Չավուշօղլուն փորձել է ամրացնել Ալիևի դիրքերը Փաշինյանի առաջ․ Թուրքիայում լավ են հասկանում՝ արցախյան հարցում միջնորդ չեն կարող լինել

Չավուշօղլուն փորձել է ամրացնել Ալիևի դիրքերը Փաշինյանի առաջ․ Թուրքիայում լավ են հասկանում՝ արցախյան հարցում միջնորդ չեն կարող լինել

Թուրքիայի արտաքին գործերի  նախարար Մևլութ Չավուշօղլուն, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, ասել է, որ Երևանը պետք է դրական պատասխանի Բաքվի «խախաղության նախաձեռնություններին»։ «Մենք մշտապես կոչ ենք անում ու խրախուսում ենք Հայաստանին արձագանքել այդ բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններին երկրի ներսում ճնշում են արմատականները, իսկ դրսում՝ սփյուռքը։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն պետքարտուղար Բլինքենին, այլև մեր այլ զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այդ ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղարի հետ երեկվա հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրել ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում հանուն տարածաշրջանում կայունության ապահովման»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը սատարում է ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին։ Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ Չավուշօղլուի հայտարարությունը պետք է պայմանավորել նոր աշխարհակարգի ձևավորման հարցի վերափոխումների ակտիվացման հետ․ «Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ։ Նկատի ունենանք, որ այդ հայտարարությամբ Չավուշօղլուն փորձ է արել Ալիևի դիրքերը բարձրացնել Փաշինյանի դեմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ պատերազմն ավարտվել է, բայց հակամարտությունը չի կարգավորվել, որոշված չէ Արցախի կարգավիճակը․ «Այդ նույն սկզբունքով է շարժվում այսօր Վաշինգտոնը։ Այնպես չէ, որ դեսպանն իր անձնական կարծիքն է արտահայտում։ Հետևաբար Չավուշօղլուն այսօր ինչ էլ հայտարարի՝ նա նույնիսկ դերակատար էլ չէ։ Մինսկի խումբն  աստիճանաբար նախաձեռնությունը Ռուսաստանից վերցրել է ու ինքն է փորձում ղարաբաղյան հիմնահարցը կարգավորել՝ այնպես, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ որոշել։ Ռուսաստանը ղարաբաղյան պատերազմի ընթացքում փորձ արեց դուրս մղել Ֆրանսիային ու Միացյալ Նահանգներին։ Դա մասամբ հաջողվեց։ Բայց եթե ամբողջությամբ դուրս մղվեն, ապա վերջ կդրվի նրանց քաղաքական ներկայությանը Հարավային Կովկասում, ինչն էլ համարվում է ռուսական ազդեցության գոտի։ Թուրքիան այժմ չի կարող հենվել Ռուսաստանի վրա, ուկրաինական պատերազմի արդյունքում հարաբերությունները լարվել են։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին։ Զգալով, որ նախաձեռնությունն այսօր անցնում է արևմուտքին, ավելի բարեհաճ դիրքորոշում են որդեգրում Միացյալ Նահանգների հանդեպ»։ Ըստ Չաքրյանի՝ հավանաբար Թուրքիայում էլ նոր աշխարհակարգի ձևավորման վերաբերյալ տեղեկություններ ունեն․ «Ուկրաինական պատերազմն ակտիվացրել է այդ նոր աշխարհակարգի ձևավորման պրոցեսները։ Դա իրենց անհանգստացնում է։ Երբ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ էր, Էրդողանը Միացյալ Նահանգների ճնշումներին փորձում էր հակակշռել Մոսկվային մերձենալու միջոցներով։ Բայդենից հետո նա վերանայեց իր դիրքերը՝ կամ այս կողմ կամ այն կողմ։ Բավականին հաճախ սկսել էին ասել, որ Թուրքիային պետք է ՆԱՏՕ-ից վտարել։ Օրինակ՝ գերմանական թերթերում նման հոդվածներ էին լույս տեսնում։ Մինչև հիմա Էրդողանը չի կարողանում հանդուրժել, որ Հունաստանի արտգործնախարարը պաշտոնական այց է կատարում Վաշինգտոն, իսկ ինքը՝ ոչ։ Բայդենը բոլորին շնորհակալություն հայտնեց իրեն շնորհավորելու համար, մնում էր աֆրիկյան մի պետություն ու Թուրքիան։ Դա տեղի ունեցավ միայն ամիսներ անց։ Թուրքիային դադարել են համարել ռազմավարական դաշնակից, հետո նաև դաշնակից։ Ասում էին՝ անվստահելի գործընկեր է ՝ կապված Ս400-երի հետ։ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր ռուսական ՀՕՊ չի օգտագործում։ Այնպես է, որ երբ պետությունները զենք են վաճառում որոշ կոդեր չեն տրամադրում։  Նույնն էլ Ս400-երի հետ կապված է տեղի ունենում։Այն անձինք, որոնք մասնակցել են Ս400-երի գնման գործարքին՝ եթե մուտք գործեն ԱՄՆ իսկույն ձերբակալվելու են։ Թուրքիայում շատ լավ են հասկանում առկա խնդիրները և բոլոր հայտարարություններն այդ տրամաբանության մեջ են»,-եզրափակեց նա։