Սփյուռքը չի աջակցում այս շարժմանը, հետևում է դիվանագիտական պրոցեսներին

Բրյուսելում գրեթե հինգ ժամ է տևել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Բանակցություններից հետո ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի առաջնորդները լրագրողների հարցերին չեն պատասխանել։ Կարճ հայտարարություն է արել միայն Եվրոպական խորհրդի ղեկավարը, տեղեկացնելով` կողմերն ընդհանուր հայտարարի են եկել նաև տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ:Այս կոնտեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն «Արցախի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։ ԵԽ նախագահը հանդիպմանը հատուկ ընդգծել է, որ կողմերը պետք է աշխատեն երկու երկրի բնակիչներին երկարատև կայուն խաղաղության պատրաստելու վրա։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ (Չեխիա) Բագրատ Առաքելյանի հետ: Առաքելյանի խոսքով՝ թեև բանակցությունները անցնում էին փակ ֆորմատով, բայց ԵՄ նախագահը փակագծերը բացեց․ «Ուրախալի է այն փաստը, որ Միշելը խոսել է Արցախի ժողովրդի իրավունքների մասին: Պրոցեսը ընթանում է Հայաստանի համար բարենպաստ պայմաններով: Հայաստանը հակված է նրան, որ բանակցություններին մասնակցի Արևմուտքը, ԱՄՆ-ն: Արևմուտքի մասնակցությամբ մենք փոքր քայլերով ԼՂ հարցում առաջխաղացում կունենանք: Այն քայլերը, որ անում է պաշտոնական Երևանը, միանգամայն ճիշտ է․ դա կհանգեցնի կայունության»: Հարցին, թե դիմադրության շարժման առաջնորդները հայտարարում են, որ Սփյուռքը աջակցում է շարժման, որքանով է այն համապաստախանում իրականությանը, Առաքելյանը նշեց․« ՀՅԴ-ն վաղուց արդեն կուսակցություն չէ, վարձկանների խմբավորում է, որը կատարում է հանձնարարություններ: Ծիծաղելի է այն, որ Երևանի փողոցներում հայտարարվում է, թե Սփյուռքը աջակցում է շարժմանը: Սփյուռքը չի աջակցում այս շարժմանը․ սփյուռքը շունչը պահած հետևում է դիվանագիտական պրոցեսներին»: