Բրյուսելյան հանդիպումը հունից հանում է Մոսկվային, իսկ Թուրքիային՝ զայրացնում

Բրյուսելյան հանդիպումը հունից հանում է Մոսկվային, իսկ Թուրքիային՝ զայրացնում

Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Սա կողմերի բրյուսելյան 3-րդ հանդիպումն էր: Առաջինը նույն ձևաչափով հրավիրվել էր դեռևս 2021 թ. դեկտեմբերի 14-ին, իսկ երկրորդը՝ ընթացիկ տարվա ապրիլի 7-ին: Առաջին հանդիպմանը կողմերը համաձայնության էին եկել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների շուրջը, այդ թվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև, իսկ երկրորդին որոշվել էր Հայաստան-Ադրբեջան հաշտության պայմանագրի ստորագրմանը միտված գործընթացի սկզբնավորումը: Մինչ հանդիպումը ԵԽ նախագահը առանձնազրուց էր ունեցել վարչապետ Փաշինյանի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել էին Հայաստանին հատկացվող 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման ընթացքը: Փաստորեն մայիսի 22-ի հանդիպման օրակարգը կանխորոշվել էր դեռևս ապրիլի 7-ին: Հանդիպումը, ինչ խոսք, եղել հայաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Դրան առանձնակի ուշադրությամբ հետևել են նաև ռուսական և թուրքական լրատվամիջները՝ այն գիտակցությամբ, որ 3-րդ կողմի յուրաքանչյուր նախաձեռնություն հանգեցնելու է Մոսկվայի և Անկարայի դիրքերի թուլացմանը  Հարավային Կովկասում: Թերևս դրանով պետք է պայմանավորել եռակողմ հանդիպմանը ՌԴ արտգործնախարության հիվանդակին արձագանքը, ինչպես նաև Թուրքիայի արտգործնախարարի անընդմեջ կրկնվող անփառունակ հայտարարություններն ամեն մի հանդիպումից առաջ: Հանդիպման ավարտին ԵԽ նախագահ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ և ամփոփել է արդունքները, բնութագրելով դրանք նախապես «անկեղծ և արդյունավետ»:  Շառլ Միշելի ասել է, որ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպմանը, բացի «կալանավորներին ազատելու և անհետ կորածների ճակատագիրը ճշտելու» պես հումանիտար հարցերից, որոնց շրջանակում ինքը շեշտել է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, մանրամասն քննարկվել են սահմաններին, հաղորդակցությանը, խաղաղության պայմանագրին և սոցիալ տնտեսական զարգացմանն առնչվող խնդիրները: Նա նշել է, որ առաջիկա օրերին Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը և դա կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանի սահմանազատմանը: Նրա հավաստմամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության են եկել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում, ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա վերջիններս պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորղ ապագա խաղաղության պայմանագրի քննարկումները և այս գործընթացը առաջիկա շաբաթներին առաջ են տանելու երկու երկրների ԱԳ նախարարների գլխավորած հանձնաժողովները: Թե ի՞նչ արդյունքի կհանգեցնեն ԵԽ նախագահի միջնորդությամբ իրականացվող հանդիպումները, ցույց կտա ժամանակը: Բայց որ դրանք, ինչպես նաև արևմտյան ամեն մի միջամտություն Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին, հավասարակշռությունից հանում է պաշտոնական Մոսկվային, ակնհայտ է, հատկապես եթե դրանք ընդունելի են Հայաստանի համար: Ինչպես երևում է այդ միջնորդություններն ընդունելի են դարձել նույնիսկ Ադրբեջանի համար, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման ջանքերին բուռն հակազդեցությամբ արձագանքող Ալիևը, ընդունելով ապրիլի 4-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին Բաքվում, հայտարարել է. «Եվրոպայի խորհուրդը կարող է հարթակ դառնալ, որը կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման գործընթացին Հարավային Կովկասում»։ Ի դեպ՝ ապրիլի 18-ին էլ ՀՀ վարչապետն ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ հանդիպմանը կարևորել էր Միացյալ Նահանգների դերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություն: Մայիսի 3-ին նրա գնահատականը արժանացավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի արձագանքին և վերջինը իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ վարչապետին Ադրբեջանի հետ երկխոսության ընացաքում դրսևորած «տեսլականի, քաջության և ճկունության» համար:  Ապրիլի 22-ին Փաշինյանը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին ընդունելիս  բարձր էր գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքեր, իսկ մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Մոսկվայում դատապարտել  ՀԱՊԿ-ին, նկատի առնելով այս կազմակերպության դաշնակցին անվայել անփառունակ գործունեությունը 44-օյա պատերազմի ողջ ընթացքում: Հատկանշական է, որ ՀՀ վարչապետը բարձր գնահատականներով եթե ողջնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրոպայի խորհուրդի ակտիվացումը Հարավային Կովկասում ծավալվող գործընթացներում, իսկ Ադրբեջանի նախագահը չէր առարկում, հանկարծ ապրիլի 22-ին ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարում է. «Բրյուսելը փորձում է յուրացնել եռակողմ պայմանավորվածությունները»: Նա մեղադրում է ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որ ազդանշան չեն ուղարկել ռուսական կողմին Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամության մասին, հավելելով. «Մենք նման ազդանշաններ չենք ստացել, ոչ էլ սպասում ենք»: Պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման թեմայի շուրջ ԱՄՆ-ի և Եվրամիության դիվանագիտական ակտիվության մասին հարցին՝ Մարիա Զախարովան ասում է. «Վերոնշյալ «բարձր դիվանագիտական ակտիվությունը» նկատելիորեն աճել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով փոխգործակցությունից մեր մասնակցությամբ։ Նման զուգադիպությունները պատահական չեն լինում: Ինչպես նաև Բրյուսելի անամոթ փորձերը՝ յուրացնելու բարձր մակարդակով ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանավորվածությունների թեման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից անցյալ տարի առաջարկված օրակարգը»: Հատկանշական է, որ ապրիլի 7-ին բրյուսելյան 2-րդ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արձագանքելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի «Փաշինյան ու Ալիևի արագ խաղաղ համաձայնագիր կնքելու» մասին հայտարարությանը, Ռուսաստանին անտեսելու համար կասկածի տակ էր դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործունեության նպատակահարմարությունը, ապա ասել՝ «Ես չգիտեմ ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը, քանի որ այդ խմբի ամերիկացի և ֆրանսիացի մեր այսպես կոչված  գործընկերները՝ ռուսաֆոբիայով տառապող, ձգտում են մերժել այն ամենը, ինչը վերաբերում է Ռուսաստանին: Նրանք չեղարկել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը՝ հայտարարելով, որ իրենք մեզ հետ չեն շփվելու այս ձևաչափով: Դա իրենց իրավունքն է: Եթե իրենք պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը Ղարաբաղում և ընդհանրապես Հարավային Կովկասում, սա իրենց ընտրությունն է: Ոչ միայն կոնկրետ այս հիմնախնդիրը, այլև մնացած բոլոր հիմնախնդիրները իրենց ռուսաֆոբ քաղաքականության պատանդն են դարձնում»: Հատկանշական է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ մայիսի 19-ին, ի տարբերություն ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ռուսաֆոբիայով տառապելու մեջ մեղադրող Լավրովի, Հայաստանին է մեղադրել երկրի արմատական շրջանակներին և Սփյուրքին տուրք տալու հետևանքով Ադրբեջանի ցուցաբերած բարի կամքի դրսևորումներն անտեսելու մեջ: Քանի որ Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները որոշել և ստորագրել են համատեղ հայտարարություն, ըստ որի նորմալացման գործընթացը պետք է ծավալվի առանց որևէ նախապայմանի, ինչը պարտավորեցնող է կողմերի համար, ուստի թուրքական կողմը, ի դեմս արտգործնախարար Չավուշօղլուի, նախապայմաններ առաջադրելու փոխարեն, նախընտրում է հայկական կողմին հորդորել , որ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր ստորագրի: Այդ ընթացքում հորդորները վերաճում են նախապայմանի: Թեև ապրիլի 7-ի բրյուսելյան 2-րդ հադիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը խոսել էր հաշտության մասին, սակայն ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնակատար Ժոզեֆ Բորելը, ինչպես թուրքական կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությունն է նշել, ասել է, որ  «Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս շատ հեռու են հաշտության հանգելու եզրակացությունից»: Ռուսաստանի պարագայում խնդիրը, ինչ խոսք, Զախարովայի բնութագրած Բրյուսելի անամոթ փորձերը չեն, ոչ էլ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ռուսաֆոբիա վերագրելու Լավրովի մտավարժանքները, այլ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական հարաճուն ակտիվության և Ուկրաիանի ռուսական ներխուժումով առաջացած ճգնաժամի արձագանքները: Եթե ակտիվության պատճառով տարածաշրջանի գործընթացներում նախաձեռնությունը հետզհետե անցնում է ԱՄՆ-ին ու Եվրոպական միությանը, ինչը հանգեցնում է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը ռուսական գերազդեցության տարածքի համարում ունեցող Հարավային Կովկասում, ապա ուկրանիական ժգնաժամն աժխուժացնում նոր աշխարհակարգի ձևավորման հարցի վերարծարծումնեը միջազգային ասպարեզում: Այդ ընթացքում Ռուսաստանը միջազգայնորեն մեկուսանում է, իսկ Պուտինը մերձավոր շրջապատի հետ դառնում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների թիրախ: Սակայն դրանք առանձին խնդիրներ են, մասնավորապես նոր աշխարհակարգի ձևավորումը, ուստի մասնավոր մոտեցում են պահանջում: