Մեր տնտեսությունը նորմալ դիմադրողականություն է ցուցաբերում

Մեր տնտեսությունը նորմալ դիմադրողականություն է ցուցաբերում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ տնտեսական հարցերի փոխնախագահ Բաբկեն Թունյանը  Պարոն Թունյան, տարբեր կանխատեսումներով՝ աշխարհում նոր ֆինանսատնտեսական ճգնաժամ է սպասվում։ Որքանով է Հայաստանը ժամ առաջ քայլեր ուղղում այդ ուղղությամբ։ Այո, աշխարհում բավականին դժվար իրավիճակ է ստեղծվե, որը նաև Հայաստանի վրա է ազդում: Բայց ցանկացած ճգնաժամ բացի դժվարություններից նաև որոշակի հնարավորություններ է ստեղծում: Հայաստանի վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվել են մեր տնտեսության վերաբերյալ նոր տվյալները հունվար-մայիս ժամանակահատվածի համար և ունենք տնտեսական ակտիվության աճի արագացում՝ 9,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցվել: Չգիտեմ՝ մինչև տարեվերջ կհաջողվի այդ տեմպը պահպանել, թե ոչ, բայց այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ մեր տնտեսությունը նորմալ դիմադրողականություն է ցուցաբերում: Պարոն Թունյան, դոլարի արժեզրկումը արդյոք տնտեսության համար լուրջ մարտահրավերներ չի առաջացնելո՞ւ։ Դրամի արժևորումը որքանով է գնաճի համար զսպող հանգամանք։  Դրամի արժևորումը ունի թե դրական, թե բացասական հետևանքներ, և այդ մասին բազմիցս խոսվել է: Դրամի արժևորումը դժվարություններ է ստեղծում մեր այն արտահանողների համար, որոնք իրենց արտադրանքն արտահանում են այն երկրներ, որտեղ վճարումը կատարվում է դոլարով, այսինքն Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի տարածքից դուրս, որովհետև իրենք դառնում են պակաս մրցունակ: Բայց մյուս կողմից, սա թույլ է տալիս որպեսզի դոլարով ներմուծված ապրանքները չթանկանան: Ներմուծվող ապրանքների մասով դրամի արժևորումը որոշակի զսպող ազդեցություն ունի, եթե մնացած գործոնները նույնն են: Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի պետբյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 40 մլրդ դրամով: Ավելացած գումարը ինչի՞ վրա պետք է ծախսի կառավարությունը։ Որքանո՞վ մեր անվտանգային կարիքները պետք է ճիշտ գնահատվեն և սլաքներն ուղղվեն այդ ուղղությամբ։ Այս պահին չեմ կարող ասել՝ ինչի վրա կծախսվեն այդ միջոցները: Կառավարությունը կորոշի: Դուք ձեր հարցում նշել եք անվտանգային կարիքները, բայց միայն դա չէ: Ըստ անհրաժեշտության կորոշվի, թե որ ուղղությամբ է պետք այդ գումարները ծախսել: Միշտ նշվել է, որ խնդիրը ոչ միայն լրացուցիչ եկամուտներ ունենալն է, այլ նաև ծախսերը ժամանակին և ճիշտ կատարելը: Մենք պետք է կարողանանք կապիտալ ծախսերը ամբողջ ծավալով իրականացնել, իսկ թե ինչպես կբաշխվի այս 40 մլրդ դրամ լրացուցիչ գումարը, դա արդեն բյուջեի մեջ համապատասխան վերաբաշխումների ժամանակ հասարակությունը կիմանա: