8 ակումբ՝ 112․8 միլիոն եվրո․ Մխիթարյանը ներկայացավ «Ինտերի» երկրպագուներին

8 ակումբ՝ 112․8 միլիոն եվրո․ Մխիթարյանը ներկայացավ «Ինտերի» երկրպագուներին

Ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը յուրօրինակ կերպով «Ինտերի» երկրպագուներին ներկայացրեց իր ազգանունը: Հայ ֆուտբոլիստը իր անվան ամեն մի տառի հետ ներկայացրել է մի բառ, որոնց թվում կա նաև Հայաստան անվանումը:«Ինտերը» պաշտոնապես ներկայացրել էր հայ կիսապաշտպանին հուլիսի 2-ին: Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Մխիթարյանը հայտարարել էր Հայաստանի ազգային թիմում իր ելույթն ավարտելու մասին։ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից մինչև 2022 թվականի մարտը՝ ավագը։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 95 խաղում խփած 32 գնդակով։ 10 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է ով ելույթ է ունեցել թոփ-5 առաջնություններից 3-ում՝ Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և Ա սերիայում։ Կարիերան սկսելով Երևանի «Փյունիկում» 2009 թվականին տեղափոխվել էր Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ անցկացնելով 46 հանդիպում՝ դարձել էր 17 գոլի հեղինակ։ 2010 թվականին պայմանագիր կնքեց ուկրաինական ուժեղագույն ակումբներից՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Տրանսֆերը կազմել էր 7.5 միլիոն եվրո։ Աչքի ընկելով փայլուն ելույթներով՝ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում 106 խաղում դարձավ 44 գոլի հեղինակ։ 2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 միլիոն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։Հենրիխի տեղափոխության մասին լուրերը այդ ժամանակ մեծ քննարկումների առիթ էին դարձել։ Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին, որ «Լիվերպուլը» ցանկանում է գնել Մխիթարյանին, սակայն հետագայում լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ գործարքը չի կայանա երրորդ կողմի հետ անհամաձայնության պատճառով։ Մխիթարյանի տեղափոխությունը կարելի էր դասել բարդ տրանսֆերային գործարքների շարքին, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում էին 3 կողմի՝ «Շախտյորին», «Փյունիկին» և Դոնեցկի «Մետալուրգի» սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Բացի այդ, Մխիթարյանը ոչ մի կերպ չէր ցանկանում վերադառնալ «Շախտյոր», իսկ ուկրաինական ակումբը ոչ մի կերպ մտադիր չէր փոխզիջումների գնալ և իր առաջատարին բաց թողնել։ Այնուամենայնիվ, երկարատև ու խառը բանակցություններից հետո «Բորուսիան» կարողացավ «Շախտյորի» ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։ Ինչևէ, «Բորուսիայում» անցկացնելով 141 հանդիպում՝ Մխիթարյանը դարձել էր 41 գոլի հեղինակ։2016 թ. 40 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 63 խաղում խփելով 13 գնդակ։ «Հենրիխն անչափ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով օգտակար է եղել իր նախկին ակումբին՝ «Բորուսիային», և ազգային հավաքականին: Նա թիմային ֆուտբոլիստ է, ով հրաշալի հնարավորություններ ունի: Մխիթարյանը տեսնում է խաղադաշտը և աչքի է ընկնում գոլային հոտառությամբ: Ուրախ եմ, որ նա ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Հավատում եմ, որ նա շատ արագ կհարմարվի թիմին, քանի որ նրա խաղաոճը համապատասխանում է Անգլիայի Պրեմիեր լիգային: Մենք անհամբերությամբ սպասում ենք Հենրիխի հետ աշխատելուն, նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: 27-28 տարեկանների շրջանում լավագույններից մեկն է: Նա հիանալի է, ֆուտբոլային մտքի մանևրումները շատ արագ են ստացվում: Այնքան լավ է, երբ նա գնդակով է»,- հայտարարել էր «Մանչեսթեր Յունայթեդի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:«Սանդերլենդի» դարպասը խփած Մխիթարյանի «կարիճ» գոլը տեղ է գտել BBC-ի տասնամյակի հիշարժան պահերի ցանկում։2018 թվականի հունվարին Մխիթարյանը հայտնվեց «Արսենալում», որտեղ 59 խաղում դարձավ 9 գոլի հեղինակ։ 2019 թվականին Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա», իսկ անցյալ տարի պայմանագիր կնքեց այս թիմի հետ։ «Ինտերը» Մխիթարյանի 8-րդ ակումբն է։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային ընդհանուր հանրագումարը կազմում է 112.8 միլիոն եվրո։ Նշենք,որ «Ռոմայից»՝ «Ինտեր» Մխիթարյանը տեղափոխվեց ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում։