ԵՄ-Բաքու-Մոսկվա՝ դե ֆակտո եռակողմ համաձայնագիր

ԵՄ-Բաքու-Մոսկվա՝ դե ֆակտո եռակողմ համաձայնագիր

Մոսկվան կարծում է, որ Ադրբեջանի ու Եվրամիության ստորագրած գազի մատակարարման ծավալների մեծացման մասին փաստաթուղթը չի հակասում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև 2022 թ. փետրվարի 22-ի դաշնակցային հռչակագրին: Այդ միտքը ճեպազրույցի ժամանակ արտահայտել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվոության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը: Նա նշել է, որ կա օտարերկրյա ներդրողների մեծ հետաքրքրություն Ադրբեջանի էներգետիկ սեկտորի հանդեպ, ավելացնելով, որ ռուս-ադրբեջանական օրակարգում առևտրատնտեսական գործակցության երկարաժամկետ պայմանագրերի կյանքի կոչումն է, նոր ներդրումային ծրագրերի մշակումը: Ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրում, որ Ուկրաինա ներխուժումից բառացիորեն ժամեր առաջ ՌԴ ստորագրած փաստացի վերջին միջպետական փաստաթղթերից էր, նշվում է, որ երկրները համադրված են գործելու էներգետիկ ռեսուրսների հարցում: ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը առերևույթ դուրս է այդ տրամաբանությունից, որովհետև Եվրոպան փնտրում է այլընտրանք հենց ռուսական գազին, որպեսզի այդ կերպ ստանա նաև ՌԴ հանդեպ գազային պատժամիջոցի հնարավորություն: Հետևաբար, տրամաբանությունը հուշում է, որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը չունի ՌԴ-Ադրբեջան դաշնակցային ոգի: Սակայն, ՌԴ ԱԳՆ պաշտոնյան ասում է, որ չկա հռչակագրին հակասող ոչինչ: Եվ, փոքր ինչ խորը դիտարկելու պարագայում դառնում է պարզ, որ հակասող բան կարծես թե իսկապես չկա: Ավելին, ինչպես հնարավոր է նկատել ռուսաստանցի պաշտոնյայի խոսքի տողատակում, Մոսկվան բոլորովին դեմ չլինելով և փաստացի իր հավանությունը տալով Եվրամիության հետ ռուսական գազի այլընտրանքի մասին Բաքվի պայմանագրին, դրա դիմաց Ադրբեջանից ակնկալում, կամ արդեն ստացել է Բաքվի էներգետիկ սեկտորում ներդրումների «իրավունք» կամ «քվոտա»: Այլ կերպ ասած, Ռուսաստանը խնդիր չի տեսնում Եվրամիությանն ավելի շատ գազ մատակարարելու Ադրբեջանի հանձնառության, ԵՄ հետ գործարքի մեջ, եթե Բաքուն ընդունում է ադրբեջանական էներգետիկ սեկտորում ներդրումային ներկայության ընդլայնման հավակնությունը: Հավանաբար Մոսկվան դրանից հրաժարվելը կամ դրան արգելակելը կդիտարկի դաշնակցային հռչակագրի ոգուն հակասող: Մեծ հաշվով, հանգամանքը հերթական անգամ վկայում է, որ գործնականում առկա է դե ֆակտո եռակողմ համաձայնություն՝ ԵՄ-Բաքու-ՌԴ:  Այդ ֆոնին է հատկանշական, որ Լոնդոնում գերարմատական իսլամական ծայրահեղականները գրոհում են Ադրբեջանի դեսպանատունը: Ամբողջ հարցն այն է, որ Եվրոպային էներգետիկ այլընտրանքը անհրաժեշտ է ոչ միայն ռուսական գազից կախվածությունը չեզոքացնելու համար, այլ ընդհանրապես՝ Եվրոպայի սուվերենության աստիճանը բարձրացնելու: Եվ Ադրբեջանի հետ համաձայնագիրը, ինչքան էլ չհնչի տարօրինակ, ԵՄ համար ունի այդ արժեքն ու նշանակությունը: