Հայաստանը պետք է գրի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի իր տեքստը և բաց հրապարակի

Հայաստանը պետք է գրի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի իր տեքստը և բաց հրապարակի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը - Պարոն Աթանեսյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։ Նա նշել է, որ բանակցային գործընթացից տեղյակ է ոչ փոքր շրջանակ: «Ես ճիշտ եմ համարում, որ պետք է տեղյակ պահեմ ԼՂ նախագահին։ Ես գիտեմ, որ նա էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն Անվտանգության խորհրդին, նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին»: Ստացվում է՝ թե Հայաստանում, թե Արցախում իշխանությունները տեղյակ բանակցային ամբողջ գործընթացի՞ց։ -Եթե Նիկոլ Փաշինյանը իրականությունն է ասում, իսկ կասկածելու լուրջ հիմքեր չկան, ստացվում է, որ, այո՝ բանակցությունների մանրամասնություններին իրազեկված է Արցախի ողջ քաղաքական էլիտան, որովհետև վերջին շրջանում նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստերին հրավիրում է նաև խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարներին։ - Կա՞ր նորություն Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում, ով նորից վերահաստատեց, որ սեղանին որևէ փաստաթուղթ չկա։ -Իսկ ինչու՞ չկա։ Մի քսան տարի էլ ասում էին՝ ԼՂ շուրջ տարածքների վերադարձ չի քննարկվում, հետո՞։ Հայաստանը պետք է գրի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի իր տեքստը և ոչ միայն դիվանագիտական խողովակներով փոխանցի Բաքվին կամ միջնորդ երկրին, այլև բաց հրապարակի։ - Իսկ այս դեպքում ինչո՞ւ է հապաղում, պարոն Աթանեսյան։ -Չգիտեմ։ Քաղաքական համարձակության պակաս կա, երևի, ներքին անկայունությունից երկյուղ կամ այլ պատճառ ունի։ Չեմ կարող վերագրում կամ ենթադրություններ անել: - Պարոն Աթանեսյան, ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացին անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը կարող է դուրս գալ այստեղից։ Ինչպե՞ս եք սա գնահատում։ - Ես կարող եմ մի ընդհանրացում անել․ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման առաջնահերթությունը պետք է մի քանի անգամ բարձր գնահատվի, քան իշխանություն ունենալ-չունենալը կամ դրան հասնելու հավանականությունը։ Այնպես, ինչպես Փաշինյանն է ձևակերպել, դա շատ չարագուշակ է հնչում։ Մանավանդ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն հայտարարությունից հետո, թե քննարկվում է հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն գործուղելու հարցը։