Բաքվի ֆակտորը․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը աշխարհի գավաթի խաղարկությունում

Բաքվի ֆակտորը․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը աշխարհի գավաթի խաղարկությունում

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերի ավարտից հետո մարզաձևի միջազգային ֆեդերացիան ամփոփել է արդյունքները: Բացահայտ առավելությամբ, իրենց մրցաձևերում, գավաթակիրներ են դարձել Հայաստանի ներկայացուցիչներ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: Հենացատկում Արթուրը վաստակել է 90 միավոր և ամբողջ տասը նիշով ետ է թողել իրեն հետապնդող ուկրաինացի Նազար Չեպուրնիինը։Օղակներում 85 միավորով անգերազանցելի է դարձել Վահագն Դավթյանը: Երկրորդ տեղը գրաված թուրք Իբրահիմ Չոլակը վաստակել է ընդամենը 80 միավոր։ Նույն վարժությունում երրորդն է մեր մեկ այլ շնորհալի մարզիկ, տակավին երիտասարդ Արթուր Ավետիսյանը: Նշենք,, որ Հայաստանի թիմը չի մասնակցել Բաքվում անցկացված վերջին ՝ չորրորդ փուլին, այլապես մրցակիցների նկատմամբ մեր վարպետների առավելությունը ավելի քան մեծ կլիներ:Հիշեցնենք նաև, որ առաջատարներից Հարություն Մերդինյանը ընդամենը երկու փուլի է մասնակցել, արժանացել է մեդալների, բայց միավորները, բնականաբար, չեն բավարարել ընդհանուր հաշվարկով մրցանակակիր դառնալու համար: «Առաջին անգամն է, որ աշխարհի գավաթի խաղարկությունում պետք է միավորներ հավաքեինք, որը մեզ հնարավորություն կտար մասնակցել աշխարհի առաջնությանը: Աշխարհի գավաթի խաղարկությունը շատ հաջող ստացվեց ամբողջ թիմի համար: Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն արդեն իսկ հավաքել են պահանջված միավորները: Մեր առաջնային խնդիրն աշխարհի առաջնության համար առաջացած խնդիրը լուծելն էր։ Օլիմպիական այս շրջանը լինելու է Արթուր Դավթյանինը: Նա հաջորդ մրցաշարերում ամենալավ արդյունքն է գրանցելու: Դավթյանը հրաշալի է տիրապետում ցատկերին»,- Դոհայում տեղի ունեցած մրցաշարից հետո ասել էր մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։ Արդեն իսկ գրանցված արդյունքներն իր հերթին ավելի քան խոսուն են։ Անցյալ տարի Տոկիոյում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը պատմական հաջողության էր հասել նվաճելով բրոնզե մեդալ։ Սա անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական մեդալն էր մարմնամարզությունում։ Տոկիոյից հետո Դավթյանի արդյունքները ցույց են տալիս, որ մեր մարզիկը նպատակ է դրել զարգացնել հաջողությունը։ Դավթյանը հատկապես հենացատկ ձևում ուժեղագույններից է աշխարհում և նույն ոգով շարունակելու դեպքում 2024 թվականի Օլիմպիական խաղերում կարող ենք ունենալ անկախ Հայաստանի առաջին ոսկին մարմնամարզությունում։ Հենց սրա մասին էր ակնարկել Հակոբ Սերոբյանը նշելով, որ օլիմպիական այս շրջանը Դավթյանինն է լինելու։ Ինչևէ, 2022 թվականի գլխավոր նպատակն Արթուր Դավթյանի համար աշխարհի առաջնությունից մեդալով վերադառնալն է։ «Եվրոպայի առաջնությունից և օլիմպիական խաղերից մեդալ ունեմ, իսկ աշխարհի առաջնությունից՝ ոչ: Այս տարվա գերնպատակս հենց դա է լինելու: Մեդալի գույնն անգամ այդքան չեմ կարևորում»,- նշել էր Դավթյանը: