Արցախի կարգավիճակի «եվրոպական ճանապարհը»

Արցախի կարգավիճակի «եվրոպական ճանապարհը»

«Իրավունքներն ու անվտանգության հարցը եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորման հիմնական խնդիրներից մեկը և առանց այս թեմային անդրադառնալու չենք կարող հասնել համապարփակ կայուն լուծման»: Այդ մտքի հեղինակը Հարավային Կովկասի հարցերի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն է, որը արտահայտվել է Բրյուսելում Շարլ Միշելի հայտնի հայտարարության առնչությամբ՝ «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության» մասին: Փաստացի, ԵՄ հատուկ ներկայացուցիչը ասում է այն, ինչի մասին խոսեցի Բրյուսելի հանդիպումից հետո Միշելի այդ հայտարարության առիթով Հայաստանում հնչող աղմկոտ գնահատականների համատեքստում: Այո, զուտ ձևակերպումների առումով այդ հայտարարությունը այն չէ, ինչ պատկերացնում և նպատակադրում ենք մենք՝ հայերս, Հայաստանն ու Արցախը, սակայն քաղաքականությունն էլ լոկ այն չէ, ինչ ասվում է կամ ինչպես ասվում է զուտ տվյալ պահին: Քաղաքականությունը գործընթաց է, որի գնահատումը պահանջում է իրադրության ավելի լայն և խորքային, ավելի հեռահար չափում: Ահա այդ իմաստով, 44-օրյա պատերազմի և դրա հետևանքով ստեղծված նոր իրավիճակի պայմաններում , Ուկրաինայում ընթացող պատերազմի ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական համատեքստի պայմաններում, Արցախի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի հարցի օրակարգայնացմանը տանող ճանապարհի կառուցումը պահանջում է բավականին նրբանկատ և ճկուն աշխատանք: Ահա այդ տեսանկյունից, ԵԽ նախագահի հայտարարությունը կարգավիճակի հարցն օրակարգում պահելու «շրջանցիկ» ճանապարհն է, երբ ուղիղը փակ է մի շարք օբյեկտիվ պատճառներով, և գործնականում փակ է եղել նաև կարգավորման գործընթաց ասվածի գրեթե ամբողջ ընթացքում: Խոսքը մասնավորապես Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի մասին է: Ինչ է ուզում Եվրամիությունը, սա հարցի մի կողմն է: Անկասկած է, որ Եվրամիության նպատակները բոլորովին այլ են և տեղավորվում են եվրոպական ռազմավարության շրջանակում, որում ամենևին չկա Արցախի անկախ կարգավիճակի նպատակադրում: Այստեղ պատրանքներ պետք չեն: Ամբողջ հարցն այն է, որ եվրոպական ռազմավարությունը միևնույն ժամանակ կարևոր է դիտում կարգավիճակի հարցը օրակարգում պահելը, ինչը ներկայումս բխում է հայկական ռազմավարության շահից ու հետաքրքրությունից: Ու, թեև ավելի երկարաժամկետ առումով չկա կայուն համադրության համոզիչ հիմք, տակտիկական տեսանկյունից ԵՄ մոտեցումը համահունչ է այն բանաձևին, որով փորձում է ներկայիս բավականին նեղ աշխարհաքաղաքական «միջանցքում» առաջ շարժվել Հայաստանը՝ օրակարգ բերել Արցախի հայության իրավունքների և անվտանգության հարցն ու այդ տրամաբանությամբ իրադրությունն ու դիրքորոշումները բերել կարգավիճակի հրամայականին՝ որպես իրավունքների և անվտանգության հարցերի իրացման ու սպասարկման անայլընտրանք մեթոդաբանություն և գործիք: Մեթոդաբանություն, որը կտրուկ մերժելը դյուրին չէ նաև Ադրբեջանի համար, որի առաջ դրվում է ոչ թե ուղիղ կարգավիճակի, այլ Արցախի իրավունքների և անվտանգության հարց: Իսկ այդ հարցադրման պարագայում Բաքվի  մերժողական դիրքորոշումը առավել ևս փաստարկելու է կարգավիճակի անհրաժեշտությունը: