Երևանը չի հասնի, բայց պետք է ձգտի չմնալ շատ հետ. վրաց-թուրք-ադրբեջանական նոր քայլը

Երևանը չի հասնի, բայց պետք է ձգտի չմնալ շատ հետ. վրաց-թուրք-ադրբեջանական նոր քայլը

Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան մտադիր են ստեղծել խորհրդարանական վեհաժողովի ձևաչափ: Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանի խորհրդարանի պատվիրակության Բաքու այցի ընթացքում: Եռակողմ վրաց-թուրք-ադրբեջանական գործակցությունն անկասկած նոր երևույթ չէ և այն դրսևորվում է մի շարք, այդ թվում պաշտպանական գերատեսչությունների գործակցության մակարդակում: Նոր՝ խորհրդարանական Վեհաժողովի ձևաչափի գործարկումը սակայն նշանակելու է եռակողմ գործակցության ընդլայնում և ինստիտուցիոնալացման նոր աստիճան, որը գուցե և ավելի շատ արարողակարգային-խորհրդանշական բնույթի է, առավել ևս, երբ դեռ պարզ չէ, թե ինչ ընթացք կունենա, սակայն այդուհանդերձ իբրև զարգացում անշուշտ պահանջում է ուշադրություն: Բանն այն է, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի ընդլայնումը կամ խորացումը Հայաստանի համար ահազանգ կամ ազդակ է հայ-վրացական հարաբերության նվազագույնը համաչափ ընթացք ապահովելու համար: Իհարկե պետք չէ տածել ավելորդ ակնկալիք, թե հնարավոր է հայ-վրացական այնպիսի հարաբերություն, ինչպիսին ունեն Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը: Անցնող տարիների մի շարք խորքային և տակտիկական իրողությունների բերումով վրաց-թուրք-ադրբեջանական կապակցվածությունը բավականին խորն է և հայ-վրացական առումով Հայաստանի խնդիրը թերևս ոչ թե հասնելը, այլ շատ հետ չմնալն է: Եվ սա մի պարագայում, երբ առանցքային հարց է նաև երկու երկրների այսպես ասած արտաքին քաղաքական-անվտանգության վեկտորների տարբերությունը: Այդ ամենով հանդերձ, սակայն Երևանը թերևս պետք է օգտագործի նաև Թբիլիսիի համար մտահոգություն պարունակող մի շարք հանգամանքների առկայությունը և դրանցից բխող՝ Վրաստանի բնական մոտիվացվածությունը, հայ-վրացական հարաբերության զարգացման որոշակիորեն ինստիտուցիոնալացված օրակարգ ձևավորելու և առաջ մղելու համար: Այդ խնդրում անշուշտ անհնար է շրջանցել հարցերը, որոնք պայմանավորված են վերը բերված ռեգիոնալ և աշխարհակարգային հանգամանքներով և դրանցից բխող տարբերություններով, բայց հայ-վրացական հարաբերության ինստիտուցիոնալ խորացման օրակարգային նպատակներ ձևավորելիս հենց պետք է հաշվի առնել դրանք և մշակել նախաձեռնություններ, գաղափարներ, որոնք չեն բախվի այդ խոչընդոտներին, կլինեն «փափուկ» և «ճկուն», իրենց հերթին նաև դառնալով հենց այդ տարբերությունների ազդեցությունը մեղմելու կամ չեզոքացննելու այլընտրանքային հարթակներ: Եվ, այստեղ անշուշտ կարող է մեծ դեր ունենալ «ժողովրդական դիվանագիտության» հանգամանքը, որպես հայ-վրացական հարաբերության զարգացման այլընտրանքային մեթոդաբանություն: Հարցը կարևոր է, որովհետև աշխարհակարգային վերափոխման, և մեր ռեգիոնի վրա դրա ազդեցության հնարավոր տարբերակների լայն անորոշության պայմաններում, էական անհրաժեշտություն է դառնում տարբեր ուղղություններով հնարավորինս շատ հաղորդակցային կոմունիկացիաներ կառուցելը: