Ռուսաստանի զգայուն արձագանքը Բրյուսելին. երկու զանգ

Ռուսաստանի զգայուն արձագանքը Բրյուսելին. երկու զանգ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միրզոյանի և Բայրամովի հետ: Լավրովի զանգերը Երևան և Բաքու, հաջորդում են Բրյուսելում մայիսի 22-ին ԵԽ նախագահ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որից հետո ԵԽ նախագահը ազդարարեց մի շարք պայմանավորվածությունների կամ համաձայնությունների մասին, որոնք արդեն հայտնի են բավականաչափ: Ինչպես արդեն իսկ դիտարկել էի բրյուսելյան հանդիպման մասին առավոտյան անդրադարձում, առանցքային հարցերից մեկը դրան Ռուսաստանի արձագանքն է: Եվ այն, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը Բրյուսելից անմիջապես հետո զանգահարում է Երևան և Բաքու, հեռախոսազրույցներ ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, վկայում է հենց այն մասին, որ Ռուսաստանը բավականին զգայուն է ընդունել Բրյուսելի հանդիպումն ու համաձայնությունները: Այստեղ իհարկե իրավիճակը բազմիմաստ է, և խոշոր հաշվով, այն համաձայնությունները, որոնց մասին հայտարարվել է Բրյուսելից հետո, զգալիորեն համահունչ են այն օրակարգին, որ փորձում է առաջ մղել Ռուսաստանն իր գլխավորությամբ՝ եռակողմ ձևաչափով: Ռուսաստանը ինքն է շահագրգռված ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակմամբ, առավել ևս այժմ, երբ Ռուսաստանն ինքը գործնականում գտնվում է շրջափակման պայմաններում՝ Արևմտյան պատժամիջոցների հետևանքով: Խոսքն իհարկե արևմտյան ուղղությամբ «արգելափակվածության» մասին է, բայց գործնականում հենց այդ ուղղությունն է համաշխարհային տնտեսության «ծանրության կենտրոնը» և Կովկասը գործնականում վերածվում է մի կողմից դրան առավել մոտ լինելու ճանապարհի, իսկ մյուս կողմից էլ այդ շրջափակվածության պայմաններում սնուցման առավել քան կարևոր հաղորդուղու՝ ՌԴ համար կարևորագույն նշանակություն ունեցող մերձավորարևելյան ռեգիոնի հետ հաղորդակցության համատեքստում: Այս առումով մեկ այլ հատկանշական հանգամանք է այն, որ մայիսի 19-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի արտգործնախարար Աբդոլահիանի հետ, քննարկելով երկկողմ և միջազգային օրակարգ: Այդ ամենի համատեքստում, ՌԴ-ն ամենևին դեմ չի լինի, եթե Եվրամիության ձևաչափի միջոցով առավել բարձրանա ռեգիոնալ իրավիճակի կառավարման, հաղորդուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման գործընթացը: Մոսկվայի համար խնդիրն այն է սակայն, որ այդ գործընթացում չկորցնի դե ֆակկտո համանախագահությունը և գործնականում չկորչի դրա վրա ցանկացած պահի ազդելու հնարավորությունը, այլապես ամեն ինչ կստանա բացարձակապես հակառակ էֆեկտ: Ահա այդ խնդրի համատեքստում, գործնականում Հայաստանի համար նվազագույն խնդիրն այն է, որ գործընթացը շարունակվի ավելի շատ հենվելով հենց Եվրամիության ու Ռուսաստանի ընդհանուր հետաքրքրության հանգամանքին: Բարդ աշխարհաքաղաքական միջավայրում դա թույլ կտա ապահովել օրակարգ, որում հնարավոր կլինի՝ եթե ոչ ուղիղ ձևակերպումներով շարադրված, այդուհանդերձ արտացոլված պահել Հայաստանի ու Արցախի համար կարևոր օրակարգեր: