80 թիմեր ՀՀ մարզերից և Արցախից․ «GOALS»-ի եզրափակիչը՝ հուլիսի 15-ին

80 թիմեր ՀՀ մարզերից և Արցախից․ «GOALS»-ի եզրափակիչը՝ հուլիսի 15-ին

Հուլիսի 15–ին Երևանում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվեն «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամի կազմակերպած աղջիկների ֆուտբոլի «Ասսարյան ազգային մրցաշարի» եզրափակիչ խաղը։ Մրցաշարը, որին մասնակցում են ՀՀ մարզերում և Արցախում գործող շուրջ 80 թիմեր, մեկնարկել է հուլիսի սկզբին։ Երկու շաբաթ տևած մրցապայքարի արդյունքում կիսաեզրափակիչում միմյանց դեմ հանդես են գալու Լոռիի (ք․ Ստեփանակերտ) և Սյունիքի (ք․ Գորիս), Շիրակի (ք․Արթիկ) և Արցախի (ք․ Ստեփանակերտ) թիմերը։ Այս խաղերում հաղթած թիմերն էլ եզրափակչում կպայքարեն գավաթին տիրանալու համար։ Եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի ժամը 12։20-ին, իսկ գավաթի հանձնման և մրցաշարի փակման արարողությունը՝ 13։10-ին։ Սպորտում կանանց ներկայացվածությունը մեծացնելու նպատակով «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամը (GOALS - Girls of Armenia Leadership Sport) Հայաստանի 8 մարզերում և Արցախում հիմնել է կանանց ֆուտբոլային լիգաներ․ 80 թիմերում ներգրավված շուրջ 1000 երեխաներն այստեղ հաճախելով ոչ միայն զարգացնում են ֆիզիկական կարողություններն ու առողջ ապրելակերպ վարում, այլև փոխում կարծրատիպային մտածողությունը, զարգացնում այնպիսի հմտություններ, ինչպիսիք են առաջնորդությունը, հարգանքը, հավասարությունը, թիմային խաղը, խտրականության բացառումը և այլն։ Քանի որ կարծրատիպային մտածողությունը, կրթության որակի խնդիրները, ֆինանսական հնարավորությունների սակավությունը խոչընդոտում են երիտասարդ աղջիկների և կանանց լիարժեք զարգացմանն ու ինքնաիրացմանը Հայաստանի համայնքներում, «GOALS»-ը ՀՀ մարզերում և Արցախում մարզվող 6-16 տարեկան աղջիկների համար ապահովում է ենթակառուցվածքներ, մարզիչներ, սարքավորումներ և այլ ռեսուրսներ: Օգտագործելով սպորտն իբրև սոցիալական ազդեցության միջոց՝ GOALS-֊ը նպատակ ունի երիտասարդներին տալու ինքնավստահություն ընդունելու և հաղթահարելու մարտահրավերները և՛ դաշտում, և՛ դրանից դուրս։ «GOALS»-ը Հայաստանի տարբեր մարզերում ֆուտբոլային լիգաներ և ամառային ճամբարներ և այլ միջոցառումներ է կազմակերպում դեռևս 2016 թ.-ից։ Արդեն ավանդական դարձած ազգային մրցաշարն այս տարի անցկացվում է «Գերի և Լինդա Ասսարյան» հիմնադրամի աջակցությամբ։