Ռուբեն Հայրապետյանից հետո․ «Փյունիկի» ծանր, բայց արդարացի հաղթանակը

Ռուբեն Հայրապետյանից հետո․ «Փյունիկի» ծանր, բայց արդարացի հաղթանակը

Երևանի «Փյունիկը» Հայաստանի 15-ակի չեմպիոն է։ Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում «Փյունիկը» մրցելով «Արարատի» հետ Սերժ Դեբլեի խփած գոլի շնորհիվ առավելության հասնելով 1։0 հաշվով, ժամանակից շուտ ապահովելով առաջին հորիզոնականը։ Ավելի ստույգ «Փյունիկն» ունի 74 միավոր և վերջին տուրից առաջ 3 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»։ Վերջինս տեսականորեն կարող է հավասարվել «Փյունիկին», բայց վերջինս անձնական հանդիպումների հաշվարկով ունի առավելություն։ Ընթացիկ առաջնությունում այս թիմերը միմյանց հետ 4 հանդիպում են անցկացրել, որոնցից 2-ն ավարտվել է «Փյունիկի» հաղթանակով, մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ մեկ խաղում էլ հաղթել է «Արարատ-Արմենիան»։ Նշենք, որ առաջնության առաջին հատվածի ավարտից հետո «Արարատ-Արմենիան» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը ութ միավորով գերազանցելով «Փյունիկին»։ Գարնանային հատվածում «Փյունիկը» Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ էական վերելք գրանցեց։ «Արարատ-Արմենիան» իր հերթին ունենալով չեմպիոն դառնալու իրական հնարավորությունը ուղղակի ձախողվեց։ Ամեն դեպքում հարկ ենք համարում արձանագրել, որ Եղիշե Մելիքյանը կարճ ժամանակահատվածում ստեղծեց մարտունակ կոլեկտիվ։ «Փյունիկը» արժանիորեն նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը։ « Մեր թիմին, ակումբին, մեր երկրպագուներին շնորհավորում եմ։ Մենք շատ բարդ հարց լուծեցինք, շատ դժվար ստացվեց։ Մինչև այսօր մեր ամեն խաղը շատ դժվար է եղել, հեշտ հաղթանակ չենք ունեցել։ Չեմպիոն դառնալը շատ դժվար էր, քանի որ ուժեղ մրցակիցներ ունենք, շատ ուժեղ մրցակցություն։ Եվ ունեինք 8 միավորի տարբերությունը, ինչը զգում էինք։ Շատ վատ սկսեցինք, բայց դուրս եկանք այդ դժվարությունից։Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր նախագահին, որ այս դժվարին պահին միշտ մեր կողքին է, ու մենք ոչ մի խնդիր չենք ունեցել, ոչ մի վայրկյան դժվարությունները չենք զգացել։ Շնորհակալ եմ ու շնորհավորում եմ մեր երկրպագուներին։ Մարզչական շտաբին, ակադեմիայի սաներին․․ բոլորին, որ միշտ մեզ հետ են եղել։ Եվ, ամենակարևորը, մեր ֆուտբոլիստներին, որ նվիրված աշխատեցին։ Մենք ունեինք 25 ֆուտբոլիստ, որոնցից 18-ը խաղում էին։ Մյուսներին, որոնք չէին խաղում, շնորհակալ եմ իրենց ճիշտ պահվածքի համար։ Այդ ամենը մեզ բերեց հաղթանակին։ Մենք ունեինք «Ուրարտուի», «Արարատ-Արմենիայի», Երևանի «Արարատի» պես մրցակիցներ։ Եվ ընդհանրապես բոլորը թիմերի դեմ խաղերը բարդ բայց մոտիվացնող են եղել։ Կրկնում եմ Բոլորը մեզ մոտիվացրել են, բայց բոլորի հետ շատ դժվար ենք խաղացել։ Խաղեր են եղել, որ մեր բախտը բերել է․ մրցակիցն ավելի լավ ֆուտբոլ է խաղացել։ Իսկ «Արարատ-Արմենիան» իսկապես լուրջ մրցակից էր։ Կար ռիսկ, որ կարող էինք բաց թողնել հաջողությունը․ նրանք շատ ուժեղ թիմ ունեն»,- երեկվա հանդիպումից հետո ասել է Եղիշե Մելիքյանը։ Նշենք, որ «Փյունիկը» վերջին անգամ Հայաստանի չեմպիոն էր դարձել 7 տարի առաջ։ Այն ժամանակ թիմը պատկանում էր ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Ակումբի ներկայիս սեփականատեր Արթուր Սողոմանյանի օրոք «Փյունիկը» կարող էր Հայաստանի չեմպիոն դառնալ նաև 2019 թվականին, սակայն դեռևս Ռուբեն Հայրապետյանի շահերը սպասարկող մրցավարները Արտակ Սիմոնյանի գլխավորությամբ չեմպիոն սարքեցին հայտնի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Արարատ-Արմենիային»։ Պետք է արժանին մատուցել «Փյունիկի» ներկայիս սեփականատիրոջը, որը ծանր պայմաններում չհուսահատվեց և ի վերջո թիմը նաև դե յուրե հայտնվեց բարձունքում։ Առաջիկա հուլիսին «Փյունիկը» Հայաստանը կներկայացնի չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Հունիսի 14-ին տեղի կունենա այս մրցաշարի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հաշվի առնելով «Փյունիկի» վերելքը Հայաստանի առաջնութունում հույս ունենք¸որ եվրագավաթների մրցաշարերում մեր թիմը լուրջ հաջողություններ կգրանցի։ Վերջին տարիների «Փյունիկը» եվրագավաթներում խաղալու մեծ փորձ ունի և արդեն իսկ գրանցել է նշանակալի հաջողություններ։