Ընդդիմությունը բախումներ է երազում

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարծում է, որ եթե մենք հավատանք ընդդիմության խոսքերին, ապա իրենք ցանկությունը ներկայացնում են որպես իրականություն․ «Ընդդիմության ակցիաները տեղի են ունենում միայն Երևանում, անհարմարություններ են ստեղծում քաղաքացիների համար: Ընդդիմությունը կարծում էր, որ կրկնելով 2018-ի գործիքակազմը, կարող էին հաջողել: Ընդդիմության կոչերն այնքան սին են, որ հասարակությունը չի աջակցում»: Պատգամավորի համար անհասկանալի է՝ ինչին են դիմադրում, ում են փրկում․ «Եթե այս շարժումը չունենա հասարակության աջակցությունը, ավելի շուտ կավարտվի: Ակցիան քանի դեռ խաղաղ է, այն չի կարող ցրվել հատուկ միջոցների կիրառմամբ: Հեղափոխություն արել ենք, որ պաշտպանվեն ժողովրդավարական արժեքները»: Եթե խաղաղ հավաքը դուրս է գալիս խաղաղ կոչվելու շրջանակից, պատգամավորի խոսքով՝ այստեղ կգործի իրավապահ համակարգի ձեռքը․ ««Դիմադրության» կամ «փրկության» շարժման մասնակիցները աչքի են ընկնում ատելության, խոսքի ազատության շեմը անցնող բառամթերքով: Ագրեսիվ գործողություններով ընդդիմությունը փորձում է ստեղծել երկիշխանության տպավորություն: Նրանց երազած սցենարն է, որ լինեն բախումներ»: