Եթե ընդդիմությունը չի մասնակցում, չի նշանակում, թե Քննիչ հանձնաժողովը չպետք է աշխատի․ քաղհասարակության  ներգրավումը վստահությունը կմեծացներ

Եթե ընդդիմությունը չի մասնակցում, չի նշանակում, թե Քննիչ հանձնաժողովը չպետք է աշխատի․ քաղհասարակության ներգրավումը վստահությունը կմեծացներ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովին՝ նշելով, որ հանձնաժողովի ավարտական եզրակացությունը հնարավոր առավելագույն ծավալով հասանելի կլինի հանրությանը, և այդ ժամանակ տեսանելի կլինի այս ամիսների ընթացքում կատարված մեծածավալ աշխատանքը։ «Քննիչ հանձնաժողովի անիրականանալի ձախողմանն անհամբերությամբ սպասելու փոխարեն, խառնակչություններով տարված լրատվական կայքերի խմբագիրներին խորհուրդ կտամ կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիրները ուղղակիորեն հրաժարվեցին մասնակցել պատերազմից հետո մեր պետության ու բանակի վերականգմանն ուղղված այս կարևորագույն աշխատանքներին»,-գրել է Քոչարյանը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով 44-օրա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեությանը, նշեց, որ ընդդիմության չմասնակցելը հանձաժողովի աշխատանքներին չպետք է ունենա որևէ ազդեցություն, չնայած լավ կլիներ, որ մասնակցեին, իրենց հարցադրումները ներկայացնեին, ի վերջո նաև գործընթացը կլիներ ամբողջական։ «Բայց եթե ընդդիմությունը չի մասնակցում, չի նշանակում, թե Քննիչ հանձնաժողովը չպետք է աշխատի: Մյուս կողմից Քննիչ հանձնաժողովի աշխատանքի օբյեկտիվությունը կարող նք գնահատել, եթե ունենանք նրա եզրակացությունը, ինչը ցավոք սրտի չտեսանք ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի դեպքում: Դրա համար էլ շատ դժվար է կարծիք հայտնել, թե արդյոք արդյունավետ կլինեն  այս քննիչ հանձնաժողովի աշխատանքները: Քանի դեռ չունենք փաստ, որ քննիչ հանձնաժողովի արդյունքները հրապարակվում են և կարող ենք կարծիք կազմել արդեն իսկ կատարված աշխատանքի վերաբերյալ, չենք կարող վստահություն ունենալ, թե այս քննիչ հանձնաժողով աշխատանքները ինչպիսին կարող են լինել»,-ասաց Սաքունցը: Իրավապաշտպանը նկատեց, որ քննիչ հանձնաժողովի ֆորմատը ԱԺ պաշտպանության հանձնաժողովն է, իսկ մնացածն ընդամենը կարող են ներգրավվել որպես փորձագետներ. «Այդ դեպքում երբ ինչու միայն արտախորհրդարանական քաղաքական ուժերից են ներգրավում, ինչու քաղհասարակության ներկայացուցիչներին չներգրավել, մանավանդ որ մենք պատերազմի հարցերով զբաղվել ենք և ունենք շատ հարցեր, առանձին քրեական գործերում ենք ներգրավված, տիրապետում են ինֆորմացիացի»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում քննիչ հանձնաժողովի նիստերին, նա ասաց. «Թող ընդդիմությունը լիներ, տար հարցեր, քննիչ հանձնաժողովի ինստիտուտը նախկին իշխանությունների օրոք պարտադրված Սահմանադրությամբ է նախատեսված, և շատ լավ հնարավորություն է, որ մասնակցելով իրենք չթողնեին իշխանության պատգամավորների հայեցողությանը։ Իսկ քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավումը կարծում եմ՝ վստահությունը կմեծացներ։ Ի վերջո, ստացվում է, որ միակ հնարավորությունը լինելու է  զեկույցի ուսումնասիրությունը։ Պատերազմում ներգրավված բոլոր սուբյեկտները, նկատի ունեմ թե Արցախի պաշտպանական բանակի, թե ՀՀ ՊՆ-ի և գլխավոր շտաբի ներկայացուցիչները պետք է ներգրավված լինեն, քաղաքական ղեկավարները նույնպես պետք է հարցերին պատասխան տան: Զոհվածների ծնողները ևս կարող են պատասխաններ հնչեցնել, երկու հոգի ծնողները քիչ են, շատ զոհերի հարազատներ կունենան տեղեկատվություն ներկայացնելու, նաև անհետ կորածների ծնողները կունենան հարցեր և տեղեկատվություն, որը կուզեին ներկայացնել հանձնաժողովին»,-ընդգծեց Արթուր Սաքունցը: Հարցին, թե որոնք են 44-օրյա պատերազմի հետ կապված  կարևորագույն հարցերը, իրավապաշտպանը պատասխանեց. «Մեզ համար միշտ եղել է օրակարգում զինծառայողների մահվան հանգամանքների օբյեկտիվ քննության առնելը, ինչի հետևանքով են մարդիկ զոհվել, զինվորական ու քաղաքական հրամանատարները համանատարությունը ինչ գործողություններ են կատարել, որքանով են դրանք պատշաճ եղել, որ այդ զոհերը քիչ լինեն, օպերատիվ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ եղել է թե ոչ, հետախուզական աշխատանքը, սպառազինության մատակարարումը, կադրային մատակարարումը, տրանսպորտային ապահովումը ինչպիսին է եղել: Նշածս բոլոր հարցերի վերաբերյալ պետք է ունենանք պատշաճ և համակողմանի տեղեկատվություն, որոնց հիման վրա եզրակացություններ պետք է արվեն, թե ի վերջո զոհերը ինչի հետևանք էին»: Նրա խոսքով, առանձին քրեական գործերով տեսնում ենք, որ սպաների բարձրաստիճան սպաների ոչ պատշաճ գործողություններն ուղղակի բացասական ազդեցություն են ունեցել և ունեցել ենք զոհեր: Սա առանձին դրվագ է, բայց ամբողջական պատկերը պետք է տեսնենք։ Քննիչ հանձնաժողովի աշխատանքն է պարզել իրավիճակն ինչպիսին է եղել, ով ինչ հրաման է տվել, ինչու է տվել, ինչպես է եղել պատերազմի կատարումը, հաղորդակցությունը, տեղեկատվական խնդիրները ինչով են պայմանավորված եղել, պատճառների բացահայտումը բոլոր ուղղություններով՝ սպասարկումից մինչև սպառազինության, զենքի մատակարարում: Այդ ամենը թույլ կտան հասկանալու, թե ինչի հետևանքով էին զոհերը, դրանք մարտական գործողությունների անխուսափելի հետևա՞նք էին, թե՞ վերջիվերջո թերացումների»,-ընդգծեց Սաքունցը: