Ո՞վ կգլխավորի Հայաստանի հավաքականը

Ո՞վ կգլխավորի Հայաստանի հավաքականը

Խոակին Կապառոսն ավարտեց աշխատանքը Հայաստանի հավաքականում։ ՀՖՖ-ն, որը երկմտանքի առջև էր, որոշեց չբորբոքել կրքերը։ Հարկ է ընդգծել, որ Կապառոսի վրա երկրպագուների, ֆուտբոլային հանրության մեծ ճնշում կար։ Այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները պետք է արագորեն կողմնորոշվեն նոր գլխավոր մարզչի ընտրության հարցում։ Հոկտեմբերի 9-ին կայանալու է Եվրոյի ընտրական փուլի վիճակահանությունը, որից հետո պետք է ակտիվորեն նախապատրաստվել։ Իսկ այդ մեծածավալ ծրագրի համար օր առաջ մարզիչ է հարկավոր լինելու։ Կապառոսի հրաժարականից անմիջապես հետո շրջանառվեց Անդրեյ Տալալաևի թեկնածությունը։ Ռուս մասնագետը հաջողությամբ գլխավորել է «Փյունիկը», լավ աշխատանք է տարել «Տամբովի» հետ, տևական ժամանակ էլ մարզում էր Գրոզնիի «Ախմատը», որից հեռացավ վերջերս։ Տալալաևը, սակայն, շտապեց հերքել, որ բանակցությունների մեջ է ՀՖՖ-ի հետ։ «Ասում են՝ հավերը կաթ են տալիս։ Ովքեր ասում են, իրենցից էլ հարցրեք»,- այսպես պատասխանեց էքսցենտրիկ Տալալաևը, որը հարցազրույցների, մամուլի ասուլիսների ընթացքում պարզապես անկանխատեսելի է։ Ճանաչելով Տալալաևին՝ կարելի է ասել, որ այս պատասխանով նա ոչ հաստատում, ոչ էլ բացառում է հնարավորությունը։ Քիչ է հավանականությունը, որ ազգային թիմը կգլխավորի հայ մասնագետ։ Ընդհանրական դիտարկումով լավագույն թեկնածուն Եղիշե Մելիքյանն է, ով սակայն դեռ կարևոր ճամփորդություն ունի «Փյունիկի» հետ։ Արդի ֆուտբոլում ակումբ-հավաքական համատեղելիությունը չնչին դեպքերում է։ Ազատ մասնագետներից Աբրահամ Խաշմանյանը տևական ժամանակ է՝ պրակտիկայի մեջ չէ, բացի այդ էլ, գրեթե բացառված է, որ ՀՖՖ-ն կվերադարձնի Խաշմանյանին։ Տեղեկություն էր տարածվել նաև արտասահմանում բնակվող հայ գործակալի և Միշել Տեր-Զաքարյանի միջև բանակցությունների մեկնարկի մասին։ Ամեն դեպքում, հավաքականի ներկա վիճակը, հավակնությունները հաշվի առնելով,Տեր-Զաքարյանի դրական պատասխանը քիչ հավանական է։ Ըստ ՀՖՖ-ի՝ այժմ տարբերակները շատ են։ Այնպիսի իրավիճակ է, որ ֆեդերացիայում այլևս չեն մտածում երկրի ֆուտբոլային մոդելի մասին։ Ներկա իրավիճակում անհրաժեշտ է մարզիչ, ով ուղղակի կփորձի դուրս բերել թիմին դժվարին իրավիճակից։ Նոր մարզիչը պետք է իմանա պաշտպանություն կառուցել, իսկ առջևում օգտագործել ստեղծագործական ներուժը։ Որոշումը մոտ է, ՀՖՖ-ն գոնե այս անգամ սխալվելու իրավունք չունի։ Այժմ իրավիճակը կրկնակի բարդ է։ Հայ երկրպագուները տեսան փայլուն մեկնարկ և անփառունակ վերջաբան։ Ով էլ լինի նոր մարզիչը, մեկնարկային էյֆորիա չի լինելու, քանի որ եկել է սթափ դատողությունների ժամանակը։