բերել են, որ այնտեղ հեղինակություն ձեռք բերի, հետո Հայաստանում վարչապետի ընտրվի, բայց տեսնում են, որ Հայաստանի ժողովուրդը նրա վրա թքած ունի։ Ռուսաստանի պարտությունը մեր երաշխիքն է, որ ամեն բան լավ կլինի։ Այլևս երբեք Ստեփանակերտից ՀՀ քաղաքականությունը չի թույլատրվելու»: