Ո՞րն է ագրեսիայի պատճառը․ Ադրբեջանը շտապում է

Օտարերկրյա վերլուծական կենտրոններն անդրադառնում են ադրբեջանական ագրեսիային՝ վերհանելու Բաքվի ագրեսիվ գործողությունների դրդապատճառներն ու քննարկելով դրանց ժամանակագրությունը։ Այսպես, Միջազգային ճգնաժամային խումբը, մշակելով առկա տեղեկությունները, եկել է եզրահանգման, որ ադրբեջանական կողմն այս փուլում առավել ակտիվ է սահմանային հատվածներում և բացահայտ ուժ է կիրառում, քանի որ աշխարհի ուշադրությունը գրեթե ամբողջությամբ սևեռված է ուկրաինական կոնֆլիկտի վրա։ Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության՝ Մինսկի խմբի համանախագահ արևմտյան երկու տերությունները զբաղված են Եվրոպայում բռնկված պատերազմական հրդեհը մարելով, իսկ համանախագահ երրորդ երկիրը՝ այդ կրակը թեժացնելով։ Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը օգտագործում է պահը՝ առնվազն բարելավելու իր դիրքերը հայ-ադրբեջանական սահմանին՝ զուգահեռաբար օկուպացնելով տարածքներ ու Հայաստանին ենթարկելով ռազմական ճնշման, քաղաքական ու դիվանագիտական հարթություններում ցանկալիին հասնելու համար։ Ըստ ճգնաժամային կենտրոնի վելուծաբանների՝ այս գործողությունները կարող են ուղիղ կապված լինել Ալիևի շտապողականության հետ, քանի որ վերջինս նպատակ ունի մոտակա երկու-երեք ամսում ստիպել հայկական կողմին ստորագրել խաղաղության պայմանագիր, քանի որ անհանգստանում է, որ 2023-ին Էրդողանը կարող է պարտվել ընտրություններում, հետևաբար չի լինելու այն ամուր մեջքը, որը կարողանալու է Բաքվին օգտակար լինել անհրաժեշտության դեպքում։ Վերջապես Ադրբեջանի նկատմամբ ռուսական վերահսկողությունն ու ազդեցությունը նվազել է՝՝ ի հաշիվ թուրքականի։ Դժվար է կանխատեսել, թե արդյո՞ք թուրքական հաջորդ իշխանությունները նույնքան հետևողականորեն կաջակցեն Բաքվին, որքան Էրդողանը և արդյո՞ք նոր թուրքական իշխանությունները կգնան ռուսների հետ առճակատման՝ հանուն Ալիևի։ Սակայն միջազգային ճգնաժամային կենտրոնի վերլուծաբանները վստահ են նաև, որ իրավիճակը չի գնում խաղաղության, քանի որ ռազմական դիսբալանսը Հայաստանի ու Ադրբեջանի միջև այնքան է մեծանում, որ գնալով ամրապնդում է Բաքվի այն մտայնությունը, որ ինքն առանց որևէ միջնորդի, միևնույն է, կարող է Հայաստանից ստանալ ցանկալին՝ ռազմական ուժով։ Բաքուն դեռևս ձեռքում է պահում անկլավների ու էքսկլավների հարցը վերջին փուլում դրանց հաշվին հերթական ռազմական մանևրը իրականացնելու համար։ Միևնույն ժամանակ Ալիևը շարունակում է ագրեսիվ զինել բանակը՝ թույլ չտալով հայկական կողմին հասնել գոնե թե պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Ինչպես կառավարության նիստի ընթացքում նշվեց, ադրբեջանցիները կրակ են բացել ինժիներական աշխատանքներ իրականացնող մարդկանց ուղղությամբ։ Ստացվում է, որ Բաքուն նպատակ ունի կանխել ամեն տեսակ ամրաշինական աշխատանք սահմանային հատվածում՝ հույս ունենալով, որ առաջանալու հնարավորություն է ունենալու։ Իսկ կահավորված հայկական դիրքերի պարագայում այդ առաջխաղացումը դառնալու է ավելի բարդ կամ առհասարակ՝ անհավանական։ Համադրելով այս գործոնները՝ հանգում ենք եզրակացության, որ Ադրբեջանն այժմ լուծում է երեք հիմնական խնդիր նախ ուկրաինական պատերազմի ընթացքին զուգահեռ ապահովում է լոկալ, դիրքային բարելավումներ, դրանք անվանում է հատուկ ռազմական գործողություններ, քանի որ պատերազմ կոչելու դեպքում այն ընկնելու է միջազգային այլ իրավական ընթացակարգի տակ։ Ալիևը նպատակ է հետապնդում ռազմական, քաղաքական, դիվանագիտական ճնշումներով հասնել հայկական կողմի՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը, որն Ալիևի մեկնաբանությամբ ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի ակտ: Եվ երրորդը, այդ ակտով Ալիևը նպատակ ունի վերջնականապես ստանալ Հայաստանից ինչ ուզի՝ անկլավներ, միջանցք, հրաժարում Արցախից, քաղաքական ու դիվանագիտական հավակնությունների զրոյացում արցախահայության իրավունքների մասով, տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառած Արցախը ու դեմարկացիա-դելիմիտացիա այն բնագծերում, որոնցում հիմա կանգնած է ադրբեջանական զորքը, այսինքն՝ հայկական տարածքներում։ Սակայն, արդյո՞ք Ալիևի այս նկրտումներն իրականանալի են, առավել ևս այն պարագայում, երբ արևմուտքը ցուցաբերում է առանձնակի ուշադրություն տարածաշրջանի նկատմամբ։ Ալիևին հեշտ կլիներ հասնել իր նպատակներին, եթե օրինակ՝ ԱՄՆ վերընտրված լիներ Թրամփը, իսկ Մակրոնը պարտվեր ընտրություններում, սակայն առկա կապերի համատեքստում, Հայաստան-Արևմուտք մերձեցման պայմաններում, Հայաստանին, կարծես, փորձում են տալ երաշխիքներ, որ ստորագրված խաղաղության պայմանագիրը երաշխավորված է լինելու առաջատար տերությունների կողմից։ Եթե հարցը վերաբերեր բացառապես ռուսական միջնորդությանը, ապա, այո, կասկածներ կարող էին առաջանալ, որ որևէ փաստաթուղթ երկար կյանք չի ունենալու, քանի որ Բաքվի հետ այս պահին ստորագրած յուրաքանչյուր թուղթ հաջորդ պահին կարող է դառնալ հասարակ անձեռոցիկ։ Հետևապես, մի բան է ստորագրել այդ փաստաթուղթը, մեկ այլ բան՝ երաշխավորել դրա կենսունակությունը։ Վերջապես, գնահատելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի արդյունավետությունը՝ կարելի է եզրակացնել, որ ռուսական երաշխավորությամբ թղթերը չեն աշխատում։ Իսկ գուցե աշխատեն արևմտյա՞ն երաշխիքներով ստորագրությունները։ Պարզ ասած՝ մինչև նման թղթեր չլինեն, գնահատել չի ստացվի։