Հայ զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները ադրբեջանական նորաստեղծ «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ

Հայ զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները ադրբեջանական նորաստեղծ «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հիմնադրած Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո(«Komando») ջոկատի զինվորականներն են։ Սա նաև բխում է տելեգրամյան ալիքների տվյալներից: Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին այդ ջոկատի ակտիվ ներգրավվածությունը փաստվում է նաև տելեգրամյան ալիքներով հրապարակված բազմաթիվ տեսանյութերում նրանց կրած համազգեստի արտաքին հատկանիշներով, նմանություններով, համադրությամբ: Դրանից բացի, առկա են տեսանյութեր 2022թ. սեպտեմբերի 13-15-ից հետո «Կոմանդո» ջոկատի զորացրումների վերաբերյալ, որտեղ նույնպես նրանք նույն համազգեստով են, ինչ հիշատակված տեսանյութում: Այս ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Մենք այս պնդումն անում ենք օբյեկտիվ ապացույցների հիման վրա: Ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների մանրամասն ուսումնասիրման գործընթացը շարունակվում է և դրանք պատշաճ կամրագրվեն և կուղարկվեն նաև միջազգային գործընկերներին։ Մի բան միանշանակ է. Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան`թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը` առանց վավերացնելու: Առաջնահերթն Ադրբեջանի իշխանությունների, բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային քրեական պատասխանատվության հարցն է: Այս անձանց միջազգային քրեական հետապնդումը, անգամ առնվազն այդ գործընթացի նախաձեռնումը կարող է ունենալ կանխարգելող նշանակություն: ՀՀ-ի դեմ ադրբեջանական շարունակվող այս զանգվածային պատերազմական հանցագործությունների պայմաններում դա պետք է անել րոպե առաջ: Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»: