Ինչ են խոսել Փաշինյանն ու Ռայիսին հայ-իրանական սահմանի առնչությամբ

Ինչ են խոսել Փաշինյանն ու Ռայիսին հայ-իրանական սահմանի առնչությամբ

Օգոստոսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Ինչպես հայտնում է կառավարությունը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ռեգիոնալ իրադրությունը, Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում լարվածության վերջին զարգացումներից և կարևորել նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Հեռախոսազրույցն ուշադրության է արժանի նաև վերջին օրերին հայ-իրանական սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ, կապված ռուս սահմանապահների նոր մոդուլային հենակետերի հետ, որ դրվել են Մեղրի-Ագարակ ճանապարհին, իրականացնում են լրացուցիչ հսկողություն, իսկ այդ ամենն էլ ՌԴ սահմանապահ ծառայությունը պայմանավորել է հայ-իրանական սահմանին օպերատիվ իրադրության լարմամբ: Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռայիսիիի հեռախոսազրույցի մասին կառավարության հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա սահմանի օպերատիվ իրավիճակի լարվածության մասին: Փոխարենը, Իրանի նախագահը «անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի»: Իրանն այդպիսի փորձ է դիտարկում ռուս սահմանապահների քայլե՞րը, թե՞ ՌԴ սահմանապահ ծառայության քայլերն էլ դիտարկում է այդպիսի փորձի կանխարգելման կամ հակազդման միջոց: Այստեղ իհարկե ստույգ գնահատականի համար անհրաժեշտ է ստույգ տեղեկատվություն մանրամասների վերաբերյալ, և այդ թվում և հատկապես այն, ինչ ենթադրում է ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման ամերիկյան առաջարկը, որի մասին հուլիսի 25-ին բարձրաձայնել էր Ալիևի հետ հեռախոսազրույց ունեցած ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: Միևնույն ժամանակ, դատելով այն հանգամանքից, որ վերջին շրջանում նկատվում է ռուս-իրանական հարաբերության կայուն և բավականին դինամիկ խորացում՝ մի շարք կարևոր քայլերի համատեքստում, հնարավոր է ենթադրել, որ Հայաստանի և Իրանի սահմանին ՌԴ սահմանապահների գործողությունները Իրանը չի դիտարկում Ալի Խամենեյիի հայտարարությանը հակասող, եթե իհարկե հայ-իրանական սահմանին ծավալվողը այն «գինը» չէ, որով այլ ուղղություններով խորանում է ռուս-իրանական գործակցությունը, այդ թվում Ադրբեջանի տարածքով Հյուսիս-հարավ ենթակառուցվածքային ծրագրի: