Որքան է Հայաստանը գերազանցում Ադրբեջանին․ Տարածաշրջանի ամենաթանկ հավաքականը

Որքան է Հայաստանը գերազանցում Ադրբեջանին․ Տարածաշրջանի ամենաթանկ հավաքականը

Չնայած ֆուտբոլի Հայաստանի հավաքականի որոշ առաջատար ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը զգալիորեն աճել է, մեր ազգային թիմը խաղացողների ընդհանուր արժեքով շարունակում է համեմատաբար համեստ դիրք զբաղեցնել տարածաշրջանում։ Առաջատարն այս հաշվարկում Թուրքիայի հավաքականն է։ Վերջինս, ըստ տրանսֆերային շուկան ուսումնասիրող Transfermarkt պարբերականի, գնահատված է 299միլիոն եվրո։ Այսօր Թուրքիայի գլխավոր թիմը չունի գեթ մեկ ֆուտբոլիստ, որի տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրոյից պակաս լինի։ Հարևան երկրի ամենաթակ ֆուտբոլիստը անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Չագլար Սյոունջուն է։ Նրա տրանսֆերային արժեքը 45 միլիոն եվրո է։ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն տրանսֆերային արժեքն էլ այս պահին 35 միլիոն եվրո է։ Երկրորդ հորիզոնականում Վրաստանի ազգային թիմն է, որի արժեքը կազմում է մոտ 51 միլիոն եվրո։ Վրացի ամենաթանկ ֆուտբոլիստը Բաթումիի «Դինամոյի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան է, որի տրանսֆերը 16 միլիոն եվրո է: Այս ֆուտբոլիստը գտնվում է իտալական գրանդ ակումբներից «Նապոլիի» դիտակետում և մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի այս թիմի հետ։ Որակյալ և թանկարժեք ֆուտբոլիստների առումով Վրաստանը զգալիորեն գերազանցում է Հայաստանին։ Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե որքան ենք հետ մնացել վրացիներից։ Մեր հավաքականի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 29 միլիոն եվրո։ Այսօր մեր ընտրանին ունի 8 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերը գերազանցում է մեկ միլիոնը։ Վրաստանի ազգային թիմում այսօր խաղում են միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող միանգամից 14 ֆուտբոլիստներ։ Վերջին շրջանում տրանսֆերային շուկայում մեր ֆուտբոլիստներից դոմինանտը Վարազդատ Հարոյանն էր, որը ղազախական «Աստանայից» տեղափոխվեց իսպանական Լա լիգաններկայացնող «Կադիս»։ Հարոյանի տրանսֆերն այս պահին, սակայն, գնահատում են 1․2 միլիոն եվրո։Վերջին շրջանում մեզ համար նշանակալի տրանսֆերը ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի Սլովակիայի «Ժիլինայից» լեհական «Պոգոն» տեղափոխությունն էր։ Ըստ Տրանսֆերմարկետի Բիչախչյանի տրանսֆերի համար լեհական թիմը վճարել է 900 հազար եվրո։ Վերջին մեկ ամսում Բիչախչյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 300 հազար եվրոյով և հիմա կազմում է 1․2 միլիոն եվրո։ Օրեր առաջ հենց Բիչախչյանը դարձավ Հայաստանի միլիոն եւ ավելի տրանսֆերային արժեք ունեցող 8-րդ ֆուտբոլիստը։ 2021 թվականի վերջին «Աստանայից» Սլովակիայի «Սլովան» տեղափոխված Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքն էլ 2․5 միլիոն եվրո է։ Նախորդ տարի մեր հավաքականին միացավ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ էապես նպաստելով մեր հավաքականի ընդհանուր տրանսֆերային աճին։ Մասնավորապես 8 ամսվա ընթացքում Սրպերցիայի տրանսֆերային արժեքն ավելացել է ավելի քան 2 միլիոն եվրոյով և հիմա կազմում է 3 միլիոն։ Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականից հեռացած Հենրիխ Մխիթարյանին, ապա 2019 թվականի հունվարին, երբ մեր հավաքականի նախկին ավագը դեռևս ելույթ էր ունենում Լոնդոնի «Արսենալում», նրա տրանսֆերը կազմում էր 30 միլիոն եվրո։ Տեղափոխվելով «Ռոմա»՝ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը զգալիորեն անկում է ապրել հասնելով 10 միլիոն եվրոյի։ Ինչևէ, Մխիթարյանի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի ամենաթանակ ֆուտբոլիստն այս պահին ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն է։ Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին 8 միլիոն եվրո է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ազգային հավաքականին, ապա այս հավաքականն, այսպես ասած, ամենաէժանն է տարածաշրջանում։ Մասնավորապես, այս երկրի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 15 միլիոն եվրո։ Ադրբեջանն ունի ընդամենը 4 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրո է։ Փաստորեն Վրաստանի հավաքականի երկու ամենաթանկ ֆուտբոլիստը տրանսֆերային արժեքով գերազանցում է Ադրբեջանի ամբողջ հավաքականին։ Ավելին Ադրբեջանում քիչ չեն նատուրալիզացված ֆուտբոլիստները։ Կարճ ասած, այսօր ադրբեջանցի ֆուտբոլիստների արժեքը տրանսֆերային շուկայում բավական ցածր է։