Եթե ԱՄՆ-ը չճնշի Թուրքիային, Անկարան փորձելու է Երևանից զիջումներ կորզել

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնում է Վաշինգտոն, որտեղ կանցկացվի ամերիկա-թուրքական ռազմավարական երկխոսության հարթակի հանդիպում: Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Թուրքիան և Միացյալ Նահանգները հայտարարել են ռազմավարական երկխոսության մեխանիզմի գործարկման մասին: Դա տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի Անկարա այցի շրջանակում, որտեղ նա հանդիպել էր իր թուրք գործընկերոջ հետ: Կողմերը հայտարարել էին, որ սպասում են արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպմանը՝ ռազմավարական երկխոսության մեխանիզմի շրջանակում: Այժմ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում տեղի ունենալիք հանդիպումների շրջանակներում քննարկումներ կլինեն նաև հայ-թուրքական երկխոսության հարաբերությունների հաստատման հեռանկարների մասին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ: Թուրքագետի խոսքով՝ Չավուշօղլուի՝ ԱՄՆ այցը տեղի է ունենում նոր ձևաչափով․ «Բլինքեն-Չավուշօղլու հանդիպումը նվիրված կլինի այն ճգնաժամին, որ ստեղծում է Անկարան ՆԱՏՕ-ի շուրջ: Թուրքիան կփորձի ԱՄՆ-ից կորզել հնարավորություն երկարաձգելու իր ձգտումը չմասնակցելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին»: Սաֆրաստյանը վստահ է, որ ԱՄՆ-ում քննարկվելու է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը․ «ԱՄՆ-ն Թուրքիայի վրա ճնշում կգործադրի՝ պահանջելով, որ Անկարան կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»: