Սահմանների փոփոխություն թույլ չտալու հարցում համընկնում են Իրանի ու ԱՄՆ-ի տեսակետները

Սահմանների փոփոխություն թույլ չտալու հարցում համընկնում են Իրանի ու ԱՄՆ-ի տեսակետները

Հիմա հայ-իրանական զորավարժությունները միանգամայն հնարավոր են, անգամ եթե ՌԴ-ն դեմ լինի Չի բացառվում Իրանն ավելի կոշտացնի դիրքորոշումը «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը: Տիկին Բեգիջանյան, Գնել Սանոսյանը նշել է, որ Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրագծերը վնասվել են թշնամու հրթիռակոծությունից։ Ի՞նչ քայլերի կարող է գնալ Իրանը և ինչպե՞ս պետք է արձագանքի տեղի ունեցածին։ Ճիշտն ասած, Իրանը պետք է ավելի շուտ արձագանքեր դրան, բայց ես չեմ տեսել նման արձագանքներ: Նշվեց, որ 12 ժամ այդ գիծը վնասված վիճակում է եղել, իսկ դա մեծ նշանակություն կարող էր ունենալ Իրանի համար: Բնականաբար, Իրանի արձագանքը պետք է շատ հասցեական, կոնկրետ լինի: Գուցե եղել է արձագանք, սակայն ես չեմ հանդիպել: Ինձ թվում է, որ Իրանը շատ արագ կարձագանքեր Ադրբեջանին նախազգուշացնելով: Իրանը վճռական է, որ թույլ չտա սահմանների փոփոխություն: Մեր կողմից դրան ի պատասխան որևէ քայլ ես չեմ տեսնում: գուցե ինչ-որ բան արվում է, բայց դա նկատելի չէ: Այսօր աշխարհում մեր շահերը միայն Իրանի շահերի հետ է համընկնում, և մենք այս հարցում Իրանի հետ համագործակցելու առումով որևէ բանի ուշադրություն չդարձնենք: Հատկանշական է, որ սահմանների փոփոխության հարցում համընկնում են նաև Իրանի ու ԱՄՆ-ի տեսակետները: Երկուսն էլ դեմ են սահմանների փոփոխության: Ուրեմն ԱՄՆ-ի կողմից մենք որևէ խնդիր չունենք: Բացի դրանից, 2001-2003 թվականներին Աֆղանստանում ԱՄՆ-ն և Իրանը անուղղակիորեն համագործակցել են, որպեսզի այնտեղ խաղաղություն հաստատվի: Հայաստանը կարող էր Իրանի հետ զորավարժություններ անցկացնել, էլի տարբեր քայլեր աներ: Նշվեց, որ այս լարվածության ֆոնին Իրանը 40 հազարանոց զորք է տեղակայել հայ-իրանական սահմանին: Իրանը կարո՞ղ է ավելի կոշտացնել իր դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի գործողություններից խաթարվել է հայ-իրանական էլեկտրահաղորդման գիծը: Չի բացառվում: Հիմա միգուցե այս բոլոր զարգացումների վրա որոշակիորեն ազդում է նաև Իրանի ներքին վիճակը, որտեղ բողոքի խոշոր ակցիաներ են տեղի ունենում տարբեր քաղաքներում: Թեև մյուս կողմից, այդ բողոքի գործողություններն առանձնապես Իրանի արտաքին քաղաքականության վրա կարծես չեն ազդել: Իրանը շարունակում է բոլոր առիթներով հայտարարել, որ սահմանների փոփոխություն թույլ չի տա: Իրանական վերլուծական շրջանակները, քաղաքական գործիչներն իրենց հոդվածներում շատ-շատ կարևորում են հայ-իրանական սահմանը: Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի կողմից է ծագել սադրանքը, ինչին իրանի վերլուծաբաններ արձագանքում են, թե այդ ինչպե՞ս է Հայաստանի կողմից սադրանք եղել, որ այնտեղ ադրբեջանական կողմից հրետանի է աշխատել, ԱԹՍ-ներ են աշխատել: Այսինքն իրենք ամիսներով պատրաստվել են այդ ագրեսիային, ոչ թե Հայաստանն է սադրել: Իրանցիները շատ վճռական են տրամադրված, ուղղակի հիմա Իրանում տեղի ունեցավ քուրդ աղջկա հետ կապված դեպքը, որին հաջորդեցին բողոքի ցույցերը այդ երկրում: Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս փուլում՝ արձագանքելով Իրանի կողմից արվող հայտարարություններին:   Ասենք, Հայաստանը պետք է ավելի ակտիվ շփումներ ունենա իրանական կողմի հետ: Ես չգիտեմ՝ որքանով են ճիշտ տեղեկությունները, որ Իրանն առաջարկել է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել, Հայաստանը դադարեցրել է: Իհարկե, 2021 թվականին դա հնարավոր չէր, քանի որ այն ժամանակ Ռուսաստանն այդքան հստակ թեքված չէր դեպի Իրանի կողմը: Հիմա դա միանգամայն հնարավոր է: Հիմա և Իրանի ու ԱՄՆ-ի տեսակետներն են համընկնում, և Ռուսաստանն է հակված Իրանի հետ հարաբերությունները սերտացնելուն: Հետևաբար Մոսկվան չի ընդդիմանա դրան, դեմ չի լինի: Անգամ եթե դեմ լինի, մենք մեր շահերը պետք է պաշտպանենք: