«Փյունիկը» ջարդեց մրցակցի որակը․ Ինչ սպասել հուլիսի 13-ին

«Փյունիկը» ջարդեց մրցակցի որակը․ Ինչ սպասել հուլիսի 13-ին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ոչ-ոքի 0։0 խաղաց Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ։ Վերջինս դիմակության ֆավորիտն է և բուքմեյքերները գրեթե չէին կասկածում, որ երևանյան մրցավեճում ռումինական ակումբը կհաղթի։ Ընդհանուր առմամբ «Կլուժը» ուներ տարածքային առավելություն և հաջողության հասնելու մի քանի լավ հնարավորություն։ Կարգով մի քանի անգամ ավելի բարձր մրցակիցը հենց հանդիպման սկզբից փորձեց ճնշում գործադրել և լինել թելադրողի դերում։ «Ինձ համար անակնկալ ոչինչ չկար, քանի որ գիտեի, որ բարդ հանդիպում է լինելու: Հայաստանի չեմպիոնն է «Փյունիկը», ունի լավ ֆուտբոլիստներ: Ինչ վերաբերում է գրանցված արդյունքին, ապա չի արտացոլում խաղի իրական պատկերը: Մենք շատ պահեր ունեինք, բայց սա ֆուտբոլ է ու ամեն ինչ հնարավոր է»,- խաղից հետո ասաց «Կլուժի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն: Վերջինս մրցավեճից առաջ հայտարարել էր, որ Ռումինիայում ֆուտբոլն աղետալի վիճակում է, և որ դիմակայության իրական ֆավորիտը «Փյունիկն» է։ Վերլուծելով երեկվա հանդիպումը հարկ ենք համարում անել մի քանի կարևոր արձանագրում։ Մրցաշրջանի ավարտից հետո «Փյունիկից» հեռացել էին միանգամից 10 ֆուտբոլիստներ։ Այո կարճ ժամանակում Հայաստանի չեմպիոնը համալրվեց նոր ֆուտբոլիստներով, բայց․․․։ Երեկվա խաղում «Փյունիկի» այսպես ասած կեսը նորեկներ էին։ Բնական է, որ Հայաստանի չեմպիոնի մոտ կար խաղացվածության և փոխհամագործակցության խնդիր։ Մեր ֆուտբոլիստները դժվարությամբ էին դուրս գալիս սեփական կիսադաշտից։ Խնդիրներ կային նաև դաշտի կենտրոնում։ Նման գործիքակազմով սակայն ռումինական բավական ուժեղ թիմի հետ ոչ-ոքի արդյունքը պետք է համարել բավարար։ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախընտրել էր, բալանսավորված՝ միևնույն ժամանակ զգուշավոր մարտավարություն։ «Փյունիկը» մեծ ուժեղ չէր գործադրում գորհները զարգացնելիս։ Ընդունենք, որ սեփական հարկի տակ պարտությունը գործնականում կզրկեր դիմակայությունում հաղթելու հնարավորությունից։ Երեկվա խաղն ու արդյունքը ցույց տվեց սակայն, որ «Կլուժը» անհաղթահարելի մրցակից չէ։ «Փյունիկն» ունի հնարավորություն պատասխան խաղում հաջողության հասնելու։ «Այն խնդիրներով, որ մոտեցել էինք խաղին, կարծում եմ, որ նորմալ արդյունք է: Տղաներն առավելագույնն արեցին, ինչքանով այսօր պատրաստ էր թիմը: Վերլուծել էինք մրցակցին: Ես մեկնել էի Ավստրիա նայելու նրանց ընկերական խաղերը: Չէին սպասում, որ այնտեղ կլինեմ, բայց ես այնտեղ եղել եմ: Լավ վերլուծել եմ: Այսօր ստացանք դրա արդյունքը՝ փակելով նրանց ուժեղ կողմերը: Խաղից առաջ նշել էի, որ եթե անենք այն, ինչ ծրագրել ենք, ապա շատ խնդիրներ կլուծենք։ Կարծում եմ, որ ստացվեց, գրանցեցինք դրական արդյունք։ Ամեն դեպքում դժվար էր, որովհետև նոր թիմ ենք: Փաստորեն, տասը օրում ենք թիմ հավաքել ու խաղացինք Չեմպիոնների լիգայում: Տասը օրում շատ բան ենք հասցրել: Տակտիկապես մեր սխեման համապատասխանում էր մրցակցի մարտավարությանը: Բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեին որոնք ստիպում էին մեզ սխալվել: Մեր սխալները հենց դրանով էին պայմանավորված, ճնշում էին: Մրցակիցը նաև գոլային պահեր ուներ, որոնք չօգտագործեցին: Ինչ-որ տեղ համաձայն եմ «Կլուժի» մարզչի հետ: Մյուս կողմից կարծում եմ ավելի խելացի խաղացինք, քան ռումինական ակումբը: Խոսքը հատկապես վերաբերվում է թիմային խաղին: Գրագիտությամբ ու բնավորությամբ երևի հաղթեցինք նրանց: Հասկացանք, որ կարելի է կարգապահության, բնավարության ու կազմակերպվածության հաշվին փակել, ջարդել մրցակցի որակը: Այսօր ստացվեց: Կարևոր խաղ ունենք առջևում, որն ավելի դժվար է լինելու: Պետք է շատ լուրջ պատրաստվենք: Կրկնակի դժվար է լինելու խաղը մրցակցի հարկի տակ: Կարճ ժամանակում պետք է փորձենք լուծել որոշակի խնդիրներ»,- խաղի հետո ասեց Եղիշե Մելիքյանը: Վերջինս ըստ էության ներկայացրել է այն խնդիրը որը մեր չեմպիոնը պետք է լուծի։ Այո, Երևանում «Փյունիկին» հաջողվեց ջարդել մրցակցի որակը, բայց․․․։ Հուլիսի 13-ին կայանալիք պատասխան խաղում հայկական թիմի խնդիրը լինելու է խաղային առումով կոտրելու մրցակցի ողնաշարը։ Այո խնդիրը բարդ է, բայց կարծում ենք՝ լուծելի։