Երբ Ռուաստանի փոխարեն ընտրում են Հայաստանը․ Գալոյանի լուսավոր խոստովանությունը

Երբ Ռուաստանի փոխարեն ընտրում են Հայաստանը․ Գալոյանի լուսավոր խոստովանությունը

«Վերջապես երազանքս իրականացավ։ Առջևում մեծ աշխատանք կա կատարելու, որպեսզի ապացուցեմ, որ արժանի եմ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալուն։ Շնորհակալ եմ բոլորից աաջակցության համար։ Առաջ Հայաստան»,- սոցցանցերի իր էջերում գրել էր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը։ Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը ստանալով Հայաստանի քաղաքացիություն ելույթ կունենա մեր ազգային թիմում։ «Երբ հասուն տարիքում սկսեցի ֆուտբոլ խաղալ, մտածում էի միայն ակումբային կարիերայիս մասին։ Եկավ մի պահ, որ ինձ հարցնում էին, թե ո՞ր հավաքականն եմ ընտրելու։ Ես նշել եմ, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում։ Այդ մասի ուղիղ կերպով ասել եմ մեկ տարի առաջ։Մի անգամ մի աղջիկ եկել էր «Տորպեդոյի» մասին ռեպորտաժ պատրաստելու, որի ընթացքում նշել էր, իբր ցանկանում եմ խաղալ Ռուսաստանի հավաքականում։ Իհարկե, ես նման բան չէի ասել։ Այն ժամանակ ուշադրություն չդարձրի, բայց հիմա ուղղակի չեմ ընկալում՝ ինչու այդ աղջիկը նման հայտարարություն տարածեց։ Շատ պարզ է՝ ինչու եմ ընտրել Հայաստանի հավաքականը։ Հայրս հայ է, ես հայկական արյուն ունեմ, ազգանունս հայկական է։ Ես Հայաստանում շատ հարազատներ և բարեկամներ ունեմ։ Հայրս միշտ պատմել է Հայաստանի պատմության մասին, և ինքս միշտ զգացել եմ իմ և Հայաստանի կապը։ Հենրիխ Մխիթարյանն էլ եղել է մանկությանս ֆուտբոլային կուռքը»,- Match TV- հեռռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Գալոյանը։ Վերջինս նշել է նաև, որ ուրախ է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում չհայտնվելոը համար քանզի իր նպատակը Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրելն է։ «Երբ Իգնաշևիչի գլխավորությամբ հանդես էի գալիս Մոսկվայի «Տորպեդոյի» կազմում, ինձ հրավիրեցին Ռուսաստանի երիտասարդական հավաքական։ Այդ ժամանակ ակումբն ինձ թույլ չտվեց, որ մասնակցեմ հավաքին։ Հետագայում մտածեցի, որ լավ ստացվեց, որ թույլ չտվեցին, քանի որ այդ ժամանակ էլ ես որոշել էի՝ հանդես եմ գալու Հայաստանի հավաքականում։Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները ոչ մի կերպ չեն ազդել որոշմանս մեջ։ Մինչև պատերազմի սկսվելն էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապնվել ինձ հետ։ Մարզչական շտաբը վաղուց հետևում է իմ ելույթներին «Վելեսի» կազմում։Գիտեմ, որ 1988 թվականին հայրս ապրելիս է եղել երկրաշարժի ամենակենտրոնական հատվածներից մեկում։ Այդ ահասարսուռ իրադարձությունից շատ մարդիկ են մահացել, որոնց թվում ես էլ հարազատներ ունեմ։ Հայրիկիս օգնել է այն հանգամանքը, որ այդ պահին փողոցում է եղել»,- ասել է Գալոյանը։ Վերջինիս շեշտադրումները պետք է օրինակ ծառայեն այն ֆուտբոլիստներին, որոնք մերժում են Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը։ Գալոյանը հնարավորություն ունեցել է խաղալու Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, բայց․․․։ Կարծում ենք պարզ է, որ Գալոյանը Հայաստանի հավաքականը ընտրել է ոչ թե ուղղակի խաղալու համար ։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայազգի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը օրեր առաջ հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձյալ առաջարկ է արել 22-ամյա ֆուտբոլիստին։ «Հայաստանի հավաքականը պարբերաբար դիմում է Տիկնիզյանին, որպեսզի նա խաղա իրենց հավաքականում։ Վերջին անգամ դիմել են մի քանի շաբաթ առաջ։ Բայց Տիկնիզյանի մոտ դեռ ոչինչ չի փոխվել իր որոշման մեջ։ Նա տրամադրված է խաղալու Ռուսաստանի հավաքականում»,- ասել է Կլյուեւը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով Ռուսաստանի բոլոր հավաքականներն ու ակումբները ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կոմից զրկված են միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ Փաստորեն, նույնիսկ այս իրավիճակում Տիկնիզյանը մերժել է Հայաստանում խաղալու առաջարկը։ 22-ամյա ֆուտբոլիստի այս քայլը մեկնաբանելն իսկապես բարդ է։ Ամեն դեպքում լիահույս ենք, որ Արթուր Գալոյանի որոշումն ու քայլը իսկապես օրինակ կծառայեն Ռուսաստանում ելույթ ունեցող մյուս հայ ֆուտբոլիստների համար։ Ավելի քան կարևոր է, որ մեր հայրենակիցները Հայաստանի հավաքականում խաղան ոչ թե անձնագրային կամ կարիերայի հետ կապված հարցեր լուծելու համար, այլ հայրենիքի պատիվը բարձր պահելու համար։