Բանակում «կրիմինալ» մթնոլորտ է․ խաղաղ պայմաններում զինվորների մահերի թիվը կտրուկ աճել է

Բանակում «կրիմինալ» մթնոլորտ է․ խաղաղ պայմաններում զինվորների մահերի թիվը կտրուկ աճել է

Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ ՊՆ-ից նշում են, որ տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Վերջերս տարբեր պայմաններում զինվորների մահվան դեպքերի թիվը կտրուկ աճել է։ Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը ցույց են տալիս, որ ԶՈւ-ում փոփոխությունները կոսմետիկ են։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ Կառավարությունը ցանկություն չունի Զինված ուժերում որևէ փոփոխություն կատարելու, նրա անտարբեր վերաբերմունքն ակնհայտ է։ Ո՛չ բանակի ղեկավարությունը, ո՛չ բանակի գերագույն հրամանատարը՝ վարչապետը, քայլեր չի ձեռնարկում  բանակում դրական փոփոխությունների ու առկա խդիրների վերացման համար։ Արցախյան երկրորդ պատերազմից անցել գրեթե երկու տարի, սակայն որևէ դրական տեղաշարժ և փոփոխություն չկա, իսկ դա նշանակում է, որ չեն էլ ցանկանում դա անել։ Դիրքերը կահավորված չեն, զինվորները զոհվում են, վրանները վատ վիճակում են, նույնիսկ այս հարցերին որոշակի լուծում չի տրվում, իսկ թե ինչու չեն անում՝ բացատրություն չկա, ոչ-ոք չգիտի, թե այս անգործության պատճառը որն է, երևի թե՝ չեն ցանկանում աշխատել։ Ամենացավալին այն է, որ սրա հետևանքով զոհեր ենք ունենում, որոնց թիվը չի նվազում, նույնիսկ աճում է։ Խնդրին լուծում տալ ու վատթարագույն արդյունքները կանխել կարող է միայն Կառավարությունը, այն մարդիկ, որոնք այս ամենի համար պատասխանատվություն են կրում, սակայն նրանցից ոչ-ոք չի աշխատում ու չի մտածում այս մասին, չի մտածում անգամ՝ մարդկային կյանքերը խնայելու մասին։ «Փաստացի մինչ պատերազմն էլ ունեինք բազում խնդիրներ, սակայն դրանք չլուծվեցին ու պատերազմից հետո ամեն բան ավելի վատացավ ու անտեսվեց։ Բանակում «կրիմինալ» մթնոլորտ է ու գործում է անպատժելիությունը։ Այն մարդիկ, որոնք պետք է լծվեն այս գործին՝ չեն աշխատում»։ Պատերազմից հետո բանակը շատ է թուլացել և բանակում առկա մթնոլորտն ու խնդիրները հիմա էլ են տանում դրա թուլացմանն ու պառակտմանը, առանց այն էլ մենք կանգնած են նոր պատերազմի առաջ, թուլացած բանակի արդյունքն էլ սա է՝ անդադար նոր տարածքների հանձնում, թուլացում, անկում։ Կարծես թե՝ Հայաստանը այս տեմպերով պետք է հանձնվի ինչ-որ մեկին։ Ալեքսանյանի խոսքով՝ բանակի հրամանատարությունը հայտարարություններ է տարածում, որ նրանք աշխատում են, բարեփոխումներ անում, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, նրանք ոչինչ էլ չեն անում։ Ոչ-ոք պատասխանատվության չի ենթարկվում և պատասխան չի տալիս կատարավածի համար։ Փաստը մնում է այն, որ Պաշտպանության նախարարությունը պատասխանատու է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, սակայն, ինչպես տեսնում ենք, նրանք դա չեն հասկանում, որն էլ հանգեցնում է նման ծանր հետևանքների․ պատասխանատուները զուրկ են պատասխանատվության զգացումից, նրանց վրա անգամ անմեղ զինվորի կյանքն ու մահը չի ազդում։ Ժամկետային զնինծառայողներն անընդհատ թիրախի տակ են։ Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ նախկին իշխանությունների ժամանակ էլ էր վիճակը վատ, նրանք թողել էին կոռումպացված բանակ, բանակ, որտեղ կրկին մահերի թիվը շատ էր, սակայն պատերազմն ավելի վատացրեց վիճակը. «Մենք չենք կարող հույս ունենալ, որ ներկայիս իշխանությունները որևէ քայլ կձեռնարկեն խնդիրների կարգավորման համար, հույս չկա նաև այն հարցում, որ իշխանափոխության դեպքում՝ նոր իշխանությունները կաշխատեն, իսկ նախկիններն էլ եկել-գնացել են, նրանք այլևս կապ չունեն այս ամենի հետ․ ամեն մեկն իր ժամանակն ունի»։