ՀՖՖ-ի հրատապ որոշումը․ Ինչու Կապառոսի հետ պայմանագիրը խզվեց ժամանակից շուտ

ՀՖՖ-ի հրատապ որոշումը․ Ինչու Կապառոսի հետ պայմանագիրը խզվեց ժամանակից շուտ

Խոակին Կապառոսն այլևս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ։ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և իսպանացի մասնագետը երկկողմանի համաձայնությամբ դադարեցրին համագործակցությունը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հենց այս Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։ Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալությունն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի Հանրապետության համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքը մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար:Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ Աշխարհի Գավաթի որակավորման փուլում՝ հիանալի էմոցիաներ պարգևելով երկրպագուներին։ Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականը գլխավորել էր 2020 թ. մարտին։66-ամյա մասնագետի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրել է 26 հանդիպում, տոնել 8 հաղթանակ, կրել 12 պարտություն, 6 անգամ էլ ոչ-ոքի խաղացել։ Կապառոսի հեռանալով մեր ազգային թիմի համար ավարտվեց ևս մեկ ժամանակաշրջան։ Հիշեցնենք, որ արդեն 2023 թվականի մարտին մեր գլխավոր թիմը կսկսի պայքարը 2024 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Դեկտեմբերին տեղի կունենա Եվրո-2024-ի վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականը բավական բարձր՝ 3-րդ զամբյուղում է։ Հիշեցնենք, որ Կապառոսի և ՀՖՖ-ի միջև պայմանագիրն ավարտվելու էր նոյեմբերի 30-ին։ Ինչու ՀՖՖ-ն ժամանակից շուտ դադարեցրեց համագործակցությունը իսպանացի մասնագետի հետ։ Փորձենք տրամաբանել ՀՖՖ-ի հրատապ որոշումը։ Նոյեմբերին ՖԻՖԱ-ի օրացուցային պլանի համաձայն նոյեմբերին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մեկնարկի շեմին տեղի են ունենալու ընկերական հանդիպումներ։ Ամենայն հավանականությամբ Հայաստանի ազգային թիմն երկու ընկերական հանդիպում կանցկացնի աշխարհի աաջնությանը նախապատրաստվող թիմերի հետ։ Այդ հանդիպումները վերջինը կլինեն Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ։ Ըստ այդմ, այդ հանդիպումները վերջինը կլինեն Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի համար ծանոթանլու ֆուտբոլիստների հետ և նրանց հետ գործնական նախապատրաստական աշխատանք կատարելու համար։ Հետևաբար ՀՖՖ-ն Կապառոսի հետ պայմանագիրը ժամանակից շուտ է խզել, որպեսզի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը ժամանակ ունենա պատրաստվելու Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին։ Այս տարվա մարտին Նորվեգիայից կրած 9։0 հաշվով պարտությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել էր, որ ազգային հավաքականի առաջ խնդիր է դրված նվաճելու 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Հավանականությունը մեծ է, որ արդեն նոյեմբերին Հայաստանի հավաքականը կխաղա նոր մարզչի գլխավորությամբ։ ՀՖՖ-ի հրատապ որոշումը Կապառոսի վերաբերյալ հենց այդ նպատակն է հետապնդում։ Դժվար չէ ենթադրել, որ հրաժարվելով Կապառոսի ծառայությունից ֆուտբոլի ֆեդերացիան աչքի տակ ունի մասնագետների որոնք պատրաստ են գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։ Այս պահին սակայն թեկնածուների անուններ չեն շրջանառվում։ Ըստ ամենայնի ՀՖՖ-ն ազգային հավաքականի նոր մարզչին կներկայացնի մինչև նոյեմբեր։