Զախարովան Բաքվին և Երևանին կոչ է արել ստուգել գնդակահարության տեսագրությունը

Զախարովան Բաքվին և Երևանին կոչ է արել ստուգել գնդակահարության տեսագրությունը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «ՌԻԱ Նովոստի»-ին մեկնաբանելով համացանցում հայ և ադրբեջանցի զինվորականների մահապատիժների հայտնվելը, կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով անհապաղ վերլուծել դրանք: «Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանությամբ։ Միջազգային հումանիտար իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական իշխանություններին՝ անհապաղ անցկացնել տվյալ տեսահոլովակների համակողմանի վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով: Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար: «Ելնում ենք նրանից, որ խաղաղությանն այլընտրանք չկա։ Պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։