Երևանի վրդովմունքը հասկանալի է, Զասը փաստեց՝ գոյություն ունի մի սահման, որից այն կողմ ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնել չի կարող

Երևանի վրդովմունքը հասկանալի է, Զասը փաստեց՝ գոյություն ունի մի սահման, որից այն կողմ ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնել չի կարող

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար․«Իրավիճակը հեշտ չէ, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում: Ընդհանուր առմամբ, միջոցառումների այն համալիրը, որը ՀԱՊԿ-ն առաջարկում է որպես օգնություն Հայաստանին, իսկ միջոցառումները տարբեր են՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում սահման, որտեղ այն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել բոլոր պետություններից», – ասել է Զասը բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել՝ այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։ Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, որը ձևավորվում է ինչպես գլոբալ հարթությունում, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում հավաքական անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։«Եթե խոշոր հաշվով գնահատենք իրավիճակը կովկասյան տարածաշրջանում, ապա այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են այնտեղ, զգուշավոր լավատեսություն են ներշնչում: Բոլոր մասնակիցների մոտ տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակաուղղվածություն կա՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, գոյություն ունեցող սահմանների օրինական գրանցում, տրանսպորտային կապերի ապաշրջափակում… Տարածաշրջանի երկրները գնում են այդ ճանապարհով, ինչը շատ լավ է», – հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։ Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթղթերը։ Քաղաքագետ Դավիթ Հարությունովը կարծում է, որ Զասն իր հայտարարությամբ ևս մեկ անգամ փաստել է, որ ՀԱՊԿ-ը ռազմական օգնություն Հայաստանին տրամադրել չի կարող, առավելագույնը կարող է լինել սահմանին դիտորդներ ուղարկելը․ «Այստեղ ես որևէ նոր բան չեմ տեսնում, որովհետև այն, որ ինչ-որ առաքելություն կուղարկեն միշտ էլ այդ մասին ասել են, նույնիսկ մինչև գագաթաժողովն այդ մասին խոսվել է։ Ասել, որ իրենք շատ կոնկրետ, նյութական աջակցություն են առաջարկել՝ սխալ կլինի։ Ես արդեն առիթ ունեցել եմ ասել, որ ոչ մի ուժային կենտրոն էլ՝ կլինի դա ռուսական, թե արևմտյան չեն առաջարկելու լայն լուծումներ կամ ռազմական աջակցություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ մեր զրուցակցի՝ առավելագույնը կարող է խոսք լինել դիտորդական առաքելություն ուղարկելու, քաղաքական, դիվանագիտական դաշտում աշխատանք տանելու մասին․ «Այստեղ այլ խնդիր կա։Եթե անդրադառնանք Հայաստանի դիրքորոշմանը, ապա հարցեր են առաջանում այդ գործողությունների նպատակահարմարության մասին։ Հայաստանի գործողությունները՝ մերժելը, չստորագրելը տրամաբանական կլիներ, եթե դրանից ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշման մեջ փոփոխություն լիներ։Բայց առայժմ այս իրավիճակում ես չեմ կարծում, որ նման բան հնարավոր է։ Հասկանալի է, որ գոյություն ունի որոշակի շերտ, որից ավելին ՀԱՊԿ-ը պարզապես չի կարող անել։ Իհարկե հասկանալի է այն վրդովմունքը, որ ունի Երևանը, ձգտումը իրավիճակ փոխելու համար, բայց գործնականում նման դիրքորոշումը ոչինչ չի տալիս։ Այսինքն՝ ո՛չ ՀԱՊԿ-ի դիրքորոշումն է փոխվում, ո՛չ էլ ռեալ աջակցություն է լինում»։ Հարությունովի դիտարկմամբ՝ հայկական կողմը նշում է, որ իր կողմից պահանջ է եղել հստակ գնահատական հնչեցնել ադրբեջանական ագրեսիային, հիմա ՀԱՊԿ-ը փաստացի նշում է, որ չի ստացվել հասնել այդ կոնսոլիդացված գնահատականին․ «Ըստ երևույթին՝ հայկական կողմն ակնկալում էր, որ պետք է ագրեսիա բառն էլ օգտագործվի, բայց դա տեղի չի ունեցել։ Կարող ենք ենթադրել, որ կոնկրետ այդ գնահատականի հետ կապված չի հաջողվել պայմանավորվել։ Այստեղ, նորից եմ կրկնում, հարցեր է առաջացնում՝ հայական կողմի համար ո՞րն ավելի ճիշտ կլիներ, շարունակել սկզբունքային դիրքորոշում ունենալ այն պայմաններում, որ դժվար թե ինչ-որ բան փոխվի, թե՞ օգտվել նրանից, ինչ այս պահին կա, ստանալ այն, ինչ այս պահին համաձայնեցված է»,-եզրափակեց նա։