750 մլն 192 հազար դրամ՝ Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար

750 մլն 192 հազար դրամ՝ Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար

2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն անցկացնելու նպատակով ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ պահուստային ֆոնդից 750 մլն 192 հազար դրամ գումար է հատկացվել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը նախատեսված է մրցաշարի բրենդավորման, գովազդի և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման և փակման հանդիսավոր արարողությունների ու մրցաշարի ընթացքում այլ միջոցառումների կազմակերպման համար: «Ակնկալվում է, որ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը կմասնակցեն ընդհանուր առմամբ շուրջ 400 միջազգային պատվիրակներ` 280 մարզիկներ և ուղեկցող անձնակազմեր: Առաջնության անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր: 2022 թվականի մայիսի 21-ից 31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն իր ծավալով և նշանակությամբ աննախադեպ է Հայաստանում երբևէ կազմակերպված սպորտային միջոցառումների շարքում։ Նույնիսկ խորհրդային տարիներին մեր երկրում նման մակարդակի սպորտային միջոցառում չի կազմակերպվել»,- նշել է Վահրամ Դումանյանը: