Հայաստանի նախագահի կարևոր այցը՝ փլուզվող տնտեսակարգի բախտորոշ շրջափուլում

Հայաստանի նախագահի կարևոր այցը՝ փլուզվող տնտեսակարգի բախտորոշ շրջափուլում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով Շվեյցարիայում է, որտեղ մասնակցել է Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովի բացմանը: Այս տարի Դավոսի համաժողովը անցկացվում է մայիսին, իսկ հետաձգման պատճառը կորոնավիրուսի համաճարակն էր: Խոսել այն մասին, թե ինչ է Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովը, թերևս ավելորդ է: Այն աշխարհատնտեսական, սակայն գործնականում նաև աշխարհաքաղաքական կարևորագույն ամենամյա իրադարձություն է, որտեղ համաշխարհային տնտեսական և քաղաքական էլիտան քննարկում է միջազգային կյանքի ընթացքն ու հեռանկարները: 2022 թվականի համաժողովը այդ առումով ունի բազմակի ավելի կարևոր նշանակություն, որովհետև տեղի է ունենում մի շրջափուլում, երբ համաշխարհային թե քաղաքականության, թե նաև տնտեսության համար իսկապես բախտորոշ ժամանակաշրջան է, ցավոք սրտի իհարկե առայժմ տագնապի և անորոշության համատեքստով: Բանն այն է, որ Ուկրաինայում ընթացող Ռուսաստան-Արևմուտք պրոքսի, իսկ որոշակի իմաստով գրեթե ուղիղ պատերազմը բերել է մի իրադրության, երբ փլուզվում է ոչ միայն աշխարհակարգը, այլ նաև հետխորհրդային աշխարհ-տնտեսությունը: Ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները ներկայիս իիրավիճակը համաշխարհային տնտեսության համար գնահատում են ամենավատը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Ներկայումս բավականին բաց տեքստով խոսվում է անգամ պարենային ճգնաժամի լրջագույն սպառնալիքի մասին: Փոխվում է համաշխարհային տնտեսության լոգիստիկան, վերաիմաստավորվում են տնտեսական քաղաքականության ռազմավարական ուղղություններ: Այդ ամենը Հայաստանի համար ոչ միայն հեռու չէ՝ որքան էլ Հայաստանը համաշխարհային տնտեսության ամենաինտեգրված անդամներից չէ, այլ նաև էական ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա թե անմիջականորեն տնտեսական, թե ռազմա-քաղաքական անվտանգության ասպեկտում: Ընդ որում, այստեղ էական է ոչ միայն այն, որ ինքնին տնտեսությունն է որևէ պետության դիվանագիտական, արտաքին արդյունավետ քաղաքականության, մարտունակ բանակի և պաշտպանական հնարավորինս ինքնաբավ կարողության հիմքը, այլ նաև նկատի ունենալով հանգամանքը, որ համաշխարհային տնտեսական փլուզման և վերափոխման գործընթացը շոշափելիորեն առնչվում է Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի միջազգային քաղաքական դերակատարմանը, դրանից մեզ համար բխող թե որոշակի հնարավորություններով, և թե ռիսկերով: Ահա այս պայմաններում, Դավոսի  միջազգային համաժողովի բացմանը Հայաստանի նախագահի մասնակցությունը լինելով շատ կարևոր ու ողջունելի, պետք է ունենա նաև միանգամայն հստակ նպատակային «պարունակություն»: Ներկայումս բոլորովին այն իրադրությունը չէ, որ միայն մասնակցությունն ու շփումները արդեն իսկ կարող են դիտվել նպատակ: Դրանք իհարկե շատ կարևոր են, սակայն ներկայիս շրջափուլում՝ խիստ անբավարար: Դավոսի հանաժողովում Հայաստանի նախագահի մասնակցությունը պետք է արտահայտվի որոշակիորեն չափելի ուրվագծերով, որոնք կենթադրեն զարգացման ներուժ պարունակող շարունակություն հետագա ամիսների ընթացքում: