Մակրոն-Բայդեն բանակցությանն ընդառաջ. Կովկասի սպասումը

Մակրոն-Բայդեն բանակցությանն ընդառաջ. Կովկասի սպասումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է ԱՄՆ կատարելիք պետական այցին, որը կլինի առաջինը նախագահ Բայդենի պաշտոնամուտից ի վեր: ԱՄՆ նոր վարչակազմի և Ֆրանսիայի նախագահի փոխհարաբերությունը սկսվեց աղմկոտ միջադեպից, երբ Վաշինգտոնը, Լոնդոնն ու Կանբերան ձևավորեցին ռազմա-քաղաքական նոր դաշինք, ինչի հետևանքով Ավստրալիան հրաժարվեց Ֆրանսիային պատվիրած ռազմանավերից, քանի որ ԱՄՆ-ն ու Բրիտանիան ըստ դաշնակցային նոր համաձայնության պարտավորվեցին Ավստրալիային մատակարարել ընդհուպ միջուկային հնարավորությամբ նավատորմ՝ ասիա-խաղաղօվկիանոսյան գոտում անվտանգության հարցում դերակատարությունը բարձրացնելու համար: Ֆրանսիան, որպես եվրոպական առաջատար ու Եվրոպա մայրցամաքում միակ միջուկային երկիր, բավականին բարդ մարտահրավերների առաջ հայտնվեց ուկրաինական պատերազմի հետևանքով: Գործնականում այդ պատերազմը եվրոպական գոտու հանդեպ բարձրացրեց ամերիկա-բրիտանական ազդեցության աստիճանը բոլոր առումներով: Այդ զարգացումները իրենց արտահայտությունն են ունենում նաև Հայաստանին առնչվող հարցերի, Կովկասի անվտանգության, հայ-ադրբեջանական հակամարտության, ղարաբաղյան խնդրի վրա: Վերջին թարմ օրինակը Ֆրանսիայի Սենատի բանաձևն էր, որն անկասկած արտահայտում է նաև գործադիր իշխանության, նախագահ Մակրոնի տրամադրվածությունը, թեև անմիջական առումով գործադիրը չի լսել բանաձևով հղվող հորդորը: Ադրբեջանը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող լինել միջնորդ: Պաշտոնական Փարիզը դեռևս չի արձագանքել Բաքվի այդ հայտարարություններին, ինչպես նաև դեկտեբերի 7-ին Բրյուսելում սպասվելիք Փաշինյան-Ալիև նոր հանդիպման չեղարկման պատմությանը, որտեղ Ֆրանսիայի մասնակցությունն է «կռվախնձորը»: Այս ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպումներ է ունենում Ֆրանսիայում, նախագահի աշխատակազմի, արտգործնախարարության, անվտանգության ոլորտի դիվանագետների հետ: Ֆրանսիան նկատելիորեն պատրաստվում է նոր դիրքավորման, այդ թվում կովկասյան ռեգիոնի առնչությամբ: Ինչպիսին է լինելու այն, թերևս զգալիորեն կախված կլինի նաև Մակրոնի և Բայդենի ամերիկյան բանակցությունից: ԱՄՆ Ֆրանսիայի նոր դերը կդիտարկի մրցակցայի՞ն՝ որպես խոչընդոտ, թե՞ գործընկերային, որպես հնարավորություն: Իսկ Ֆրանսիան պատրա՞ստ է այդ հարցում քննարկումների և փոխզիջումների, թե՞ Կովկասում կարող է ձևավորվել ամերիկա-ֆրանսիական մրցակցություն, ընդհուպ դիմակայության երանգով: