Մոբիլիզացիա ռուսական ձևով.  Զինկոմներից հորդորում են իրենց հետ վերցնել զրահաբաճկոն, սաղավարտ և այլ անհրաժեշտ իրեր

Մոբիլիզացիա ռուսական ձևով. Զինկոմներից հորդորում են իրենց հետ վերցնել զրահաբաճկոն, սաղավարտ և այլ անհրաժեշտ իրեր

Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում մեկնարկած մասնակի զորահավաքը ըստ էության մեծ խառնաշփոթ է ստեղծել Դաշնության ամենատարբեր անկյուններում։ Մի կողմից հարևան երկրներ հրատապ անցնելու բազմահազար մարդկանց հոսքերը չի նվազում։ Մյուս կողմից երկրի ներսում մոբիլիզացիայի կազմակերպման գործընթացը այնքան անհարթ է անցնում, որ ՌԴ նախագահը հանձնարարել է ուղղել այս ընթացքում թույլ տված սխալներն ու թերությունները։ Երկրի տարբեր քաղաքներում մարդիկ ահազանգում են, որ մոբիլիզացիայի համար անհրաժեշտ հանդերձանքն ու իրերը զինվորական կոմիսարիատները պահանջում են զորակոչի մասնակիցներից։ Ավելին սոցիալական ցանցերում անգամ հրապարակվել են ցուցակներ, որոնց մեջ ներառված իրերը պետք է իրենց հետ վերցնեն զորակոչվածները։ Ռուսական ընդդիմադիր կայքերում տասնյակ հրապարակումներ են առկա վերոնշյալի վերաբերյալ։ Օրինակ՝ Ռոստովի Բոլշեկրեպինսկայա գյուղում «ծնողները ստիպված են իրենց երեխաների համար գնեն զրահաբաճկոններ, կոշիկներ և դեղամիջոցներ», և ամբողջ գյուղը նվիրաբերում է սննդի համար: Սանկտ Պետերբուրգում զորակոչված տղամարդու ծնողին ևս խորհուրդ են տվել զրահաբաճկոն գնել որդու համար: Վոլգոգրադում մոբիլիզացվածներից մեկը նշել է, որ վերցրել է իր հետ ջերմային ներքնազգեստ, քնապարկ: Սվերդլովսկի մարզում կազմակերպվել են մոբիլիզացվածներին հավաքագրման կետեր, որոնք տեղակայված են Ելան քաղաքի ռազմական ուսումնական կենտրոնում: Զորակոչվածների հարազատների խոսքով, մոբիլիզացվածները Ելանում ապրում են վրաններում, քանի որ զորամասում շատ են մարդիկ: Բերեզովսկու, Բոգդանովչիկի և Ելանի իշխանությունները և կամավորները հավաքում են զորակոչվածների համար հագուստ, դեղամիջոցներ սնունդ, սպասք, մարտկոցներ: