Հայաստան-Սփյուռք համազգային քննարկումներ են պետք

Սփյուռքը, ցավոք ինչպես միշտ, տարանջատված է ճիշտ նույն սկզբունքով, որ սկզբունքով տարանջատված են խմբերը Հայաստանի ներսում։ Միատարրության բացակայությունն ակնհայտ է նաև մեզնից հեռու ապրող հայկական գաղթօջախներում։ Մի համայնքում Նիկոլը փրկիչ է, մյուսում՝ հողատու։ Մի տեղ աջակցում են ավանդական կուսակցություններին, մյուս տեղում՝ անիծում դրանք։ Այս իրավիճակը լուծելու համար անհրաժեշտ է ինչպես նոր որակ վերաբերմունք Սփյուռքի նկատմամբ Հայաստանից, այնպես էլ նոր որակի սփյուռքի ձևավորում՝ առհասարակ։ Սա կարող է տեղի ունենալ միմիայն այն դեպքում, երբ աշխարհասփյուռ հայերին տրվի մեկ ընդհանուր գաղափար, ազգային նպատակ ու ջանք գործադրվի այդ նպատակը հաղթահարելի դարձնելու համար։ Եթե մինչև 2018 թվականը աշխարհի հայերին միավորող ամենաառանցքային բանը ցեղասպանության համամարդկային ճանաչումն էր, որի գաղափարի շուրջ կոնսոլիդացվում են աշխարհի բոլոր անկյուններում, ապա այժմ այդ գլոբալ գաղափարը բացակայում է։ Մենք ինչ-որ ամորֆ, անհասկանալի նպատակադրումներ ունենք, որոնք ընկալելի չեն աշխարհի հայերի համար, հետևապես հարց է առաջանում, թե ինչ մեխանիզմներով, ճանապարհներով ու մեթոդներով է հնարավոր 10-ից ավել միլիոն մարդկանց մեջ միաժամանակ կրակ վառել՝ հանուն ընդհանուրի։ Ինչպես ենք ստեղծելու այդ համատեղը, ամեն մեկի հոգածությունը պահանջողը, լինի գաղափար, նպատակ, թե ցանկություն, բայց բացառապես ազգային կամ համազգային․․․ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Միչիգանի Համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ Արա Սանջյանի հետ: