Մարդիկ, որոնք փորձում էին իրենց որդիներին ՌԴ քաղաքացի դարձնել, մոբիլիզացիայի որոշումից հետո այդ գործընթացը կդադարեցնեն

Մարդիկ, որոնք փորձում էին իրենց որդիներին ՌԴ քաղաքացի դարձնել, մոբիլիզացիայի որոշումից հետո այդ գործընթացը կդադարեցնեն

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը: Պարոն Մարկոսյան, այս տարվա 6 ամիսներին ՀՀ անձնագիր ունեցող Հայաստանից հեռացողների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակից ավելի կրճատվել է: Այս միտումն ինչո՞վ է պայմանավորված: Առաջին 7 ամիսների կտրվածքով ՀՀ անձնագրերով ելքերի և մուտքերի տարբերությունը կազմել է  մոտ - 54 400: Ասենք, մարդու ընտանիքը հանգստանալու նպատակով հուլիսին Հայաստանում չէ, պարզ է, մինուս է գնացել: Այնպես որ պետք է հարաբերական ընդունենք այդ ցուցանիշը, պետք է հաշվի առնենք հանգստի գործոնը, տուրիզմի գործոնը: Օրինակ, ես հուլիսին հանգստ համար դրսում եմ եղել, բայց արդեն վերադարձել եմ, դա պետք է հաշվի առնել: Նաև պետք է հաշվի առնել, որ մեր աշխատանքային միգրանտները, որ գնացել են գարնանը, դեռ չեն վերադարձել, ինչը ևս նպաստում է, որ ցուցանիշը բացասական լինի: Ընդհանուր ուղևորաշրջանառությունը դրական է, բայց հայկական անձնագրերով՝ բացասական է: Հաշվի առնելով, թե ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելուց հետո ինչ է կատարվում օդանավակայաններում, Լարսում, ստացվում է, որ մենք նոր մեծ հոսք ենք ունենալու Հայաստան, և որքանով է մեր երկիրը պատրաստ դրան: Այս պահին դժվար է ասել, թե ինչ հոսք է գալու, ով է վերադառնալու և ինչքան ժամանակով: Եթե իրենք ՌԴ քաղաքացի են, ընդունել են այդ երկրի քաղաքացիությունը, հաշվառված են Ռուսաստանի զինկոմիսարիատներում, ապա իրենց պարտքը պետք է կատարեն այնտեղ: Այնպես որ այս պահին դեռ ժամանակավրեպ է խոսել, թե ով կվերադառնա կամ չի վերադառնա: Հնարավո՞ր է, որ այդ մարդիկ Հայաստանի միջոցով մեկնեն երրորդ երկիր: Այս պահին երրորդ երկիր գնալը բավական դժվար է, մանավանդ ռուսական անձնագրերով մուտքը եվրոպական երկրներ սահմանափակված է այս պահին: Պետք է մի քիչ սպասել, տեսնել ինչի է հանգեցնելու այս գործընթացը: Մենք գիտենք, որ ՀՀ քաղաքացիներից շատերը փորձում էին իրենց որդիներին դարձնել ՌԴ քաղաքացի՝ խուսափելու համար զինծառայությունից: Հիմա որքանո՞վ է պահպանվել այդ միտումը՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն այս պահին ևս պատերազմի մեջ է: Կարծում եմ՝ Ռուսաստանում մոբիլիզացիայի որոշումից հետո իրավիճակը այդ առումով փոխվել է: Այն մարդիկ, որոնք նման գործընթաց էին նախաձեռնել, կարծում եմ՝ կդադարեցնեն, որովհետև այս պահին ՌԴ քաղաքացիություն ստանալը, մանավանդ զորակոչի տարիքի երիտասարդների համար, ենթադրում է, որ այդ երիտասարդը կարող է զորակոչվել ռուսական բանակ: Կարո՞ղ ենք կանխատեսել, որ ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվը ևս կաճի՝ հաշվի առնելով, որ նաև ռուսներն են գալիս ու փորձում այստեղ հաստատվել: Մեծ մասը պարզապես վերականգնել է իր ՀՀ քաղաքացիությունը, կամ էլ ՀՀ անձնագիր է ձեռք բերել որպես երկրորդ քաղաքացիություն: Այսինքն նրանց մեծամասնությունը ՌԴ քաղաքացիությունից չի հրաժարվել: Եթ դու ուզում ես լիարժեք ՀՀ քաղաքացի դառնալ, ապա պետք է հրաժարվես նաև ՌԴ քաղաքացիությունից: Ընդհանուր առմամբ, միգրացիոն սալդոյի վրա ձեր նշած գոծոնը դեռ այդքան չի երևում: Կարող եմ ասել, որ այս տարվա առաջին 6 ամիսներին ՀՀ բնակչությունը այդ գործոնների հաշվին աճել է: Բայց այս պահին դեռ վաղ է ասել, թե Ռուսաստանում մոբիլիզացիայի հետևանքով ինչ շարժեր կլինեն: Դեռ ժամանակ է պետք հասկանալու, թե դա ինչ ազդեցություն կունենա մեր ժողովրդագրական իրավիճակի վրա: