Արևմուտքը փորձում է Հրվ․ Կովկասում գերակայություն ստանալ

Բրյուսելում գրեթե հինգ ժամ է տևել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Առաջիկա օրերին Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին սպասվում է սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը, հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ըստ նրա՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ։ Նրանք համաձայնեցրել են արևմտյան Ադրբեջանի ու Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միջև կոմունիկացիաների շուրջ։ Միշելի խոսքով, Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել սահմանային կառավարման սկզբունքների, անվտանգության, տարածքային տուրքերի, ինչպես նաև միջազգային տրանսպորտի համատեքստում մաքսային վճարների սկզբունքների շուրջ։ Առաջիկա օրերին այս հարցով էլ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կշարունակեն գործընթացը։ Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ: Փորձագետի խոսքով՝ Ռուսաստան-Արևմուտք մրցակցություն է, ընդհուպ հակամարտության հասնող․ «Արևմուտքը ԵՄ միջոցով փորձում է Հարավային Կովկասում գերակայություն ստանալ: Բրյուսելյան հանդիպումից հետո հայտարարությունից ակնհայտ է՝ չեզոքացված է ՌԴ-ի միջնորդության հնարավորությունը: Ռուսաստանը փորձելու է նոր հանդիպում կազմակերպել»: