Կապառոսը պետք է հեռանա․ ՀՖՖ-ի որոշման արժեքը․․․

Կապառոսը պետք է հեռանա․ ՀՖՖ-ի որոշման արժեքը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ձախողվեց Ազգերի լիգայի B դիվիզիոնում վերադռնալով C դիվիզիոն։ 6 խաղում Հայաստանի հավաքականը տարավ ընդամենը մեկ հաղթանակ և կրեց 5 անընդմեջ պարտություն։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմի հետ միևնույն խմբում էին ընդգրկված Շոտլանդիան, Ուկրաինան և Իռլանդիան։ Միակ հաղթանակը մեր հավաքականը տարել էր հունիսին՝ Երևանում, մեկնարկային խաղում 1։0 հաշվով առավելության հասնելով իռլանդացիների նկատմամբ։ 6 հանդիպումներում իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի թիմը խփեց 4 և բաց թողեց 17 գնդակ։ Այս ցուցանիշը կարելի է գնահատել թերևս մեկ բառով՝ վատ։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի առջև ՀՖՖ-ն խնդիր էր դրել պահպանել տեղը B դիվիզիոնում։ Կապառոսին չհաջողվեց լուծել խնդիրը։ Այո, Իռլանդիայի դեմ վերջին խաղում կարող էինք հաղթել, բայց․․․։ Ունենք այն ինչ ունենք և ժամանակն է ամփոփելով Ազգերի լիգայում մեր ելույթը անել համապատասխան հետևություններ։ «Իմ պայմանագրի ժամկետն ավարտվում է նոյեմբերի վերջին, և տեսականորեն սա կարող է լինել իմ վերջին հանդիպումը: Բնականաբար ոչ միայն մարզչական շտաբը, այլև բոլորն են ցանկանում լավ հանդիպում անցկացնել և հասնել այն նպատակին, որ թիմը պահպանի իր տեղը այս խմբում»,- այս հայտարարությունը Կապառոսն արել էր Իռլանդիայի դեմ վերջին հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում: Ամեն ինչ պարզ է ու հստակ, Խոակին Կապառոսը պետք է հեռանա։ Եթե թիմին չի հաջողվում լուծել իր առջև դրված խնդիրը գլխավոր մարզիչը պարտավոր է իր վրա վերցնել ողջ պատասխանատվությունը։ Ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին պարտավոր է հետևություններ անել և իրավիճակը շտկելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել։ Չմոռանանք, որ ՀՖՖ-ն ազգային հավաքականի առաջ խնդիր է դրել նվաճել 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարը մեկնարկում է արդեն 2023 թվականի մարտին։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանի հավաքականը այս վիճակում պայքարել ենթախմբում 1-2 հորզոնականների համար։ Այս հարցը թողնենք թերևս երկրպագուների հայեցողությանը։ Իրականում մեր գլխավոր թիմը գտնվում է բավական ծանր իրավիճակում։ Առաջիկա օրերին ՀՖՖ-ի որոշումից է կախված մեր հավաքականի ճակատագիրը առաջիկա կարևոր մրցաշարում։ Կապառոսի հեռանալու հետո ՀՖՖ-ն պետք է գտնի նոր մարզչի, որին անհրաժեշտ կլինի ժամանակ թիմին ծանոթանալու համար։ Հնարավոր է նոյեմբերին մեր հավաքականը ընկերական հանդիպումներ անցկացնի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվող թիմերի հետ։ Իսկ ո՞ւմ գլխավորությամբ մեր հավաքականը կարող է խաղադաշտ դուրս գալ։ Այս հարցին պատասխանելը ևս դժվար է։ Լիահույս ենք, որ անհաջող ելույթներից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի դիտակետում կան մասնագետներ, որոնք կարող են և պատրաստ են պատասխանատվություն վերցնել և գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն ՀՖՖ-ն մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը իսպանացի մասնագետի հետ։ Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը ապա կարելի է ենթադրել, որ ֆուտբոլի ֆեդերացիան աչքի տակ ունի մարզչի, որը կարող է փոխարինել Կապառոսին։ Այս տարվա մարտին Օսլոյում Նորվեգիայից կրած 9։0 հաշվով պարտությունից հետո պարզ էր, որ Հայաստանի ազգային հավաքականում տեղի է ունեցել փլուզում։ Վերջին 6 հանդիպումներում Կապառոսը փորձեց վերակենդանացնել թիմին, բայց ցավոք չստացվեց։ Մեր հավաքականի անհրաժեշտ են փոփոխություններ, անհրաժեշտ է թարմ արյուն։ Թե ինչ որոշում կկայացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզ կդառնա առաջիկա օրերին։ Իրավիճակը շտկելու կարևոր քայլերից է նոյեմբերին ընկերական հանդիպումներ անցկացնելը։ Մնում է հասկանալ միայն, թե ում գլխավորությամբ մերոնք կնախապատրաստվեն 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։