Երբ մեղավոր են բացառապես բոլորը, բացի ռուսներից

Երբ մեղավոր են բացառապես բոլորը, բացի ռուսներից

Ադրբեջանի վերջին ագրեսիայի շուրջ քննարկումների առարկա դարձավ նաև ներքաղաքական դաշտում։ Այդ քննարկումներից կարելի է մի եզրակացնել՝ մեզ նպատակաուղղված վերածում են մարգինալացված ու դեգրադացված հասարակության, համոզում, որ ամեն ինչում մեղավոր է բացառապես հայ քաղաքական միտքը, հայ ժողովուրդն ու անհատապես՝ յուրաքանչյուրս։ Մեզանում սերմանում են այս գաղափարը՝ մեր սեփական անունակությունը դարձնելով փաստ։ Սա էապես կոտրում, ոչնչացնում է վստահությունը ինքներս մեր հանդեպ ու նպատակ ունի մեզ հասցնել այն գաղափարին, որ մենք միևնույն է ինքնուրույն ապրել չենք կարող ու հարմար պահին պետք է հանձնվել մեկ այլ՝ ավելի խոշոր երկրի, որը կապահովի մեր հացն էլ, կացն էլ, անվտանգությունն էլ և այլն։ Միաժամանակ ներքաղաքական դասավորվածությունը գործում է ոչ թե ի շահ Հայաստանի, այլ բոլորի՝ բացի Հայաստանից։ Ինչ-ինչ շրջանակներ մեզ անդադար համոզում են, թե ամեն ինչում մեղավոր է հայ ժողովուրդը, որ կան՝ կներեք արտահայտության համար, ինչպես ոմանք ենա անվանում «ժեխեր» ու «օխլոսներ», որոնք ընտրեցին Փաշինյանին ու նրան քարտ բլանշ տվեցին՝ հանձնելու Արցախը։ Մինչդեռ նման հայտարարություններն անողներն իրենք որևէ բան չեն առաջարկում այլ պարզապես պնդում, որ պետք է հանձնվել ռուսներին ու ռուսներից հավերժ շնորհակալ լինել, որ մեզ միշտ փրկում են մեր իսկ անխելքությունից։ Մեզ, ինչպես դրսից, այնպես էլ ներսից որոշները նպատակ են դրել վերածել այս լեռնաշխարհում ապրող ինչ-որ ցեղախմբի, առանց ինքնության ու առանց իրավունքների, ինչպես օրինակ՝ օսեթներին, աբխազներին, չեչեններին, դագերին և այլն, որոնք քանակով փոքրաթիվ են, Մոսկվան էլ ասում է, թե այդ թվով վերջիններս անկախ լինելու իրավունք չունեն։ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Բաքվի ագրեսիայի վերաբերյալ ընդդիմության առանձին ներկայացուցիչների արձագանքը կարող էր լիարժեք լինել, եթե Հայաստանի քաղաքական իշխանության պատասխանատվությանը զուգահեռ, շեշտադրվեր նաև Ռուսաստանի պատասխանատվությունը: Այլապես, մեղմ ասած տարօրինակ է ստացվում, երբ ընդդիմությունը Երևանին մեղադրում է Բաքվի հետ գործարքի գնալու համար՝ այդպես «գնահատելով» լարվածությունն ու փաստորեն հերթական անգամ «արդարացնելով» Բաքվի ագրեսիան ու էթնիկ զտման քաղաքականությունը, իսկ ահա Բաքվի ու Երևանի «միջև» մտած ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից մեկին, միջուկային գերտերությանը՝ խնայում: Չէ՞ որ ռուսական ռեգիոնալ ներկայությունը, այդ թվում Արցախում խաղաղապահական մանդատը, ոչ թե հայ ժողովրդի գեղեցիկ աչքերի, այլ հենց այն բանի համար է, որ այս տարածաշրջանում չլինի ռուսական շահերի դեմ որևէ էական գործարք: Այլ հարց է, թե մինչ խաղաղապահական մանդատը և ռազմական ներկայությունը հաջողացնելը, Մոսկվան ինչ բարդության ու մարտահրավերի միջով անցավ, ինչ էր ուզում և ինչ ստացավ իրականում, ներկայումս ինչ մարտահրավերներ ունի՝ աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստում դիտարկելով արցախյան, կովկասյան հարցը: Սրանք իհարկե բազմաշերտ խոսակցության թեմաներ են, սակայն Հայաստանում ռուսական ներկայության և Արցախում խաղաղապահ մանդատի պատասխանատվության գոտում տեղի ունեցող ադրբեջանական ագրեսիան     «վերագրել» Երևան-Բաքու գործարքի, իսկ Ռուսաստանի դերի, պատասխանատվության մասին չասել որևէ խոսք, դա այլ բան չէ, քան կամա, թե ակամա խրախուսել այն, ինչ կատարվում է: Եվ, եթե կատարվողը գործարք է, ինչպես կարծում ոմանք, ապա կնշանակի, որ այդպիսի դիրքորոշումով՝ այդ շրջանակն էլ դառնում է գործարքի մաս, ակնկալելով, որ այս անգամ սցենարը կզարգանա այնպես, որ լարվածության «ալիբի» ապահովելու և ՌԴ-ին պատասխանատվությունից ազատելու գինը կամ վարձքը կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելը, երբ այլևս չի մնա որպես իշխանություն նրա վրա բարդելու որևէ բախտորոշ և ծանր խնդիր: Սա Հայաստանի ճակատագրական խնդիրն է՝ քաղաքական օրգանիզմի «քայքայվածությունը», երբ չկա քաղաքական հարաբերության ներքին կոդեքս, չկա իշխանություն-ընդդիմություն համակարգային կայուն ճարտարապետություն, որը թույլ կտա Հայաստանին լինել առավել դիմակայուն, առավել ճկուն, և այդ կերպ նաև Հայաստանի շուրջ ձևավորել մեր հանդեպ պաատասխաանատվության նվազագույն աստիճան պահանջող մի շրջանակ, որից խուսափելը թե անհնար կլինի որևէ այլ սուբյեկտի համար, և թե կլինի աննպատակահարմար: