Երևանի հետ հարաբերությունների հաստատման համար Անկարան սպասում է ուկրաինական պատերազմի ելքին

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ Վիեննայում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի ներկայացուցիչը Սերդար Քըլըչն առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին և մայիսին Վիեննայում: Կողմերը հայտարարել էին, որ բանակցությունների վերջնական նպատակն է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ: Գոչունյանի խոսքով` հայ-թուրքական գործընթացում առաջընթաց չկա. «Այս պահի դրությամբ Հայաստանին և Թուրքիային չի հաջողվել բանակցությունները առաջ տանել: Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կայունացումը համահավասարություն չունեն: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալիզացումը ավելի հրատապ է Երևանի համար»: