Կիպրոսը կպատասխանի Ալիևին արցախյա՞ն «մետաղադրամով»

Կիպրոսը կպատասխանի Ալիևին արցախյա՞ն «մետաղադրամով»

Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը: Ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության, Արարատ Միրզոյանը Իոաննիս Կասուլիդեսի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափի հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել ռեգիոնալ անվտանգության հարցերին: Հայաստանի և Կիպրոսի շփումները թե բարձր մակարդակում, թե արտգործնախարարների մակարդակում, բավականին հաճախակի են և այդ իմաստով հայ-կիպրական հերթական զրույցը բնականաբար անակնկալ չէ: Ավելին, Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը շաբաթներ առաջ այցելելով Կիպրոս,, նաև հայտարարել էր, որ Երևանը կղզում շուտով կբացի դիվանագիտական ներկայացուցչություն: Հայաստանի և Կիպրոսի շփումները բնականաբար ուշադրության են արժանի նաև հայ-հուն-կիպրական եռակողմ ձևաչափի հեռանկարի տեսանկյունից, որի մասին ազդարարվեց դեռևս 2019-ի մարտին՝ Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի Կիպրոս  այցի ընթացքում, թեև հետագա դինամիկան բավականին սահմանափակ էր թերևս միջազգային իրադարձությունների և այդ ֆոնին նաև Արցախի դեմ պատերազմի հետևանքով: Ներկայումս նշմարվում են եռակողմ ձևաչափի աշխուժացման աշխատանքներ, թեև դեռևս բաց է մնում ի վերջո այդ ձևաչափի առաջին Վեհաժողովն անցկացնելու որոշումը կամ համաձայնությունը, ինչը թույլ կտա արդեն նկատելիորեն արձանագրել նախաձեռնության քաղաքական գոյությունը: Այդ ամենով հանդերձ, Երևանի և Նիկոսիայի միջև արտգործնախարարների մակարդակով օգոստոսի 18-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը ունի ուշադրության արժանի շատ ավելի «մոտ» ֆոն: Օգոստոսի 9-ին Թուրքիայում տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահի հանդիպումը: Նրանք Թուրքիայում էին Իսլամական խաղերի բացման արարողության առիթով: Դա Ալիևի առաջին հանդիպումն էր ինքնահռչակ Կիպրոսի Թուրքական  հանրապետության նախագահի հետ, ու քանի որ այդ հանդիպումը պաշտոնական էր, փաստացի հավասարազոր էր նրան, որ Բաքուն ճանաչում է Հյուսիսային Կիպրոսը: Կիպրոսն այդ առնչությամբ հայտնել է իր բողոքը: Ադրբեջանը փաստացի կարող է լինել Թուրքիայից հետո առաջին պետությունը, որ կճանաչի ինքնահռչակ հանրապետության անկախությունը: Ալիևի համար դա խաղ է, թե Թուրքիայի որոշում, բարդ է ասել: Չի բացառվում, որ այդ կերպ նա ակնկալում է նաև լռեցնել Արցախի կարգավիճակի մասին Արևմուտքից եկող խոսակցությունները, այսպես ասած առևտուր սկսել այդ թեմայով: Այդ համատեքստում, արդյո՞ք Նիկոսիան կարող է մտածել «նույն մետաղադրամով» պատասխան խաղի մասին՝ արցախյան հարցի, ընդ որում մտածել գուցե ոչ առանց Արևմուտքի: Հավանականության դեպքում, սա թերևս մտածելու էական հարց է նաև Երևանի համար, թե ինչպիսին կարող է լինել հնարավոր այդ խաղի տարածությունը, մասշտաբը և հավանական էֆեկտը Հայաստանի ու Արցախի համար, եթե Կիպրոսից ստացվի այդպիսի «առաջարկ»: Գայթակղությունը կլինի մեծ, իսկ գործնական էֆե՞կտը: