Էրդողանի նախկին դաշնակից Ալի Բաբաջանը Թուրքիայի նախագահի թեկնածու

Էրդողանի նախկին դաշնակից Ալի Բաբաջանը Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ «Ժողովրդավարություն և ճեղքում» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը պատրաստ է առաջադրվել 2023 թվականին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններում, եթե ընդդիմությունը չհամաձայնվի ընդհանուր թեկնածուի հարցում։ Ուրբաթ օրը «Habertürk» հեռուստաալիքին տված հարցազրույցում քաղաքական գործիչը նաև ասել է, որ ընդդիմադիր «վեցյակի» բլոկը, որը նա ներկայացնում է, աշխատում է նախագահականի փոխարեն խորհրդարանական կառավարման ձևի անցնելու ուղղությամբ։ Ընդդիմության մեկ այլ կարևոր խնդիր, ըստ Բաբաջանի, Թուրքիայի տնտեսական պրոբլեմների լուծումն է։ Ավելի վաղ նա զգուշացրել էր հիպերինֆլյացիայի վտանգի մասին և խոստացել, որ գնաճը ներկայիս պաշտոնական 70%-ից մինչև միանիշ նվազի, եթե ընդդիմությունը գա իշխանության։ 55-ամյա Բաբաջանը 2002-2015 թվականներին ղեկավարել է Թուրքիայի արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունները։ Նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) համահիմնադիրներից էր և նրա առաջնորդի Ռեջեփ Էրդողանի մտերիմը: Նա ազատական ​​ծրագրի հեղինակ է, որի շնորհիվ ավելի քան 10 տարի Թուրքիայի տնտեսությունը տարեկան 6-7% աճ է գրանցել, երկրում գրանցվել է օտարերկրյա ներդրումների ռեկորդային ներհոսք, իսկ մեկ շնչին բաժին ընկնող տարեկան եկամուտը հասել է միջինում 10 հզ դոլարի: Բաբաջանը տնտեսությանը և ԿԲ դրամավարկային քաղաքականությանը կառավարության միջամտության հակառակորդներից էր, ինչը հատկապես նկատելի դարձավ 2018 թվականից հետո, երբ Թուրքիայում կառավարման նախագահական ձևը փոխարինեց խորհրդարանական ձևին։ Նա հեռացավ ԱԶԿ-ից 2019 թվականին և 2020 թվականին հիմնեց «Ժողովրդավարություն և ճեղքում» կուսակցությունը ։