ՍԴ-ն հստակ պետք է ազդակ տար, որ հայհոյանքը խոսքի ազատություն չէ

ՍԴ-ն հստակ պետք է ազդակ տար, որ հայհոյանքը խոսքի ազատություն չէ

Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1646 որոշմամբ սահմանադրական է ճանաչել ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին հոդվածը: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էր դիմել ՍԴ՝ հիմնավորմամբ, որ ՍԴ-ն այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և կառավարությանն ու ԱԺ-ին հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար: Խոսքը ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի մասին է, որը, նախկին պաշտպանի ձևակերպմամբ, ծանր վիրավորանք է համարում անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, իսկ հետո մյուս մասերով ավելի է խճճում հոդվածը: Փաստաբան Գևորգ Գյոզալյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՍԴ-ն հստակ տարանջատում չի մտցրել հայհոյախոսության և կարծիքի արտահայտման ազատության միջև: ՍԴ-ն հստակ պետք է ազդակ տար, որ հայհոյանքը խոսքի ազատություն չէ, հետևապես չի կարող պաշտպանություն ունենալ խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված նորմերով: «Սա ինձ համար կարծես կիսաորոշում է, ինձ համար ցանկալի տարբերակը այն կլիներ, որ ՍԴ-ն հստակ գիծը գծեր, որ հայհոյախոսությունը երբեք չի կարող պաշտպանություն գտնել կարծիքի ազատության իրավունքի նորմերով, որը սահմանվծ է Սահմանադրությամբ, մասնավորեցումը կա քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում և այլն: Սահմանադրական դատարանն ավելի շատ երկու արժեքների համեմատական վերլուծություն է տարել և նաև շեշտադրումն արել է անձի արժանապատվության իրավունքի վրա, որը Սահմանադրությամբ ևս երաշխվորված է: Եվ այստեղ ասել է, որ այ էս որոշակի դեպքերում պետությունը, ելնելով անձի արժանապատվության իրավունքից, կարող է նման կարգավորումներ սահմանել: Կարծես թե ասում է՝ այո, սա վիրավորանք է, հայհոյանքը կարող է նաև վիրավորանք լինել, բայց քանի որ անձի արժանապատվությունը պաշտպանելը պետության պոզիտիվ պարտականությունն է, այ էս դեպքում այս իրավակարգավորումը նորմալ է»,-ասաց փաստաբանը: Նրա համոզմամբ՝ ՍԴ-ն նախևառաջ պետք է ասեր, որ հայհոյախոսությունը երբեք կարծիքի ազատության իրավունք չէ, դա հայհոյախոսություն է և դրա քրեականացումը նորմալ է: «Ես կողմնակից եմ, որ հայհոյանքը լինի քրեականացված: Որովհետև այն լկտի հայհոյանքները, որ մենք տեսնում ենք, մանավանդ վերջերս այն լայն տարածում է ստացել, դրա դեմ արդյունավետ պաշտպանության միջոցը կարող է լինել քրեական գործիքակազմը, որովհետև խիստ անցանկալի է, որ մի լկտի որևէ անձի հայհոյում է, դու գանս դատարան, քաղաքացիական իրավունքի նորմերով պաշտպանություն հայցես և այդ լկտին գա դատարանում փորձի պաշտպանվել քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի կարծիքի ազատության իրավունքով: Այդ դատավարությունները կտևեն միջինը 3 տարի, այդ երեք տարում դատական դռնբաց նիստերում բազմաթիվ անգամ այ հայհոյանքը կվերարտադրվի և տուժողին շատ ավելի մեծ վնաս դրանով կպատճառեն, քան այն պաշտպանությունը, որը նախատեսված է»,-ասաց նա: Հարցին՝ ակնկալվո՞ւմ էր, որ ՍԴ-ն հենց այսպիսի որոշում կկայացնի, Գյոզալյանը նշեց, որ իր համար առնվազն սպասելի էր, որ ՍԴ-ն դժվար հակասահմանադրական ճանաչի: Նրա կարծիքով՝ օրենքն, ամեն դեպքում, կատարելագործման կարիք ունի. «Ես ուղղակի ակնկալում էի, որ ՍԴ-ն կբացահայտի դրա իրավական բովանդակություն սահմանադրաիրավական նորմերի համատեքստում, որից հետո օրենսդիրը կամ կփոփոխեր օրենքը, ավելի կկատարելագործեր՝ հաշվի առնելով ՍԴ-ի առաջարկները, կամ գոնե նվազագույնը կլիներ այն, ինչը կա, բայց ՍԴ-ի մեկնաբանությունը կունենայինք իրավակիրառ պրակտիկան ավելի ճիշտ կընթանար: Այս պարագայում ես իրավական որոշակիության խնդիր, այնուամենայնիվ, տեսնում եմ և մենք չգիտենք՝ իրավակիրառ պրակտիկան ինչպես կզարգանա: Մենք չգիտենք, որ օրինակ, եթե ինչ-որ մեկին անվանում են ապուշ, այդ ապուշի դեպքում դա կհամարվի՞ ծանր վիրավորանք և քրգործ կհարուցեն, ինչին ես դեմ կլինեմ, թե՞ դա կգնա, ամեն դեպքում, կստանա իր քաղաքացիաիրավական գնահատականը»: Նա նաև նշեց, որ ա այս պարագայում մենք դեռ չգիտենք՝ իրավակիրառ պրակտիկան ինչպես կզարգանա, որովհետև այդ կարգավորումը ամեն դեպքում քիչ, բայց իրավական որոշակիության խնդիր կա: Դա, փաստաբանի խոսքով, այն սարսափելի սահմանը չէ, որի պարագայում օրենքը պետք է հակասահմանադրական ճանաչվեր. այդ հարցը կարող է դատաիրավական պրակտիկայով փակվել. «Այդ առումով ՍԴ-ի մոտեցումը կիսում եմ: Բայց այստեղ մենք պետք է ապավինենք, որ պրոֆեսիոնալ դատարանները, այդուհանդերձ, կկարողանան ճիշտ դրանք մեկնաբանել, և արդյունքը չի լինի այն, որ ինչ-որ մի գործ կգնա Եվրոպական դատարան և այն, ինչ ուզում էինք անել, որ լավ լիներ, արդյունքում ամբողջը ավիրենք: Եվրոպական դատարանը դա կճանաչի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, մասնավորապես, կարծիքի արտահայտման իրավունքի, և արդյունքը, ես կարծում եմ՝ շատ ավելի վատ կլինի: Այդ պարագայում հայհոյանքներ էլ կփակվի, ու մենք նորից գործ կունենանք նախկին կարգավորման հետ, երբ լկտիները կկարողանան Հանրապետության հրապարակում ամենալկտի հայհոյանքները հասցնեն քաղաքացիներին և դրա համար պատասխանատվության չենթարկվեն: Իսկ քաղաքացիաիրավական կարգավորումը ուղղակի ծաղրի չափ ծիծաղելի ինչ-որ դատավարություն է լինելու»: