Իմ դեմ գործը պատվիրել է Սերժ Սարգսյանը, կատարել Միքայել Համբարձումյանը․ Շիրխանյան

Իմ դեմ գործը պատվիրել է Սերժ Սարգսյանը, կատարել Միքայել Համբարձումյանը․ Շիրխանյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով անցնում է «Բանդայի» հայտնի գործով,  Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հանդես է եկել ելույթով, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև․ Հասարակությունը լինում է առողջ, եթե  ունենում է 3`  ազնիվ, հայրենասեր և գիտակ մասնագիտական խմբեր: Դրանք են ուսուցիչները, քննիչները և դատավորները: Սրանք են, որ ստեղծում են հավատի և վստահության մթնոլորտ երկրում: Ցավոք սրտի, Հայաստանը այդ հաջողակ երկրների ցանկում չէ: Միայն այս գործով մենք հանդիպեցինք Հայաստանում վստահության մթնոլորտը ոչնչացնող, պաշտոնական դիրքը բացառապես անձնական շահին օգտագործող քննիչի` Միքայել Համբարձումյանին` երդմնազանց և ոչ բարեկիրթ դատավոր Արմեն Բեկթաշյանին, բազմաթիվ թերուս, բռի քննիչների: Փաստերի աղավաղում, տվյալների կեղծում, նենգափոխում,խոշտանգումների կազմակերպում: Ահա գործիքների արսենալի միայն մի մասը, որը նրանք օգտագործել են այս 35 հատորանոց լեգենդ սուտը հնարելու համար: Արդյունքում ունեցել են պաշտոնի  և կոչումի բարձրացում մի քանի անգամ, իսկ պետությունը, հասարակությունը, արդարադատությունը կրել են ահռելի վնասներ: Այս 35 հատորանոց ֆալսիֆիկացիայի մեջ բացակայում է գլխավոր ֆիգուրանտը, որի անունը հարյուրավոր անգամ հիշատակվում է գործում, բայց նա չի ներգրավվել ո՛չ նախաքննության, ո՛չ էլ դատաքննության մեջ: Դա Սերժիկ Սարգսյանն է:  Նա անմիջապես պետք է բերվի դատարան` -ոչ միայն նրա համար, որ ես և մենք նրա կարգադրությամբ ենք  դարձել կալանավորներ, -ոչ միայն նրա համար, որ նրա անձնական հրամանով է ծրագրվել և իրագործվել այս սադրանք գործը Միքայել Համբարձումյանի կատարմամբ, -ոչ միայն նրա համար, որ կիսաամայացրել է Հայաստանը, -ոչ միայն նրա համար, որ իր կլանով թալանել է Հայաստանը, -ոչ միայն հոկտեմբերի 27 հրահանգման և կոծկման համար, -ոչ միայն մարտի 1-ի կազմակերպման և իրականացման համար, -ոչ միայն իրեն խանգարող, դիմադրող, բազմաթիվ գործիչների հանկարծամահ կամ սպանված լինելու համար, -ոչ միայն նրա համար, որ ամբողջ երկիրը ծածկել էր հետապնդման, գաղտնալսման, մատնիչության ցանցով, -ոչ միայն նրա համար, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն դարձրել էր իր և մերձավորների թիկնապահական ծառայություններ, այլ նրա համար, որ հաջորդող որևէ ղեկավարի մտքով չանցնի որդեգրել նրա աշխատաոճից որևէ բան: Ես երբեք չեմ թաքցրել իմ վերաբերմունքը Սերժիկի նկատմամբ: Նայեցեք «Օրրան» թերթի 2008 թ փետրվարյան համարում «մնացել էր սարի սմբուլը» հոդվածը, որով ես ծաղրում էի Սերժիկ Սարգսյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Ուզում եմ մեջբերում անել 2016 թ դեկտեմբերի 21-ին «Ժողովուրդ» թերթում տպագրված Սերժիկ Սարգսյանին բանտից ուղղված իմ բաց նամակից. «… Քո միակ ձգտումը եղել է հասնել ավելի շատ փող աշատելու հնարավորություն տվող աթոռի: Իսկ դա պարզապես ժխտում է երկրին ու ազգին ծառայելու ուղին: Դու դարձար փողի փորձությանը չդիմանալու դասական օրինակ, քանզի 90-92 թվականներին դու այդպիսին չէիր: Եթե դու լինեիր մի պահակապետ, կամ դռնապան, տվածդ վնասների վերականգնելը դժվար չեր լինի: Բայց պաշտպանության, անվտանգության, ոստիկանության  նախարարների պաշտոնները քեզ վստահելը ավետեց Հայաստանի և Արցախի քայքայման սկիզբը: 99-ից Վազգենը ասում էր `ջուրն է պղտորվել` պետք է փոխենք:Այդ ջուրը դու ես պղտորել Հայաստան տեղափոխվելու առաջին օրվանից՝ աշուն 93թ․-ին:Այսօր այն դարձել է նեխած, գարշահոտ ճահիճ, լցված դավաճանության, երդմնազանցության, ստորաքարշության, թալանի կեղծիքի, ստի և թշնամության թնջուկներով…այդ ճահիճը իր մեջ է ներառել կրթությունը, առողջապահությունը, գիտությունը: Այդ ճահիճն է քո իշխանության հիմքը…դու կարողացար ժողովրդին դարձնել ոստիկանության, ԱԱԾ-ի, դատաիրավական ողջ համակարգի թշնամի: Բնականաբար վերջիններիս էլ դարձրել ես ժողովրդի թշնամի, մղելով նրանց ապօրինի, անարդար, բռնի գործողությունների ժողովրդի դեմ…Հայաստանի պետականաշինության պատմության մեջ դու մնալու ես որպես ամենաչկայացած նախարարը, վարչապետը,  նախագահը և կուսակցապետը: Հիշվելու ես նաև որպես երկրին ու ժողովրդին հասցրած վնասի անգերազանցելի չափով»։ Սա միայն երկու հրապարակում է`բայց ես 2000-2015 թվականներին տվել եմ տասնյակ հարցազրույցներ, անցկացրել ասուլիսներ՝ քննադատելով նրա տկարամիտ, Հայաստանի համար վտանգներով լեցուն քաղաքական որոշումները: Ես,  այս գործի հարուցման առաջին օրվանից հայտարարել եմ որ այն քաղաքական հետապնդում է իմ, Գառնիկ Մարգարյանի, Խաչիկ Ավետիսյանի ,Վլադիմիր Առաքելյանի և մյուսների նկատմամբ: Հիմա ել եմ  պնդում, որ սա զուտ քաղաքական հաշվեհարդար է, ոչ թե հիմնավոր փաստարկներով քրեական գործ: Սերժիկը իշխանությունը պահել է միշտ ընտրական համատարած կեղծումների միջոցով: Մենք նրան ակտիվորեն խանգարողների մեջ էինք և նա մի քանի փորձ արեց ինձնից ազատվելու` 2002-ին, 2007-ին, 2011-ին և վերջապես 2015-ին : 10 միլիոնանոց հայության կողմից նա ստացել է իրեն արժանի գնահատականը, որպես թալանչի, գող, խարդախ և կեղծարար: Դրանից հետո նա պետք է ինքնասպան լիներ, կամ անհետանար Հայաստանի տարածքից: Բայց նա ամոթից զուրկ է, իսկ դա խիստ վտանգավոր երևույթ է բազմախնդիր Հայաստանում: Պատկան մարմինները պարտավոր էին հավաքագրել աշխարհով մեկ արված հայտարարությունները Սերժիկի հանցագործությունների մասին: Սակայն նրանք կույր, համր ու խուլ էին ձևանում հասկանալի պատճառով: Քաղաքական հետապնդումը միշտ եղել է տկարամտության և վախի ծնունդ: Ու՞մ հանձնարարվեց քաղաքական հետապնդումը վերածել քրեական հետապնդման և ինչպե՞ս դա արվեց: Միքայել Համբարձումյանը կարողացավ համոզել Սերժիկին որ գործի հաջողության համար պետք հեռացնել ջավախեցի Մարությանին և վարչության պետ դնել իրեն : Սերժիկը համաձայնվեց: Վերջինս սկսեց մշակել լեգենդը, որի հիմքում պետք է լիներ Սերժիկին սպառնացող ֆիզիկական վտանգը նրա ճանաչված հակառակորդների կողմից: Նպատակը պարզ էր, խնդիրը դրված: Մշակվեցին նախագահի ինքնաթիռի խոցման, նախագահի նստավայրի գրավման, ԱԺ գրավման, հեռուստակայանի գրավման, կառավարության շենքի գրավման, Սեյրան Օհանյանի պատանդավորման սցենար -լեգենդներ, որոնք աչքի էն ընկնում իրենց կիսատ պռատ, անհիմն, ծիծաղելի, տեխնիկապես բացարձակ տգետ հաշվարկներով: Ես պահանջում եմ քրեկան գործ հարուցել Միքայել Համբարձումյանի դեմ, որը պաշտոնական դիրքի չարաշահումով, խոշտանգումների, խաբեությունների, զրպարտությունների, նենգափոխումների միջոցով մեղադրյալներից կորզել է ցուցմունքներ, ներկայացրել վերադասին պաշտոն՝կոչում ստանալու ակնկալիքով: Եվ ստացել է: Հիմքերը առավել քան բավարար են այստեղ, դատական ցուցմունքների ձայնագրություններում, իսկ Թութունջյանի հարցաքննության արևելահայերենով տպագիր, առանց փաստաբանի գրված ցուցմունքը պաշտոնական դիրքը անձնական շահերի տակ դնելու, պաշտոնական փաստաթղթի կեղծման, նենգափոխման դասական նմուշ է: Ես պահանջում եմ, որ դատախազությունը սա ընդունի որպես կատարված հանցագործության մասին հայտարարություն և հարուցի քրեական գործ: Պահանջում եմ նաև ներկայացնել այս գործի սկզբնական փուլում անցնող 5-6 անձերի ` Սրբուհի, Սիլվա, Լիլիթ Արթուրի 2 բարեկամների մասին տեղեկություններ, թե նրանք ինչպես են ազատվել, ում են մուծվել և ինչքան:Մենք բոլորս ցնցված էինք, երբ դատախազության ներկայացուցիչը առանց առուամոթի առաջարկեց ամեն մեկիս ազատազրկել10-13 տարով: Ես երբեք գոռոզ ու ինքնահավան չեմ եղել բայց պահը այնպիսին է, որ ուզում եմ փոքրիկ մեջ բերում անել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ինձ տված բնութագրից՝ ղեկավարել է Հայաստանի սահմանների պաշտպանությունը… նախաձեռնել է բանակի ստեղծման աշխատանքները…իրականացրել է Շուշիի ազատագրման նյութատեխնիկական ապահովումը…նրա ղեկավարությամբ մշակվել է ՀՀ մոբիլիզացիոն նոր պլանը…նրա ղեկավարությամբ մշակվել և ընդունվել են  Պաշտպանության մասին, Ռազմական դրության մասին,Զինծառայության մասին օրենքները…Ստեղծել և երկար տարիներ Արտավազդ Զաքարյանի հետ միասին ղեկավարել է Հայաստանի ռազմա-արդյունաբերական համալիրը…Եթե ես համոզված լինեի, որ այս դեռահաս դատախազը և նրա պատվիրատու ղեկավարները ասվածի 00001 տոկոսի չափով օգուտ են տվել երկրին՝ կլռեի, կասեի մարդիկ վաստակ ունեն, բայց ես գիտեմ, որ չկա վաստակ, կա անսահման անպատժելիություն և սերժիկական թիկունքով սնված լկտիություն: Այն, որ մենք սերժիկի հակառակորդներն ենք հայտնի է բոլորին: Այդ մանկահասակ տղայի մեղադրական ճառը ոչ մի աղերս չունի արդարադատության, օրինականության և իրավունքի հետ, բայց ճառի ամեն մի տողում երևում են սերժիկական ականջներն ու ժանիքները: Ուզում եմ մի քանի օրինակի վրա ցույց տալ, թե վերադասի պատվերի կատարումը ինչ աստիճան որակազրկման կարող է հասցնել հետաքննող մարմնին: Առգրավվել են 50-60 տարեկան 10 զենքեր, իսկ 1-2-ի տարիքը չի նշված խարտված լինելու պատճառով, բայց 100 տարի առաջ խարտված համարը հանգիստ վերականգնվում էր: Ուրեմն մենք ունենք տգետ հետաքննող մարմին: Նա պետք է հայտարարեր զենքերի որոնում, որոնց համարները հայտնի են, բայց չարեց, որովհետև զենքի վերջին տեր զորամասը հայտարարելու էր, որ տվյալ զենքը դուրս է գրվել մարտական ռեսուրսի սպառման պատճառով: Իսկ դա նախաքննող մարմնին  ձեռնտու չեր, որովհետև կխափանվեր մեղադրանքի կոնցեպցիան, լեգենդը զինված  հարձակում գործելու նախագահականի, ԱԺ-ի և այլն վրա: Եվ նա մանրամասնորեն ներկայացրեց կետեր դրած քարտեզներ, փողոցների նկարներ,Սպարապետի շիրիմի մոտ նկարված նկարներ, երդմնակալության տեսարաններ` Ապարի նկուղից հավաքած մասսայական ոչնչացման փոշին` առգրավված Գլինկայի ընդհանուր քիմիայի դասագիրքը և այլն և այլն: Համբարձումյանը կաշվից դուրս էր գալիս՝ ապացուցելու, որ նախագահի ինքնաթիռը իսկապես խոցվելու էր, որ նախատեսված շենքերի վրա իսկապես հարձակվելու են 2 աղջիկ պլյուս 10 անհայտ, խմբի 3 անդամ պլյուս 30 անհայտ մարդիկ… Եվ այս բոլորը դատախազության կողմից պատրաստակամորեն ընդունվում էր: Գնում էր ծառայամտության մրցակցություն ԱԱԾ քննչականի և դատախազության միջև ու չգտնվեց մեկը, որ պահանջեր մարդ ուղարկել օդանավակայան ԱԱԾ մշտական ներկայացուցչի մոտ ինքնաթիռի խոցման հնարավորությունների մասին սպառիչ պատասխաններ ստանալու, արդյոք մոտակայքում կա՞ գյուղ, որի վրայով 20մ բարձրությամբ ինքնաթիռ է թռնում, իհարկե չկա, և իհարկե եղած զենքերով նախագահի ինքնաթիռի խոցում ծրագրել իսկ ծիծաղելի է, չուղարկեցին մարդ նաև նախագահի անվտանգության ծառայության պետի մոտ` նորից սպառիչ պատասխան ստանալու մասին՝ առ այն, որ հոկտեմբերի 27-ից հետո բոլոր կառավարական շենքերը գերպաշտպանված են, 100 Արթուր լինի 200 Նելլի  լինի որինչ չեն կարող անել, ոչ ոք չպահանջեց ներկայացնել 20,30,50,10  հարձակողական ուժերից գոնե մեկի անունը, ցուցակը, որովետև նրանք չկան: Գործում շատ է խոսվում Քեսաբի մասին, քննչական մարմինը չպե՞տք է մարդ գործուղեր Քեսաբ, ճշտելու համար Արթուրի ով լինելը, միգուցե նա այնտեղ բանա՞կ ուներ, միգուցե նա այնտեղ ընդհանրապես չե՞ր եղել, կամ երբ Թութունջյանին Համբարձումյանը ստիպեց ասել է, որ ես, իբր պետք է Արթուրին մտցնեի  Անկախության տոնական միջոցառման դահլիճ, որտեղ պետք է գտնվեր նաև Սերժիկը` գոնե մտքով չանցա՞վ ստուգել 2000-ից այս կողմ ես այդ միջոցառմանը գոնե մեկ անգամ հրավիրված եղե՞լ եմ: Կարող էր պահանջել հրավիրվածների ցուցակը, չէ՞: Միքայել Համբարձումյանը բառացիորեն գրում է որոշման մեջ. «Վահան Շիրխանյանը ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր»…Ավելի լկտի, մերկապարանոց սուտ պատկերացնել հնարավոր չի: Այդ զենք կոչվածները ես տեսել եմ դատարանում, երբ ներկայացվում էին որպես իրեղեն ապացույցներ: Այդ գործերում իմ մասնակցության մասին որևէ վկայություն, ցուցմունք, ապացույց 35 հատորներում գոյություն չունի: Ինձ Արթուր Վարդանյանը չի վստահել, ինքն է ասում, գաղտնալսել է, ելումուտիս գաղտնի հետևել է ու ես եղել եմ բանդայի անդա՞մ, այն ել Արթուրի ղեկավարության տա՞կ: Այն որ քննիչը ստախոս է՝ պարզ է, բայց զուրկ է նաև տարրական տրամաբանությունից, ցավալի է: Բայց քննչական  մարմինը գնաց սեփական կարիերայի ապահովման հետևից: Մի խոսքով ԱԱԾ- դատախազություն համատեղ ջանքերով սեղանին է դրված 35 հատոր կեղծիքների ու ստերի հավաքածու: Ուզում եմ անել պատմական էքսկուրս իրավիճակի չափազանց նմանության պատճառով: 1936-1938 թվերին ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմը Նիկոլայ Եժովն էր: Ամենադաժան ռեպրեսիաները եղել են այդ տարիներին։ Նա հանձնարարում էր ներկայացնել դանոս-մատնություն, սուտ ամբաստանություն Իվանի կամ խմբի վրա: Նույն օրը Իվանը և խումբը անհետանում էին կամ դատապարտվում ցմահ: Մարդիկ դատապարտվում կամ սպանվում էին դանոսով: 1939-ին նա կալանավորվեց Բերիայի հրամանով և գնդակահարվեց առանց դատ ու դատաստանի: 1956 թ գնդակահարվեցին ևս 3600 գեներալներ, դատախազներ, դատավորներ, քննիչներ: Եժովչինան ԽՍՀՄ-ում ավարտվեց,  բայց 2008-ից վերածնվեց Հայաստանում: Իմ տուն 2015-ին եկավ Արթուր Վարդանյանը մի ղախպայի հետ, Լիլիթ անունով: Սա ինձ գաղտնի ձայնագրեց և ապօրինի գաղտնալսումը հայտնվեց Եժով-Սերժիկի սեղանին, հետո ձայնագրեց Պարգև սրբազանին: Դա նունպես հասավ Սերժիկին: ԱԱԾ-ն սկսեց այդ ձայնագրությունները մոնտաժել ուզածի պես: Ու դատախաղությունը ,Միքայել Համբարձումյանի մատուցմամբ, սա համարում է կայուն, համաձայնեցված համագործակցող հանցախու՞մբ: Ս՞ա է դատախազության մակարդակը, հա՞: Սրանք արհամարեցին նույնիսկ ՄԻԵԴ-ի  իմ բողոքով կայացրած վճիռը, որտեղ պարզ ասվում է ,որ ինձ 2 տարի 7 ամիս կալանքի տակ պահելը եղել է ապօրինի: Բայց ՄԻԵԴ-ը ո՞վ է  Միկայի համար, այ եթե Սերժիկը ասեր… 20 տարի բռնազավթված իշխանությունը  որակազրկել, բարոյազրկել, դեգրադացրել է ամեն ինչ:Այլ կերպ չեր կարող լինել: Ես իմ կարծիքը Սերժիկի մասին երբեք չեմ թաքցրել, ուրեմն ինչու՞ են ինձ գրեթե 7 տարի քարշ  տալիս բանտերով ու դատարաններով, խոսքի համա՞ր: Իսկ մի՞թե խոսքի ազատությունը Սահմանադրությամբ չի ամրագրված: Եժովչինան հենց սա է: Որպես ընդհանրացում կասեմ հետևյալը: Այս գործը` պատվերով Սերժիկ Սարգսյանի և կատարմամբ Միքայել Համբարձումյանի`
  1. Սերժիկին տվեց 3 տարի լրացուցիչ կառավարման և թալանի իրականացման տարիներ:
  2. Սերժիկին հնարավորություն տվեց ազատվել Սեյրան Օհանյանից և հասնել բանակի քայքայման սրընթաց արագացմանը:
  3. Սերժիկին հնարավորություն տվեց վերջնականորեն նախապատրաստել Արցախի հանձնումը թուրքերին:
Այս կետերը լիովին հիմնավորելի և ապացուցելի են: Սա է այս գործի քաղաքական գինը և պատմության մեջ այդպես է այն հիշվելու: