Եղիշե Մելիքյանը ճիշտ էր․ Ինչպես կայացավ սենսացիան․․․

Եղիշե Մելիքյանը ճիշտ էր․ Ինչպես կայացավ սենսացիան․․․

«Մենք գտել ենք Կլուժի թույլ կողմերը: Մենք դա պետք է օգտագործենք, սակայն հիմա չեմ ցանկանում այդ մասին խոսել: Իհարկե, «Կլուժի» ուժեղ կողմերն ավելի շատ են ու մեր գլխավոր առաջադրանքը դրանք չեզոքացնելն է։ Մենք «Փյունիկն» ենք, որը ներկայացնում է մեր ազգը, մեր երկիրը։ Այստեղ գտնվելն արդեն իսկ համարում եմ ամենամեծ մոտիվացիան, քանի որ հանդես ենք գալու մեր երկրի համար։ Ռումինիայում պետք է ցույց տանք, թե ինչպիսին է հայկական ֆուտբոլը։ Դա մեզ համար մեծ պատասխանատվություն է»,- «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը այս հայտարարությունն արել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Կլուժի» դեմ պատասխան խաղից մեկ օր առաջ։ Փաստորեն, Եղիշե Մելիքյանը ճիշտ էր։ «Փյունիկը» չեզոքացնելով մրցակցի ուժեղ կողմերը փայլուն հաղթանակ տարավ դուրս գալով որակավորման երկրորդ փուլ։ Ինչևէ, երեկվա խաղի հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց «Կլուժի» գանացի պաշտպան Բիսմարկ Անջեյ-Բոատենգը։ «Փյունիկը» հավասարությունը վերականգնեց 89-րդ րոպեին։ Անկյունայինից հետո աչքի ընկավ սերբ պաշտպան Զորան Գայիչը։ Պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ արդեն 94-րդ րոպեին «Կլուժի» երկրորդ գոլը խփեց ռումինացի կիսապաշտպան Կլաուդիու Պետրիլան։ 108-րդ րոպեին «Փյունիկը» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Հովհաննես Հարությունյանը վրիպեց հարվածելով դարպասապահի վրա։ Խաղավարտից մեկ րոպե առաջ Զորան Գայիչը երկրորդ գոլը խփեց՝ փրկելով «Փյունիկին» պարտությունից։ Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին մեր ֆուտբոլիստները հաղթելով՝ 4:3 հաշվով:«Կլուժից» վրիպեցին Պետրիլան ու Կամորան, որի հարվածը հետ մղեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։ «Փյունիկից» աչքի ընկան Եվգենի Կոչյուկը, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը եւ Արթուր Ավագյանը։ «Կարծես անիծված լինեմ: Դժվար է ասել՝ ինչ կատարվեց: Տղաները պայքարում էին, ձգտում էին, հավասար խաղ էր: Շատ տխուր եմ, դժվար է բառեր գտնել: Կարծում եմ՝ սա ամենամեծ հիասթափությունն էր, որն ապրել եմ «Կլուժում»:«Կարիերայիս ընթացքում 11 մետրանոցներով ոչ մի խաղ չեմ հաղթել: Կարծես անիծված լինեմ: Անկեղծ ասած՝ 2:1-ի ժամանակ չէի մտածում, որ կհավասարեցնեն հաշիվը: Պարզվեց՝ ֆուտբոլն անկանխատեսելի է և հնարավոր է ամեն ինչ: Ինձ համար եվրագավաթներից ամենացավոտ դուրս մնալն էր: Ցավում եմ երկրպագուների համար, ակումբի, բոլորի, որոնք ունեն իրենց ներդրումը: Վստահ եմ՝ բոլորն են տխրել։ 2:1-ից հետ տղաները ֆիզիկապես հոգնել էին ու հետ էին քաշվել: Երկրորդ կեսում ոչ ոք նրանց չէր խնդրել պաշտպանվել: Ոչինչ չկա ասելու, շատ վատ է: Հայաստանի չեմպիոնը փողոցային թիմ չէ: Նրանց բախտը ժպտաց, հեռացան հաղթանակով: Ինչ կարող ենք անել: Ժամանակին մենք դուրս ենք թողել «Սելթիկին», հավասար պայքարել ենք «Սևիլյայի» հետ: Լուսատախտակին գրված է, որ պարտվել ենք: Մնացածն էական չէ»,- խաղից հետո ասել է «Կլուժի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն։ Ամփոփելով երեկվա հանդիպումը անենք մի քանի կարևոր արձանագրում։ Կարգով մի քանի անգամ ավելի բարձր թիմին նկատմամբ հաղթանակն առաջին հերթին մարզչական էր։ Եղիշե Մելիքյանը ուղղակի շախմատային մատ արեց Պետրեսկուն։ Չմոռանանք Մրցաշրջանի ավարտից հետո «Փյունիկից» հեռացել էին միանգամից 10 ֆուտբոլիստներ, այդ թվում թիմի առաջատարներ Ուգո Ֆիրմինոն, Սերժ Դեբլեն, Գևորգ Ղազարյանը։ Մոտ 10 օրվա ընթացքում Եղիշե Մելիքյանը ձևավորեց թիմ, մարտունակ թիմ։ Առանձնակի ուշադրության է արժանի մեր թիմի ցուցաբերած կամային որակները։ «Փյունիկը» պայքարեց մինչև վերջին վայրկյանը ֆիզիկապես գերազանցելով մրցակցին։ Հայկական ֆուտբոլում տխուր ավանդույթ էր հանդիպման վերջին րոպեներին գնդակ բաց թողնելը։ «Փյունիկը» երեկ կոտրեց այդ ադանդույթը։ Կոտրեց հինալի՝ օրինակելի աշխատանքի շնորհիվ։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում երևանյան ակումբի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը»։ Վստահ ենք և հավատում ենք, որ նույն ոգով շարունակելու դեպքում մեր չեմպիոնը պայքարից դուրս կթողնի նաև այս թիմին։