Անսպասելի շրջադարձ Ֆրանսիայի հրապարակում. ինչ կորոշի Լիտվայի նախագահը

Անսպասելի շրջադարձ Ֆրանսիայի հրապարակում. ինչ կորոշի Լիտվայի նախագահը

Ֆրանսիայի հրապարակում արդեն մի քանի շաբաթ արտախորհրդարանական անհնազանդության պայքար սկսած խորհրդարանական ընդդիմությունը նամակով դիմել է ռեգիոնալ այցով Երևան ժամանող Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային: Խորհրդարանական ընդդիմությունն ուզում է նրա հետ հանդիպում՝ Լիտվայի նախագահին հարմար ժամին և հարմար վայրում, երբ նա լինի Հայաստանում: Իսկ Հայաստանում նա կլինի վաղը: Խորհրդարանական ընդդիմությունը Լիտվայի նախագահին է դիմում հանդիպման համար, որպեսզի նրան ներկայացնի Հայաստանում իրավիճակը: Իսկ այն բավականին ուշագրավ երանգ է ստանում հենց այդ դիմումով իսկ, առավել ևս այն ձևակերպումների պարագայում, որ առկա են դիմումում: Օրինակ՝ «Մենք կիսում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ նույն արժեքները, և շարժման ներկայացուցիչների հետ Ձեր հանդիպման բուն փաստը ևս մեկ անգամ կընդգծի ապագայի հանդեպ մեր ընդհանուր տեսլականի կարևորությունը», ասված է Լիտվայի նախագահին Ֆրանսիայի հրապարակի ուժերի հղած նամակում: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոսում է ՆԱՏՕ անդամ, առավել ևս ներկայումս Ռուսաստանի հետ կոշտ դիմակայության, արմատական հակառուսական քաղաքականության կրող Լիտվայի հետ «ընդհանուր արժեքների և տեսլականի» մասին: Ռուսաստանի հետ խորը ինտեգրացիայի, անգամ Հայաստանի անկախությունը քննարկման ենթակա համարող Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը՝այդ կերպ դիմում է ՆԱՏՕ անդամ, ընդգծված հակառուսական երկրի նախագահի և ակնկալում հանդիպում նրա հետ: Ի՞չն է հույսը՝ որ Ռուսաստանու՞մ չեն տեղեկանա այդ դիմումի մասին, թե՞ Լիտվայի նախագահը տեղյակ չէ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների և քաղաքական դիրքորոշումների մասին, ՌԴ նախագահ Պուտինի հետ նրա ընկերության մասին, որ հաճախ նախընտրում է ուղիղ կամ անուղակի ձևով հիշատակել ՀՀ երկրորդ նախագահը, որպես իր քաղաքական ներուժի մի կարևոր բաղադրիչ: Թե՞ Ֆրանսիայի հրապարակում հավաքված խորհրդարանական ընդդիմությանը մերժում է ոչ միայն Հայաստանի հանրության զգալի մեծամասնությունը, այլ նաև ՌԴ քաղաքական ղեկավարությունը, ինչն էլ բերել է ՆԱՏՕ շրջանակում աջակցություն ստանալու նախաձեռնության, չի բացառվում իհարկե նաև ակնկալիքով, որ դա այսպես ասած «կզգաստացնի» ՌԴ-ին և կստիպի «չլքել» իրենց: Սակայն, հետաքրքրականն այդքանը չէ: Ուշադրության է արժանի թերևս և այն, որ Լիտվայի նախագահը Երևան է ժամանում Բաքվից: Այսօր նա հանդիպել է Ալիևի հետ, որը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության, ուզում է փակել թշնամության էջը: Ալիևը արել է նաև մի հայտարարություն, որին գուցե նոր երանգ է հաղորդում Բաքվից Երևան ժամանող Լիտվայի նախագահի հետ հանդիպելու՝ անհնազանդության շարժում հռչակած ընդդիմության նախաձեռնությունը: Ալիևը հիշատակել է, որ Լիտվայի նախագահը Բաքվից մեկնելու է Երևան, ու ասել՝ «վստահ եմ, որ այս այցի ավարտից հետո նրա (Լիտվայի նախագահի) մոտ կձևավորվի ամբողջական պատկերացում»: Նախ, Ալիևը կարծես թե ակնարկել է, որ ռեգիոնալ այցով ժամանած Լիտվայի նախագահը եկել է այդքան էլ լավ չպատկերացնելով այն իրավիճակը, այն հարցերը, որոնք պետք է քննարկի Հայաստանում ու Ադրբեջանում: Միևնույն ժամանակ, նրա հետ հանդիպելու հայաստանյան խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը ևս հիմնվում է այն փաստարկի վրա, որ Լիտվայի նախագահը պետք է հանդիպի իրենց հետ՝ Հայաստանի իրադրության մասին ամբողջական պատկերացման համար: Ի՞նչ կորոշի Լիտվայի նախագահը: