Հաղթել Ուկրաինային․ Քննություն, որը ձախողելու իրավունք չունենք․․․

Հաղթել Ուկրաինային․ Քննություն, որը ձախողելու իրավունք չունենք․․․

Ժամեր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։ Նախորդ խաղում մերոնք «Հանրապետականում» 1։4 հաշվով զիջել էին Շոտլանդիային։ Խաղ, որը պետք է հաղթեին և դրա համար կային բոլոր նախադրյալները։ Ինչևէ, ունենա այն ինչ ունենք գլխավոր խնդիրը պատերազմական իրավիճակում գտնվող երկրին հաղթանակ պարգևելն է։ Այս տարվա մարտին Նորվեգիայից կրած 9։0 հաշվով պարտությունից հետո մեր հավաքականը Երևանում հաղթեց Իռլանդիային։ Հոգեբական անկումից հետո Կապառոսին հաջողվել էր բեկում մտցնել ազգային թիմում։Գրեթե նույն գործիքակազմով իսպանացի մասնագետին հաջողվեց հաղթել Ազգերի լիգայի C դիվիզիոնում գրանցելով պատմական արդյունք։ Մերոնք հիանալի սկսեցին նաև 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը։ Ցավոք այս տարվա մարտին տեղի ունեցավ հերթական պատմական տապալումը։ Տապալում էր նաև Շոտլանդիայի դեմ խաղը։ «Մենք ձեր աջակցության կարիքը շատ ունենք»,- ձախողումներից հետո սովորաբար ասում են մեր ֆուտբոլիստները: Նմանատիպ կոչեր և խնդրանքներ բազմիցս ենք լսել: Այսօր, սակայն, իրավիճակն այլ է: Ֆուտբոլիստն իսկապես ունի երկրպագուի աջակցության կարիքը: Այսօր խաղադաշտ դուրս եկած յուրաքանչյուր ֆուտբոլիստ պարտավոր է ապացուցել, որ մեր հավաքականում դրական փոփոխություն, այնուամենայնիվ, տեղի են ունեցել: Ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստը պետք է գիտակցի, որ խաղից հետո հաշվետու է երկրպագուին և դժվարին իրավիճակում գտնվող պետությանը: Սա ամենևին չի նշանակում, որ յուրաքանչյուր խաղում մեր հավաքականը պարտավոր է հաղթել: Պարզապես պետք է խաղալ այնպես, որ սեփական խղճի առաջ մաքուր լինելով, պարզ ճակատով կարողանաս շնորհակալություն հայտնել աջակցության համար: Ցավոք, եղել են նախադեպեր, երբ մեր ֆուտբոլիստները «գլուխները կախ» շտապել են դեպի ավտոբուսը:Ինչևէ, եղած եղած է, և հիմա ժամանակը չէ խոսելու նեգատիվ երևույթների մասին, որոնք անցյալում են: Վերջին օրերին շատ էր խոսվում գլխավոր մարզչի մասին: Այո, մարզչից շատ բան է կախված, և կան մասնագետներ, որոնք կարճ ժամանակում բարձր արդյունքներ են ապահովել: Այս պահին, սակայն, մեր իրականությունում առաջնահերթը ֆուտբոլիստների ենթագիտակցությունն է:2007 թվականին Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հանդիպումներ անցկացրեց Լեհաստանի և Պորտուգալիայի հավաքականների հետ: Մեր ֆուտբոլիստները խաղադաշտում ներդրեցին ողջ ներուժը և, կարելի է ասել, գլխից վեր ցատկեցին: Այդ հանդիպումներում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստների ենթագիտակցության մեջ լուսահոգի մարզիչ Յան Պորտերֆիլդն էր, որը տառապում էր քաղցկեղով, սակայն ծանր վիճակում, մահվան շեմին կանգնած էր Հայաստանի հավաքականի կողքին: Այսօր այն բացառիկ դեպքերից է, երբ անցյալում տեղի ունեցածի վրա աչք փակելով՝ հասարակությունը կանգնած է ազգային հավաքականի կողքին:Այսօր մեր ֆուտբոլիստներն ունեն հնարավորություն՝ ապացուցելու, որ լուսավոր հասարակության մի մասնիկն են:Քննությունը պատշաճ կերպով հանձնելու համար կան նախադրյալներ: Քննություն, որը ձախողելը չի ընկալվի և ընդունվի հասարակության կողմից: Այո, կան խնդիրներ, որոնք հիմնականում կադրային են։ Նման խնդիրներ լինելու են միշտ: Այսօր մեր խնդիրն է ոչ թե խնդիրների մասին հիշատակելը, այլ խնդիրները հաղթահարելով արդյունքի հասնելը: