Որևէ պարտավորություն չունենք ժանտախտի հետ հարաբերություն ունենալ․ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չգալու տարբերակ չունի

Որևէ պարտավորություն չունենք ժանտախտի հետ հարաբերություն ունենալ․ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չգալու տարբերակ չունի

Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ կազմակերպությունը կկորցնի Հայաստանը։ «Ես դրան արձագանքեցի հետևյալ կերպ․ Հայաստանում մտավախություն կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ-ին։ Իմ, առաջին հայացքից բառախաղ թվացող ձևակերպումներով ես կարծում եմ՝ ամբողջ պրոբլեմատիկան ձևակերպեցի։ Մենք ակնկալում ենք իրավիճակի հստակ քաղաքական գնահատական։ Աշխատանքային մակարդակում այս մասին խոսել եմ, հիմա պատեհ է նաև հրապարակային խոսեմ։ Նախկին ՀԱՊԿ-ից ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ ՀՀ սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է։ Երբ նախորդ տարի տեղի ունեցավ Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, շատ տարօրինակ արձանանք ստացանք, որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ։ Հարց ծագեց՝ բա այն կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում։ Ասել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, նույն է, որ ասել՝ ՀԱՊԿ չկա։ Կազմակերպությունը ունի պատասխանատվության գոտի, որը նշված է սահմաններով։ Եթե չկա սահման, ուրեմն չկա պատասխանատվության գոտի, չկա պատասխանատվություն, չկա կազմակերպություն։ Օրինակ՝ Բելառուսի և Ռուսաստանի միջև դեմարկացված չի սահմանը, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դեմարկացված չի սահմանը»,-նշեց նա ու հավելեց՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կա սահման և դրանք կոորդինատներով հայտնի են։ Փաշինյանը նաև մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց․ «Ի վերջո, եկեք չմոռանանք, որ ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ հիմա։ Եվ ՀԱՊԿ-ի նախագահողը նույն անձի մեջ պիտի բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին։ Հասկանու՞մ եք, դա շատ բարդ իրավիճակ ա»։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ստեղծվել է իրավիճակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ոչ մի բացատրություն չունի և, ըստ էության, չի կարող ունենալ․ «Պատասխան ՀԱՊԿ-ից, կնշանակի հարաբերությունների շեշտակի վատթարացում Ադրբեջանի հետ, ինչին Ռուսաստանն ուղղակի չի գնա, դա իր շահերին չի համապատասխանում։Հետևապես Հայաստանին չի մնում անել այլ բան, քան համարել, որ ՀԱՊԿ-ն ուղղակի գոյություն չունի, ՀԱՊԿ-ը չկա, և անել քայլեր՝ այդ այլևս ֆիքսված, արձանագրված բացակայության պայմաններում։ Ընդ որում՝  հրատապ ռեժիմով անել այն ամենը, ինչ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։Այո՛, մենք բազմիցս ասել ենք, նույնիսկ հանրային համախմբում ենք նախաձեռնել։Հայաստանն անելիք չունի մի տեղ, որը գլխավորում է մի երկիր, որը խուլիգանական հանրաքվեներ է անցկացնում, որն անում է մի բան, որը վերջին անգամ Եվրոպայում Հիտլերն է արել, որն ինքն իր համար նախապատրաստել է մի անխուսափելի ճակատագիր, որը մեկին մեկին Հիտլերի ճակատագիրն է կրկնելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Մեհրաբյանի դիտարկմամբ՝ մենք որևէ պարտավորություն չունենք այդ ժանտախտի հետ որևէ հարաբերություն ունենալ կամ որևէ ձև ասոցացվել․ «Ի դեպ ասեմ, որ խոսքը միայն ՀԱՊԿ-ին անդամակցության մասին չէ։Ընդհանրապես Հայաստան-Ռուսաստան  իրավապայմանագրային ողջ բազայում որևէ արժեքավոր բան այլևս չկա և չի կարող լինել։ Դա մի ինֆեկցիա է, որն անցել է մեզ և դրանից պետք է օր առաջ բուժվել։ ՀԱՊԿ-ից դուրս գալն այդ գործընթացի առաջին, բայց ոչ միակ քայլն է»։ Մեր զրուցակիցը նաև ճիշտ չի համարում ՀԱՊԿ-ն աշխատացնելու մասին խոսակցությունները․ «Ի՞նչ աշխատացնես, աշխատացնես, որ ռուսական զորքը գա լցվի Հայաստա՞ն։ Խոսքն այլևս ոչ թե դաշնակցի մասին է, այլ օկուպանտի՝ շատ պարզ պատճառով։ Ռուսաստանը շատ բաց տեքստով այսօր հայտարարում է, որ ողջ հետխորհրդային տարածքը ռուսական հող է։ Մենք ընդհանրապես այդտեղ ի՞նչ գործ ունենք, ինչի՞ համար պետք է գործ ունենանք»։ Ի՞նչ մտավախություններ ունեն ՀՀ իշխանությունները, որ ուժեղ կլինեն Ռուսաստանի՞ քայլերը, Մեհրաբյանը նկատեց․ «Հայաստանն իր «անվտանգության բարձիկները» բացելու խնդիր ունի, ինչպես դա արվում է վթարի ժամանակ մեքենաներում։Տարբեր երկրներ կատարած այցելությունները՝ առաջին հերթին ԱՄՆ, Ֆրանսիա, պայմանագրերը, որի մասին տեղեկատվություն մենք ստանում ենք արտասահմանյան մամուլից․․․ այդ ամենը խոսում է այն մասին, որ այդ գործընթացը հիմա բավականին ինտենսիվ փուլում է։ Այնուամենայնիվ ես տպավորություն ունեմ, որ իշխանությունը կգնա այդ քայլին, որովհետև տարբերակ չունի՝ չգնալու»,-եզրափակեց նա։