ԿԼ․ Ամեն ինչ կորոշվի «դժոխային» Երևանում և Համրունում․․․

ԿԼ․ Ամեն ինչ կորոշվի «դժոխային» Երևանում և Համրունում․․․

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1։0 հաշվով առավելության հասավ Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» նկատմամբ։ Երևանի «Արարատն» էլ Սկոպյեում 2։0 հաշվով զիջեց «Շկենդիային»։ «Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում, այս պարտությունը մեզ համար ծանր է, բայց մենք դեռ շանսեր ունենք։ Չենք հանձնվում, գիտենք, որ դժվար է լինելու, բայց ունենք լավ երկրպագուներ, նրանց աջակցությամբ կփորձենք վերացնել այս բացասական մթնոլորտը»,- խաղից հետո նշել է «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը։ Մակեդոնական թիմի մարզիչ Արտիմ Շաքիրին նշել է, որ իր թիմը արժանի էր հաղթել խոշոր հաշվով։ Միևնույն ժամանակ Շաքիրին գրանցված արդյունքը համարում է հիանալի։ «Այո, կարող էին էինք հաղթել խոշոր հաշվով, բայց նույնիսկ 2:0-ն հիանալի արդյունք է: Առջևում Երևանյան հանդիպում է։ Դժոխային 90 րոպեներ մեզ համար։ Ես գիտեմ, թե ինչպիսի եղանակ է Երևանում, բայց մենք պետք է պայքարենք, այլ տարբերակ չկա: Ժամանակ ունենք մինչև պատասխան հանդիպումը և համապատասխան հետևություններ կանենք։«Արարատին» երկու հնարավորություն տվեցինք և հայկական թիմը կարող էր մեզ պատժել։ Մենք կվերլուծենք և կուղղենք սխալները, որպեսզի դրանք չկրկնվեն պատասխան խաղում։ Պարզ էր, մրցակցին ամեն գնով փորձում էր կանգնեցնել մեզ բայց մենք օգտագործեցինք մեր հնարավորությունները և արժանի հաղթանակ տարանք»,- ասել է Շաքիրին: Ասել, որ «Շկենդիան» երեկվա խաղով վճռեց դիմակայության ելքը միանգամայն ճիշտ չի լինի։ Այո սեփական հարկի տակ մակեդոնական ակումբն ավելի ուժեղ գտնվեց¸ բայց մրցավեճը ցույց տվեց նաև, որ «Արարատն» ունի այն պոտենցիալը, որը օգտագործելով Երևանում կարող է ետ բերել կորցրածը։ Ինչև վերաբերվում է «Ալաշկերտին», ապա Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիրը հաստատուն քայլ կատարեց դեպ Կոնֆերենցիաների լիգայի որոկավորման երկրորդ փուլ։ Մեր թիմը թարմ տեսք ուներ և կարող էր հաղթել համոզիչ հաշվով։ Ուշադրության է արժանի «Ալաշկերտի» տակտիկական գործողությունները։ Հանուն արդարության նշենք նաև, որ «Համրուն Սպարտանսը» լավ տպավորություն թողեց և լուրջ խնդիրներ ստեղծեց «Ալաշկերտի» պաշտպանների և դարպասապահ Չանչարևիչի համար։ «Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի առթիվ: Անկախ ամեն ինչից՝ մենք հաղթեցինք: Ինքներդ տեսաք, որ բավականին մարտունակ թիմի հետ գործ ունենք: Իհարկե, հաղթանակը շատ կարևոր է: Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին դաշտում: Չեմ կենտրոնանում հաշվի վրա, քանի որ ունենք պատասխան խաղ: Վստահ եմ՝ բոլոր հարցերի պատասխանները լինելու են այնտեղ: Այդ առումով 1։0 հաշիվը, գուցե և թվա, թե լավ չի, բայց ամեն դեպքում մենք հաղթել ենք: Հուսով եմ՝ կհասցնենք վերականգնվել ու երկրորդ խաղն էլ կանցկացնենք լավ մակարդակով: Ինչ վերաբերում է խաղի որակին՝ եկեք հասկանանք, որ սա մեր առաջին պաշտոնական խաղն էր, թիմում բավականին շատ փոփոխություններ էին եղել: Դրվագներով մենք բավականին լավ գործեցինք, լավ ֆուտբոլ խաղացինք: Բայց կան թերացումներ, որոնք պետք է աշխատենք շտկել մինչև հաջորդ խաղը»,- մրցավեճից հետո ասել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։ Մալթական թիմի գլխավոր մարզիչ Բրանկո Նիշևիչը կարծում է, որ իր թիմը ունի հնարավորություն հաղթահարելու հայկական թիմի արգելքը և ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում։ «Կարծում եմ՝ առաջին խաղակեսում «Ալաշկերտն» առավելություն ուներ մեր նկատմամբ, բայց համոզված եմ, որ երկրորդում մեր թիմն էլ լավ խաղաց: Ցավում եմ պարտության համար: Կարծում եմ՝ երկրորդ խաղը կվճռի խաղի ելքը: «Ալաշկերտից» կառանձնացնեմ ձախ եզրը, նաև կենտրոնական գոտին, դարպասապահն էլ վստահ գործեց: Մեզ չէր հերիքում վերջին փոխանցումը: Մոտենում էինք դարպասին, բայց սրությունը չէր հերիքում:Ընդհանուր առմամբ դիտարկել էինք «Ալաշկերտի» բոլոր ուժեղ կողմերը, բայց միշտ չէ, որ հաջողվում է իրագործել ամբողջ պլանավորածը: Մեր պրեսինգը չստացվեց ու եղավ ոչ ուժեղ հարվածը: Փորձելու ենք պատասխան խաղում ավելի շատ պահեր ստեղծել:Դեռ պետք է վերլուծենք խաղը, որպեսզի հասկանանք, թե ինչ մարտավարությամբ ենք խաղալու տանը: Բայց մենք պարտվել ենք այս խաղում, և տրամաբանական է, որ շեշտը դնելու ենք հարձակողական ֆուտբոլի վրա», նշել է Նիշևիչը։ «Ալաշկերտը» և «Արարատը» պատասխան հանդիպումները կանցկացնեն հուլիսի 14-ին։ «Արարատը» կմրցի Երևանում, իսկ «Ալաշկերտը» Մալթայի Համրուն քաղաքում։