ՔՊ-ն պրիմիտիվ մոտեցում է ցուցաբերել, մտահոգիչ է

Պրոիշխանական մամուլն ու ՔՊ պատգամավորները երեկ ողջ օրը խոսում էին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի մասին, որը մամուլի ազատության մասով հրապարկվել է 2022թ. մայիսին: Հրապարակման ժամանակ այն լայն տարածվել ու քննարկվել է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: Վերջինս ՔՊ քայլը որակեց զավեշտ․ ««Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության 2022թ-ի զեկույցը երեք ամսվա վաղեմություն ուներ: Եթե ՔՊ-ն նոր ձեռքբերումներ չունի, հին զեկույցն է ներկայացնում, դա զավեշտ է: ՔՊ-ն վտանգավոր ապատեղեկատվություն է տարածել, մարդիկ պրոֆեսիոնալ չեն մոտենում իրադարձություններին, պրիմիտիվ մոտեցում է ցուցաբերվել, մտահոգիչ է»,-նշեց Մելիքյանը: