Լրտեսական ցանցն ու ճակատագրական իրադարձությունը Հայաստանում

Լրտեսական ցանցն ու ճակատագրական իրադարձությունը Հայաստանում

Հայաստանի հանրությունը զարմանում, կամ արդեն չի էլ զարմանում պետական դավաճանության այն գործերի բացահայտումից, որի մասին հայտնում է Հայաստանի կամ Արցախի ԱԱԾ-ն: Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է նոր բացահայտման մասին, նշելով գործակալական ցանցի մասին: Տարբեր քաղաքացիներ, որոնք հիմնականում զինվորական ոլորտի ներկայացուցիչներ են, փողի կամ այլ նյութական շահագրգռության դիմաց տարիներ շարունակ տեղեկատվություն են փոխանցել Ադրբեջանին, արել են դա պատերազմից առաջ և շարունակել են դա պատերազմից հետո: Օրերս առցանց ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց այդպիսի մոտ 50 գործի մասին, թեև որևէ կերպ հնարավոր չէ վստահ լինել, որ չեն լինելու նորանոր բացահայտումներ: Ի վերջո, դրանց արդեն իսկ առկա շարքը խոսում է այն մասին, որ գոյություն է ունեցել սիստեմավորված, տարիներ շարունակ մշակված և գործողության մեջ դրված մեխանիզմ: Այդ ընթացքում ինչ են արել ԱԱԾ պատասխանատուները, թերևս ունի պատասխան նրանց ներկայիս գործունեության ձևաչափի տեսքով: Խոսքն այն այսպես ասած ԱԱԾ վետերանների միության մասին է, որ ձևավորել են համակարգի տարբեր տարիների բարձրաստիճան պաշտոնյաներ և որը գործնականում իրականացնում է ընդդիմադիր քաղաքական ֆունկցիա: Լինելով նախկին կառավարող համակարգի մաս, այդ պաշտոնյաները ներկայումս այդ համակարգի ընդդիմաադիր կարգավիճակի մաս են՝ այսպես ասած մասնագիտական ձևաչափի ներքո: Իսկ դա ակնառու է դարձնում, որ նրանք կառավարող կարգավիճակի պայմաններում ևս զբաղվել են առավելապես քաղաքական համակարգի խնդիրներով և դրանց լուծմամբ, այլ ոչ թե պետական անվտանգության համակարգով: Այստեղ սակայն, խնդիրը իհարկե շատ խորն է և մեծ հաշվով մոլորություն կամ շեղում կլինի, եթե դրա ամբողջ պատասխանատվությունը բարդվի մեկ կառույցի կամ այդ կառույցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վրա: Նրանք գործնականում կամա, թե ակամա, բայց ներգրավված են եղել հայկական պետականության դեմ գործող մեծ համակարգում, որն իր մասշտաբով և հավակնություններով աշխարհաքաղաքական ընդգրկում ունեցող համակարգ է: Այլ կերպ ասած, Հայաստանում Ադրբեջանի հատուկ ծառայությունների հավաքագրումները այդ մեծ և խորը համակարգի դետալ են, մաս, և գործ ունենք ոչ թե հայ-ադրբբեջանական դիմակայության հետ, այլ Հայաստանի և եվրասիա-թյուրքական աշխարհաքաղաքական համակարգի դիմակայության հետ: Միայն պատկերացնելով խնդրի իրական և առավելագույնս ամբողջական մասշտաբները, մենք կկարողանանք հասկանալ, թե որն է մեր անելիքը, որքան է մեր հնարավորությունների սահմանը, որոնք են մարտահրավերների աղբյուրներն ու հնարավոր ձևերը: Արցախյան առաջին պատերազմի արդյունքը խորը «սեպ» էր եվրասիա-թյուրքական աշխարհաքաղաքական նախագծի համար, որը աշխուժացվեց Ռուսաստանում 1998 թվականին դե ֆակտո տեղի ունեցած իշխանափոխությամբ, ինչին նախորդել էր տնտեսական խորը անկումը, ճգնաժամը ու այսպես ասած ազատական-ժողովրդավարական թևի պարտությունը: 1999-2000-ին այդ իշխանափոխությունը ձևակերպվեց պաշտոնապես: Գրեթե զուգահեռ Հայաստանում տեղի ունեցավ երրորդ հանրապետության պատմության ճակատագրական իրադարձությունը: